Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) վեցերորդ միջազգային Տիեզերական հավելվածների մրցույթի հայաստանյան փուլը: Ապրիլի 29-30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնը համախմբել էր երիտասարդների, ովքեր ներկայացնում էին տիեզերական հավելվածների իրենց տարբերակներն ու իրենց նորարարական լուծումները 5 կատեգորիաներում:
Մտածեք և ստեղծեք. այս կատեգորիայի մարտահրավերներն են՝ մեկնաբանել NASA Earth Science տվյալների բազան նորարարական մոտեցմամբ և նախագծել նոր միջոցներ՝ փորձարկելու NASA Earth Science-ի տվյալները և տեխնոլոգիաները:
Երկիրը և մենք. այս կատեգորիայում մասնակիցները պետք է համատեղեին NASA Earth Science-ի տվյալները սոցիոլոգիական և տնտեսական տեղեկատվության հետ՝ մարդ-միջավայրի փոխազդեցության նոր հասկացողություն և հեռանկարներ ստեղծելու նպատակով:
Զգուշացեք, առջևում վտանգ կա. մասնակիցները պետք է հետազոտեին NASA-ի տվյալների բազան և գնահատեին բնական աղետների և երևույթների հետ կապված առողջական ռիսկերը, ինչպես նաև պարզեին իրենց ազդեցությունը կյանքի և գույքի վրա:
Կապույտ մոլորակ. այս կատեգորիայի մարտահրավերն է՝ վերլուծել և վիզուալիզացնել NASA-ի տվյալների բազան ջրոլորտի (մակերևութային, ստորերկրյա և այլն) և սառցոլորտի վրա (ծովային սառույց, սառույցի թիթեղներ և այլն):
Մեր էկոլոգիական միջավայրը. օգտագործելով NASA Earth Science-ի տվյալները ՝ մասնակիցները պետք է ուսումնասիրեին էկոլոգիական համակարգերը և առաջ բերեին լուծումներ այստեղ՝ Երկիր Մոլորակի վրա կյանքն ավելի լավ հասկանալու համար:
Nasa Space Apps Challeng-ը մրցութային ֆորմատ է, որտեղ 48 ժամվա ընթացքում մասնակիցները վերջնական տեսքի են բերում և ներկայացնում իրենց նորարարական լուծումները: Հայաստանում այս մրցույթն անցկացվում է 24 ժամում: Մրցույթի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակում են և նախ՝ տեղական, այնուհետև՝ միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնում իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:
Մասնակիցները պետք է ստեղծեին մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն, մարտահրավերների լուծումներ առաջարկել՝ օգտագործելով NASA-ի և այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:
24 ժամ տևած աշխատանքներից հետո հայտնի են դարձել մրցույթի հաղթողները: Գևորգ Հովհաննիսյանի և Գուրգեն Հայրապետյանի Locotech թիմը գրավեց առաջին հորիզոնականը: Թիմը ներկայացնում էր Խելացի այգի համակարգ, որը կախված #NASAEarth-ի տված տվյալներից՝ կարող է այգին ինքնուրույն ջրել, տեղեկացնել ձեզ, եթե այգում անցանկալի հյուր է հայտնվել, և այլն:
Հաղթելով մրցույթի հայաստանյան փուլը՝ թիմը մասնակցելու է գլոբալ ժուրրի քվեարկությանը:
Մրցույթում երկրորդը VON թիմն է: Թիմի ներկայացուցիչները ստեղծել են բառարան, որտեղ ամփոփված են գիտատեխնիկական տերմիններ: Կայքի գրանցված օգտատերերը հնարավորություն կունենան խմբագրել տերմինները, ինչպես նաև՝ ավելացնել նորերը: Թիմն իր լուծումն անվանել է Երկրի բառարանը (The dictionary of Earth) և կարծում է, որ բառարանը միակ աղբյուրն է, որտեղ կարող եք գտնել NASA-ի կողմից օգտագործված բառերը և տերմինները:
Հիշեցնենք, որ մրցույթը Հայաստանում անցկացվում էր երկրորդ անգամ: Այս անգամ ևս մրցույթի աջակիցներից էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Բյուրականի աստղադիտարանը համախմբել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցներին: Հպարտ եմ արձանագրել, որ նրանք իրենց առջև դրված առաջադրանքի իրականացման ընթացքում օգտվելու են մեր տրամադրած գերարագ կապից: Աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումներն անգնահատելի են: Գիտության հանդեպ այս երիտասարդների սերն ու ձգտումը թույլ են տալիս հավատալու, որ այդ ավանդույթները շարունակվելու են, և ոլորտի հետագա զարգացումը երաշխավորված է լինելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ այս տարի մասնակիցների թիվն ավելին էր, քան նախորդ տարի:
Սիրարփի Աղաբաբյան