ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակիչներից մեկը 59 կիլոգրամ քաշով պիթոն է բռնել: Տեղի ունեցածի տեսագրությունը հրապարակել է CBS News հեռուստաալիքը: Սպանված օձից դուրս են բերել 78 ձու:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, որսորդ Դասթի Քրամը խոլորձներ է աճեցնում, իսկ ազատ ժամանակ զբաղվում է պիթոններ որսալով:
59 կիլոգրամանոց օձն ամենախոշորը դարձավ նրա ավարներից:
Նշվում է, որ այդ մարդը ջրային ռեսուրսների տեղի դեպարտամենտից (The South Florida Water Management District) 375 դոլար է ստացել սողունին որսալու և մոտավորապես նույնքան գումար էլ՝ նրա կաշին վաճառելու համար:
Ինչպես նշված է հոլովակին կից գրության մեջ, ամենախոշոր պիթոնը, որը բռնել են Հարավային Ֆլորիդայում, եղել է 72 կիլոգրամ քաշով 5,5 մետրանոց օձը: