Հրանտ Մաթևոսյան. «Թափանցիկ օր»
Advertisement 1000 x 90

Հրանտ Մաթևոսյան. «Թափանցիկ օր»

– Քեզ են հարցնում:

– Շնորհակալություն:

Ձեռքս գրպանիս մեջ, բարձրահասակ, գեղեցիկ, մաքուր՝ ես վերցնում եմ ընկալուչը և ձգում ֆրանսերեն առոգանությամբ. «Ալո՜»: Եվ ինձանից գոհ եմ, որովհետև ահա երեկվա գյուղացի, հիմա լրիվ ազատված հովիվ դառնալու՝ կարկուտից ծեծվելու և հոդացավից տրորվելու վտանգից, նստում եմ ապահով մի տեղ, հեռախոս ունենալու չափ կարևոր մարդ եմ, ընկերներս նշանավորներ են և ես էլ, ուրեմն, նշանավոր եմ: «Ալո՜»:

– Դու մի ժամանակ ուզում էիր Անի գնանք:

– Ա՜, շատ բան էի ուզում:

– Ես եմ, դու ես, Մինասն է, քենին, ճարտարապետներից մի երկու հոգի:

Շոգ է, Մասսի ձյուները մարմրում են, խաղողը շրշյունով լցվում է քաղցրությամբ, մի քիչ՝ մի հիսուն գրամ կոնյակ է, քենին նայլոնե թեթև գլխաշոր է կապում, օծանվում է՝ որպեսզի չսևանա, ծխագույն ակնոցը արտասահմանյան ու շատ լավն է, հարկավոր է մի քիչ սուրճ խմել: «Այդ Գարսիա Լորկա ասվածը մեր Իսահակյանի իսպանական տեսակն է»: «Այո, հիանալի պոեզիա ունենք»:

– Բայց ինչո՞ւ ես ծիծաղում:

– Լավ եմ անում:

– Ասա, մենք էլ ծիծաղենք:

– Հապա կասե՞մ:

Սայլվոր չեմ ու եզանս ոտը հեռու ճամփաների վրա չի կոտրվել, բրիգադիրը հետս չի կռվելու, հեռու-հեռավոր ճարտարապետ բառի փոխարեն հարաբերվում եմ իրական ճարտարապետների, նկարիչ Մինասի որոշ գործեր շատ լավն են, մի քանիսը չեմ ընդունում, նկարիչ Մինասի հետ խոսելիս աշխարհն իր քաղաքակրթության լավագույն մասով գալիս հունցվում է մեր լեզվի մեջ: Սեզան կա, Մանե կա, կարծեմ Մոնե էլ կա, պիտի ասեի փոցխ՝ ասում եմ Սեզան, պիտի ասեի դաբաղ՝ ասում եմ «երեկ էդ ի՞նչ չեխեր են եղել քո արվեստանոցում», գայլի հարայը և շների ու հովվի տագնապը մութ ուրթերում՝ հեռավոր երազանք է ինձ համար, հոդացավով անձրև գուշակելը քնարերգություն է, ինչպես միջնադարյան մորեխի ամպերն այսօրվա գյուղացու համար: Մի հոգատար-հոգատար ձեռք արտի միջից ինձ վերցրեց, դրեց քաղաքում բազկաթոռի մեջ: Եվ ուրախությունից՝ որ այլևս հնձվոր չեմ, երբեմն քննադատում եմ հնձվորներին: Հովիվներին՝ նույնպես:

Ղեկավարությանը՝ նույնպես: Նաև՝ Մաո Ցզեդունին: «Այս կամուրջը,- ասել է Մաոն և խոսքը ոսկեգրվել է կամուրջին,- կապում է գետի այս ափը գետի մյուս ափին»: Ես՝ հովվի տղա հովվացու, ահա քմծիծաղով եմ հիշում չինական աստծուն: Ես՝ գյուղացու զավակ գյուղացի, ասֆալտը ահա լիովին յուրացրել ու ասում եմ, որ ասֆալտը դարուփոսեր չի ունենալու: Իմն են այս «Վոլգա» մեքենան, այս հարյուրանոց արագությունը, այս նայլոնե գլխաշորը, ծաղկազարդ թերմոսն ու միջի սուրճը, այս այգիների հղի ալարկոտությունը, քաղաքանման գյուղերն ու նկարեն Արագածը, ճանապարհ հանված աղբյուրը, հնօրյա իջևանատունը, ամպերի պես փռված հոտերն ու ծաղկի բույրով շրջող հովը: Եվ՝ արտերի ծովը և Գյումրի քաղաքը: Եվ՝ սահմանապահների ռոստովցի հրամանատարն ու սահմանի բերան ուղեկցելու նրա զուսպ պատրաստակամությունը: Եվ՝ այն զգացողությունը, թե իմ երկիրն սկսվում է Մասիսներից ու վերջանում Չուկոտկայով: Ես մի տեղ Շիրակն ու Կուբանը խառնում եմ իրար, ինչպես ռուսն է խառնում ղրիմյան ու արարատյան խաղողները:

Եվ ահա այսպես երջանիկ, այսպես հզոր՝ կանգնել եմ իմ նույնքան երջանիկ ու հզոր ընկերների մեջ դիտարանի գլխին, հեռադիտակի ետև, և կանաչ ամայության մեջ օրորվում են գլխատված սլացումները: Կինոներում ավելի լավերն եմ տեսել ու ավելի մանրամասնորեն: Եվ Երևանն էլ յոթ Անի արժե, և ես Երևանի բնակիչ եմ:

– Ինչո՞ւ ես լաց լինում:

Մեր սարերում թուրքի ուրթեր կային: Գալիս էին իրենց դեղին հովիտներից, մեր սարերում կարմրում, ճաքճքում, բարձում իրենց քոչը իրենց եզներին ու հո հա հո՝ էլի իրենց դեղին հովիտները:

Հիմա, մեծ հորեղբորս հետ գնացել ենք նրանցից յուղ առնելու, իմ կյանքում առաջին անգամ ուրիշ լեզվի խոսակցություն եմ լսում ու վախենում եմ: Աշխույժ, հայհոյող, թաքուն խփող ու աշկարա ժպտացող սատանի ճուտ երեխեք են, մի տեսակ՝ չմտածող աչքերով: Ես նրանց մեկ էլ քսան տարի հետո երազում տեսա. Կարնո բերդն էր իբր, կավե պարիսպներ ու այդ երեխեքը, ու երեսուն տարեկան՝ ես երազում էլ վախեցա:

Նրանց մեջ մեկը կար, ծնկները գրկած նստել էր ու մի քիչ ապուշավուն խոշոր աչքերով կարծես նայում էր մեզ, կարծես ոչնչի էլ չէր նայում: Մի կին ձայն տվեց նրան՝ նա տեղից ելնելու պես շարժվեց, կարծես թե գնաց, բայց մեկ էլ կինը նորից կանչեց, նա ուրեմն չէր գնացել: Կինը փեշերը շարժելով եկավ՝ որ նրան ծեծի, նա կտրուկ վեր կացավ, կարծես մի երկու քայլ փախավ էլ, բայց հետո ալարե՞ց թե մոռացավ՝ որ փախչելու էր:

Կիսաճաղատ, եռանկյուն աչքերով բարձրաքիթ հորեղբայրս այնտեղ սակարկում էր. նրանց դրած գինը իրեն, չէ, ձեռ չէր տալիս, նրանց չարչիությունից իբր թե նեղացած՝ ետ էր քաշվում գնալու և, իբր թե դա վերջնական հրաժարումն է, ինձ էլ ասում էր՝ «վեր կաց գնանք, տղա» և աչքով էր անում: Նա գյուղում մերոնց և ճանապարհին ինձ պարծենալով ասել էր՝ «կտեսնեք թե հորեղբայրը թուրքերին ոնց է խաբում», և հիմա ինձ ու իրեն ցույց էր տալիս, թե ահա-ահա խաբել է: Նրանք այն է հորեղբորս գնին էին իջնում, մեկ էլ սա ալարեց սակարկելուց կամ մոռացավ որ պիտի խաբեր, «լավ, ասաց, քանիսով տալիս եք տվեք»: Նրանք ծախեցին իրենց ուզած գնով, ուզածների պես էլ կովի կարագին ոչխարի էին խառնել, հարսներն էլ տանը նրա հետ առանձին կռվեցին, բայց դա այլևս նրա հոգսը չէր, նրա ուշքը հիմա ուրիշ բանի էր: Նա նկատել էր ծնկները գրկած տղային, նայում էր: Կշեռքի լուծը թողեց, իր գործը մոռացավ ու կանչեց տղային:

– Էստեղ արի, հայի տղա:

Ականջը ուրթի իրիկնային ձայներին՝ երեխան ձորերի աղջամուղջին էր նայում, աչքերը խոշոր բացած ու կարծես թե մի քիչ շիլ՝ նստած էր անշարժ, անարձագանք:

– Հայի չի՞,- շփոթվեց հորեղբայրս:

– Հայի է, հայի,- ասացին,- կարագիդ նայիր՝ որ հետո չասես, թե խաբել ենք:

– Հը՜,- պարծեցավ հորեղբայրս,- հազարի մեջ գցիր՝ արյունս կջոկեմ:

Տղան հիմա ճիպոտն առել ու ցուլին ծեծում էր: Խփում էր դնչին, աչքերին, պոզերին ու հազիվ թե ցավեցնում էր: Ցուլը մի քայլ առաջ գար՝ այդ թիզուկեսին կճզմեր, բայց նա մտել էր դնչի տակ ու խփում էր վրա-վրա, ջղային, ընկնել-ելնելով ու անհավասար, թվում էր՝ ամեն րոպե զղջում է խփելու համար: Ցուլը շուռ եկավ փախչելու, մյուս երեխաները շների հետ ետևից ընկան, իսկ տղան դարձյալ նստել էր ծնկները գրկած և նայում էր մթնով լիքը ձորերին:

– Հազարի մեջ արյունս կճանաչեմ,- դարձյալ մրմնջաց հորեղբայրս, կարծես մեծ բան էր այդ ճանաչելը:

– Կջոկեմ հազարի միջից,- ասաց, երբ ինձ դնում էր թամբին, բեռների մեջ:

Այն հին տարիներին իր Զանգեզուրում լավ հայտնի մեկը, ազգամիջյան ու քաղաքացիական կռիվներում ծեծված ու ծեծած, դեպքերի կենտրոնում՝ գլուխ չի հանում այս երկրի դեպքերից, Արաքսն անցնում է, իջնում Թավրիզ: Թավրիզ նստում է իր առևտրին, և փափուկ կյանքը նինջ է բերում, և վառոդի խանձահոտը ռունգներում մարմրում է, ինչպես խիստ տաք ու խիստ սառը երեկվա օրը՝ հիշողության արահետներում: Այս իմ դարպասն է, այս իմ տունն է, այս իմ բարձն է, այս՝ իմ կինն ու երեխաները:

– Հայաստանը դեռ կա՞, իր տեղո՞ւմ է:

Հայաստանը կար, պարտավոր էր լինել, որովհետև որդին ահա հիվանդացավ հայրենախտով: Տեր աստված, տեր աստված… աշխարհում հազար տեսակի ցավ ու հազար էլ դեղուճար կա, իսկ լակոտն ահա հիվանդացավ հայրենախտով: Բժիշկն ասաց, որ դա կենդանական հիվանդություն է, մարդու հիվանդություն չի, պարսկական վագրն օրինակ չի ապրի, ասենք թե, Գերմանիայում և այլն, բժիշկը դեղեր տվեց և ասաց, որ դրանք սուտ բաներ են, երեխային իր հայրենիքն է բուժելու:

– Որտե՞ղ է ծնվել,- հարցրեց բժիշկը:

– Զանգեզուր է ինչ է, Ղափան:

– Որտե՞ղ է,- հարցրեց բժիշկը:

– Արաքս է, ինչ է, դրանից դենը, Ռուսաստան:

– Չգիտեմ,- ասաց բժիշկը,- երեխադ քեզ համար թա՞նկ է՝ կտանես, չե՞ս կարող՝ բժշկությունն այստեղ անզոր է:

Տեր աստված, տեր աստված… այսպես եղել է մեկ էլ պարսկական հաշիշե հին հեքիաթներում, տասը հազար տարի առաջ, և մեկ էլ եղավ Թավրիզ, Գերասիմ Աթաջանյանի ընտանիքում, 1927 թվին:

Անցյալով հակակոմունիստ Գերասիմ Աթաջանյանը կապեց մաուզերը, տղային ետևը գցեց, Արաքսը գիշերն անցավ, բարձրացավ սարերը:

Արևի զնգոցով կապույտ կիրճերի ու դեղին սարերի առավոտ եղավ – ծուխ էին տալիս այնտեղ Արծվանիկի ուրթը, այնտեղ Գեղանուշի, այնտեղ Դավիթ Բեկի, այնտեղ Ծավի ուրթերը: Կապույտ մշուշ էին ծխում հեռու անտառները, ձորերի ձորերը, ոսկեփոշի էին ցնդում գագաթների գագաթները: Եվ Գերասիմը տեսավ, որ, չէ, կենդանախտով միայն երեխան չի հիվանդ:

Առավոտ եղավ – կարմիր միլիցիայի ջոկատը շարվեց Գորիսի հեղկոմի դռանը և հրահանգով, մարշ՝ սահմանախախտ Գերասիմ Աթաջանյանին ձերբակալելու:

– Գյանջունց Սիմոն,- ծերպերում դարանած՝ կանչեց Գերասիմ Աթաջանյանը,- Գյանջունց Սիմոն, մարդ եղիր՝ տմարդի մի եղիր, երեխան հիվանդ է:

– Աթաջանանց Գերասիմ,- կանչեց կարմիր միլպետը,- կարծում էիր Թավրիզ փախչելով կազատվե՞ս, դուրս արի հանձնվիր:

– Գյանջունց Սիմոն, քանի դեռ արյունդ մեջդ է՝ գործիդ գնա:

Լավ կրակողի նրա համբավը, երեխան, հաջող թաքստոցը և այն միտքը՝ որ այս սարերը նաև Գերասիմինն են, կարմիր ջոկատին ստիպեցին ետ դառնալ առանց Աթաջանյանի, խաղաղ զրուցելով իջնել սարերից, բարձրանալ սարերը, իջնել Գորիս և զեկուցել, թե սահմանախախտ չկա: Իսկ սահմանախախտը վերուվար էր անում մանկության օրերի արահետներով, ծարավ՝ հին սառը աղբյուրներից ջուր էր խմում և որդուն ասում էր.

– Էս՝ Ցուրտ աղբյուրն է, էս՝ Կույր աղբյուրն է, հիշիր, էն՝ Արջուտ ձորն է: Էս՝ կաղնի է: Ոսկի չի, աշխարքը լիքը կաղնի է, բայց սա հատուկ ծառ է. սա էն ծառն է՝ որ մեր պապի կողքին է եղել ու հիմա մեր կողքին է: Թավրիզից եթե Եգիպտոս ու Ամերիկա էլ անցնես՝ սա քո ծառն է, քեզ հետ գալու է: Պիտի հիվանդանաս, պիտի ասեն ի՞նչ ես ուզում, պիտի ասես՝ էն կաղնին, որ մեր պապերի կողքին ապրում էր:

Եվ նայում էր Գերասիմն ու տեսնում իր պապին՝ որ կացինը գոտում, ահա դանդաղ զառիվերում էր շավղով և նրա ետևից դանդաղ գնում էր նրա չալ շունը: Գերասիմը ճանաչում էր շանը, դա իր տոհմի յոթ հարյուր բողարներից երկու հարյուր քսաներորդն էր, որ անմնացորդ փոխադրում էր իր ոչխարապահ նախնիների բնազդներն ու խելքը իր հետնորդների համար:

Եվ նայում էր Գերասիմն ու տեսնում թշերը կարմիր մանուկ Գերասիմին, բեղատեղին քրտինք պատանի Գերասիմին, հոնքը կեռած երիտասարդ Գերասիմին, որ ձորից առաջ ու ետ անելով բարձրանում էին աղբյուր: Եվ ականջ էր պահում Գերասիմն ու լսում իր բոլոր հասակների ձայները հավերժորեն նույն լանջերում և այն ձայները, որ լսել էր պատմելով: Կարմիր կակաչի ծով էր, կանաչից էլ կանաչ արտեր էին, արտույտների համերգ էր, և այդ բոլորը բազմապատկվում էին, որովհետև նրա համար կարմրում, կանաչում ու խշշում էին իր բոլոր հասակների կակաչները, արտույտներն ու արտերը:

Այդ ամառ մինչև աշուն և դարձյալ երկու լրիվ ամառ մինչև խոր աշուն, երբ սարերի զովը դառնում է ցուրտ և ուրթերը դատարկվում են, օջախները ծուխ չեն ծխում և սարերը ամայության մեջ կանաչում են աշնան վերջին կանաչով, այդպես՝ Գերասիմ Աթաջանյանը որդու հետ ապրեց սարերում, ապա ետ նայելով իջավ Թավրիզ: Որդին առողջացել էր, հիվանդացել էր ինքը: Պետք էին իր սարերը՝ որ Արաքսի այս կողմն էին, և Արաքսի այս կողմն էր նաև իր անցյալը:

Գրող Անտոն Չեխովը ձանձրացավ իր Մոսկվայից, ելավ գնաց իր Վոլգայի վրայով իր Ուրալ, Ուրալով Արևմտյան Սիբիր, Արևելյան Սիբիր, իր Իրկուտիա, իր Յակուտիա, իր Հեռավոր Արևելք, իր Ամուրով՝ իր Սախալին: Գնաց պտտվեց, ճամփորդական նոթերի «Սախալին» գիրքը թևի տակ եկավ իր Մոսկվա:

Գրող Դերենիկ Դեմիրճյանը ձանձրացավ իր Երևանից, դուրս եկավ ճամփորդելու մինչև իր Սախալին՝ դա երկու ժամվա ճանապարհի վրա էր. Սևանի սարն անցավ, իջավ Դիլիջանի կիրճ, ձորով գնաց և որտեղ կիրճը հովիտ էր դառնում՝ Դեմիրճյանն ասաց.

– Այստեղ Վարդանը մի կարճ կռիվ է տվել:- Եվ ասաց ադրբեջանցի բոստանչուն.- Նե՞ վար նե՞ յոխ, ա քիրվա, քեփ, հալ…

Եվ մեքենայի գլուխը շրջեց դեպի Հայաստան աշխարհի մյուս ծայրը – մյուս ծայրը չորս ժամվա ճանապարհի վերջն էր: «Նե՞ վար նե յոխ, ա քիրվա»: Չորս ժամում վատ սովորող աշակերտը կարող է չորս հատ անբավարար ստանալ, լավ սովորողը՝ չորս հատ գերազանց, հրթիռը լուսնին մի քիչ էլ կմոտենա, ծովը մի քիչ էլ կալեբախվի ինքն իր մեջ, Մատենադարանի կապույտ որձաքարը մի քանի գուներանգ էլ կփոխի, բայց չորս ժամը, չէ, չի դառնա նոթերի գիրք:

Վեց ժամ հետո Դերենիկ Դեմիրճյանը եկավ տուն.

– Ոտի տակ տվինք Հայաստան աշխարհը: Եղանք Հայաստան աշխարհի Գուգարք աշխարհում, Կոտայք աշխարհում, Ծաղկոտն գավառում, Այրարատ Մեծ աշխարհում, Սյունիք աշխարհում, Սիսական գավառում, Շիրակ աշխարհում:

Նապոլեոնի գործերը հաջող գնային – Ռուսաստանը նրա նպատակը չէր, Կովկասով իջնելու էր Հնդկաստան՝ ճանապարհին կործանելով Օսմանյան կայսրությունը, ստեղծելով Հայոց թագավորություն: Եվ ասելու էր իր բանակի հայ զորավար Իոակին Մյուրատին՝ Հովակիմ Մուրադյանին. «Ստացիր, Մյուրատ, քո կորսված հայրենիքը»: Միայն թե Նապոլեոնի գործերը Բորոդինոյում ձախողվեցին, որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ հարբուխի պատճառով:

Միամի՜տ, սիրելի՜, թո՜ւյլ, հավատավոր…

hrantmatevossian.org