Գնում եմ, բայց ինձ կբերեն, իմ ոտքով ես այլևս մեր տուն չեմ վերադառնա,- հիվանդանոց գնալիս կանխազգացել էր բանաստեղծ, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանը: Նա վախճանվեց 2002 թվականի հունիսի 23-ին, Երևանում, 78 տարեկանում:
Այդ օրվանից զավակների առաջարկով միջոցառումներ են կազմակերպվում ոչ թե մահվան տարելիցի, այլ ծննդյան տարեդարձի օրերին: Հերթական միջոցառումն էր Լոռու մարզային գրադարանում:
«Դու անկործան վանք կմնաս» խորագրով գրական երեկոյի գաղափարը գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանինն էր:
«Քանի որ գրողի թոռնուհին՝ Մանե Մուրադյանն, այստեղ է աշխատում, կարող է տպավորություն լինել, թե նա է առաջարկել, սակայն ուզում եմ հատուկ ընգծել, որ Մկրտիչ Սարգսյան գրողի մասին խոսելը համազգային անհրաժեշտություն է»- նշում է Կարինե Հակոբյանը: