Հայ բաժանորդները՝ բջջային խարդախության զոհ. Ինչպե՞ս խուսափել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայ բաժանորդները՝ բջջային խարդախության զոհ. Ինչպե՞ս խուսափել

Վերջին օրերին հայ բաժանորդներից շատերը կրկին հայտնվել են ծուղակում: Օրվա տարբեր ժամերին, հատկապես ՝ գիշերը, հայ բաժանորդներին զանգահարում են +385 կոդով սկսվող համարներից: Ինչպես պարզվել է, այս զանգերը կատարվում են Բոսնիա և Հերցոգովինայից:

Կիբերանվտանգության ոլորտում աշխատող մասնագետները, ինչպես նաև բջջային օպերատորները հորդորում են բաժանորդներին հետ չզանգահարել այդ համարներով, քանի որ նրանք կհայտնվեն ծուղակում և լուրջ ֆինանսական կորուստներ կունենան:

Այս առիթով հայտարարությամբ էր հանդես եկել Սամվել Մարտիրոսյանը, ով տեսաուղերձով հորդորում էր բաժանորդներին ոչ մի դեպքում հետ չզանգահարել, կլինի զանգը Բոսնիա և Հերցոգովինայից, թե, օրինակ՝ Կոսովոյից:

Զանգերին չպատասխանելու հորդորով է հանդես եկել նաև ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ընկերության տնօրեն  Սամվել Գևորգյանը:

Սամվել Գևորգյանը ծանոթացնում է այն խարդախություններն, որոնք հնարավոր են, եթե պատասխանեք նմանատիպ համարներով զանգերին, կամ հետ զանգահարեք:

«Որպես կանոն, նման խարդախություններն իրագործվում են հետևյալ մեթոդներով՝

Բջջային ցանցի բաժանորդների հեռախոսները վարակել որևէ վնասակար ծրագրի միջոցով, ինչն էլ բաժանորդի անունից կկատարի ելքային զանգեր՝ վնասակար ծրագրում նշված միջազգային հեռախոսահամարներին:

Հաջորդաբար կամ միաժամանակ զանգ ուղղել բոլոր բջջային օպերատորների բոլոր բաժանորդների հեռախոսահամարներին՝ հաշվի առնելով հեռախոսահամարների հաջորդական լինելու սկզբունքը:

Հաջորդաբար կամ միաժամանակ կարճ հաղորդագրություն ուղարկել բոլոր բջջային օպերատորների բոլոր բաժանորդների հեռախոսահամարներին՝ նշելով, թե առկա է բաց թողնված զանգ նշված հեռախոսահամարից»,- նշում է Սամվել Գևորգյանը:

Նման բջջային խարդախություններ վերջին տարիներին շատ են կատարվում Հայաստանում: Պարտադիր չէ, որ համարը լինի վերոնշյալ կոդով: Մասնագետները խորհուրդ են տալիս առհասարակ խուսափել տարօրինակ և ոչ սովորական համարներով զանգերից: Նմանատիպ զանգերին պատասխանելու, կամ հետ զանգահարելու դեպքում զանգահարողները կարող են վարակել ձեր հեռախոսը, ինչի շնորհիվ թույլտվություն կունենան օգտվել ձեր հաշիվներից  կամ կապերից, կարող են մուտք գործել ձեր բանկային հաշիվներ, և այլն:

Սիրարփի Աղաբաբյան