Հոգեբանական կախվածություն
Կախվածությունը բազմակողմանի և բավական բարդ խնդիր է: Շատերը կախվածությունը համարում են բժշկական խնդիր: Մասամբ այդպես է, սակայն կախվածության առաջացման հարցում, անկասկած, գլխավոր դեր խաղում է նաև հոգեբանական գործոնը, և հետևաբար՝ կախվածությունից ձերբազատվելու համար հոգեբանի դերը շատ նշանակալի կարող է լինել: Առողջ ընտանիքներում, որտեղ նորմալ փոխհարաբերություններ են տիրում, սոցիալական հիվանդությունների առաջացման ռիսկը ցածր է: Ընտանիքի անդամների պահանջները բավարարվում են հենց ընտանիքում: Եթե հոգեբանական պահանջմունքներն ընտանիքում չեն բավարարվում, ցանկություն է առաջանում դրանք բավարարել ընտանիքից դուրս, ստանալ ուշադրություն, սեր և աջակցություն, հետաքրքրվածություն սեփական անձի նկատմամբ: Դրան հնարավոր է հասնել, օրինակ, ոչ ֆորմալ խմբերում, այդ թվում՝ նաև թմրամոլների, հարբեցողների և այլ խմբերում: Կախվածությունը լայն հասկացություն է. չի սահմանափակվում հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ:
Կորին Սմիթը կախվածությունը սահմանում է՝ որպես բնավորության և վարքի առանձնահատկություն, որը կարելի է նկարագրել հետևյալ կերպ.
- Դուք չեք վերահսկում դա, որովհետև դա է վերահսկում ձեզ: Դուք զգում եք, որ այլընտրանք չունեք, բացի նրանից, թե ինչպես դա անեք, ինչպես դա վերցնեք, վարվեք այնպես, ինչպես դա է պահանջում: Այդ սովորությունն այնքան է արմատավորվում ձեր կյանքում, որ աննկատելի է դառնում ձեզ համար:
- Դուք դա անում եք ավելի ու ավելի հաճախ` փորձելով այնպես անել, որ ազդեցությունն ավելի ուժեղ լինի:
- Դուք սկսում եք հաճախ անել դա, երբ ձանձրույթի, միայնության, ֆիզիկական ցավի և նման այլ տհաճ զգացողություններ եք ունենում:
- Դուք զգում եք, որ այլևս չեք կարող լուծել ձեր կենսական խնդիրներն առանց դրա օգնության:
- Դուք կարող եք ձեր կյանքի նշանակալի մասը վատնել՝ դրա դեմ պայքարելով:
- Դուք կարող եք վատնել թանկարժեք կենսական էներգիան` տառապելով և փորձելով ազատվել դրանից:
- Դրա վրա է ծախսվում ձեր փողերի, ժամանակի, էներգիայի մի մասը՝ ի վնաս ավելի օգտակար բաների: Արդյունքում՝ դուք ավելի շատ եք ատում ինքներդ ձեզ այդ անիմաստ կորուստների համար:
- Դուք կորցնում եք ինքնահարգանքը, հոգևոր ուժերը, կյանքում ձեր բոլոր ձեռքբերումների (ընտանիք, կարիերա, ընկերներ), ֆիզիկական և հոգեկան առողջության քայքայման սպառնալիք է առաջանում:
- Ոմանց դա, ի վերջո, սպանում է:
Առանձնացվում է նաև քիմիական կախվածություն (ալկոհոլ, սուրճ, թեյ, ծխախոտ, հակադեպրեսանտներ և այլն) և հուզական կախվածություն (աշխատամոլություն, չափազանց տարվածություն սպորտով, ինքնախոշտանգումներ, խաղեր, ռիսկի դիմելու ձգտում, սեռական անկայունություն, անդադար միացված հեռուստացույց և այլն):
Կախվածության առաջացման օրինաչափությունները նույնն են, սակայն առաջին հայացքից հարբեցողի, սեռական կախվածություն ունեցողի և ազարտային խաղեր խաղացողի միջև քիչ ընդհանրություններ կան: Գոյություն ունեն ընդհանուր առանձնահատկություններ, որոնք պայմանավորում են նրանց միջանձնային վարքը և հուզական կախվածությունը.
- Առօրյա կյանքի խոչընդոտները դժվարությամբ են հաղթահարվում, չնայած որ տոկուն են ճգնաժամային իրավիճակներում:
- Անլիարժեքության թաքնված բարդույթ ունեն, որն ուղեկցվում է գերակայության արտաքին դրսևորումներով:
- Արտաքուստ մարդամոտ են, սակայն միաժամանակ կայուն հուզական շփման նկատմամբ վախով են լցված:
- Հակված են սուտ խոսելուն:
- Ուրիշներին մեղադրելու ձգտում ունեն` իմանալով, որ նրանք անմեղ են:
- Խուսափում են որոշումներ ընդունելու պատասխանատվությունից:
- Ունեն կարծրատիպային և կրկնվող վարքի ձև:
- Տագնապային են:
- Կախվածություն ունեն:
Նման խնդրի հետ առնչվող ընտանիքները պետք փորձեն օգնել կածվածության մեջ գտնվող անձին: Ամենաառաջնային օգնությունը համապատասխան մասնագետին՝ հոգեբանին դիմելն է: Սակայն, մեծամասնության դեպքում, նման անձինք երբեք ինքնակամ չեն դիմի հոգեբանի: Այստեղ մեծ դեր ունի ընտանիքի անդամների միջամտությունը՝ որպես ընկեր, այլ ոչ թե՝ որպես քննադատող: Փորձեք հասկանալ՝ ինչի՞ց է սկսել նրա կախվածությունը: Խոսեք, ցույց տվեք, թե որքան կործանարար իրավիճակի կարող է հանգեցնել նրա վարքը՝ նախ՝ հենց իր, ապա՝ տան անդամների համար: Ցույց տվեք, թե որքան թանկ է կյանքը, որ այն մի անգամ են ապրում: Անպայման նրա մեջ իրեն հասկանալու զգացողություն առաջացրեք: Իր նման կախվածությունից տառապող մարդկանց օրինակներ ցույց տվեք, նրանց սկզբնական կարգավիճակն ու հետագա կարգավիճակը:
Իհարկե, նման օրինակները սկսնակ դեպքերում է ավելի արդյունավետ լինում. երբ կա արդեն տևական և խորացած կախվածություն՝ նման դեպքում օգնել կարող է հոգեբանը:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան