Նոզոֆոբիա (Nosophobia). վախ հիվանդության հանդեպ
Advertisement 1000 x 90

Նոզոֆոբիա (Nosophobia). վախ հիվանդության հանդեպ

Նոզոֆոբիան կայուն և անբնական վախն է հիվանդության հանդեպ: Այս վիճակը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի վրա: Վախի զգացողությամբ ապրելը զրկում է մարդուն լիարժեք ապրելու, կենտրոնանալու և իր բոլոր կարողություններն օգտագործելու հնարավորությունից: և հիվանդության հանդեպ այս վախը մարդու խուճապի և մենակության առիթ կարող է դառնալ: Նոզոֆոբիայի ախտանշաններից են շնչառության ժամանակի կարճացումն ու հաճախացումը,անկանոն սրտի աշխատանքը, քրտնարտադրությունը և, ընդհանուր առմամբ, սարսափի և վախի զգացողությունը: Իհարկե, նոզոֆոբիան յուրաքանչյուր անհատի մոտ կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, որոնք կախված են անհատական, ժառանգական և կյանքի պայմաններից:

Ինչն է նոզոֆոբիայի (հիվանդանալու վախ) պատճառը: Բոլոր վախերի և ֆոբիաների նման, նոզոֆոբիան առաջանում է չգիտակված՝ որպես պաշտպանական մեխանիզմ: Դա կարող է կապված լինել կյանքի ընթացքում որևէ հիվանդության, դեպքի, տեսարանի կամ հոգեկան տրավմայի հետ` անձնական, հարազատների կամ այլ մարդկանց օրինակով: Այսպիսով, առաջանում են բացասական երևույթներ, և մարդը մտածում է, թե ինչքան վտանգավոր կամ անցանկալի վիճակի մեջ կարող է ընկնել հիվանդանալով, ինչքան ծանր հետևանքներ կարող է թողնել հիվանդությունը իր անձի և ընտանիքի վրա, և այսպիսի հարցերի շարանը հետապնդում է մարդուն, և այս ամենի հետևանքով հասունանում է նոզոֆոբիան:

Այս վախը հաղթահարելու համար հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ: Նախ, պետք է «մարզել» ուղեղը՝ նոզոֆոբիայի պատճառով առաջացած բացասական գրգիռները փոխարինելով բնական և դրական զգացողություններով: Այնուհետև աստիճանաբար վերականգնել վերահսկողությունը` զգացումների և ապրումների վրա: Իհարկե, կան նաև բուժական մեթոդներ (հոգեթերապիա, հիպնոս…), որոնք բարերար ազդեցություն կարող են թողնել մարդու առողջության վրա և ազատել նրան հիվանդանալու վախից` նոզոֆոբիայից:

urolog.am