Ես շատ եմ ծխում, շատ եմ խմում, օրս երբեք չեմ պլանավորում: Եվ դա ինձ դուր է գալիս:
Կարևորը հետույքն է: Տղամարդը կարող է 12 ժամ նստել սեղանի մոտ, իսկ կինը՝ ոչ: Այդ է պատճառը, որ կան մեծ գրող տղամարդիկ, բայց ոչ մի մեծ գրող կին չկա:
30 տարին հիմա համարվում է պատանի տարիք: Մարդիկ հիմա երկար են ապրում: 30-ամյա մարդը դեռ տղեկ է, դեռ վազվզում է փողոցում:
Եթե վաղը Էստոնիան մեզ պատերազմ հայտարարի, նա մեզ կհաղթի: Ես այդպես կատակում էի 1993թ., սակայն մի տարի անց կատակս իրականություն դարձավ. մենք պատերազմ հայտարարեցինք փոքրիկ Չեչնիային և խայտառակ կերպով տանուլ տվեցինք: Մասամբ այն պատճառով, որ այն ժամանակ լավ կինո ու գրականություն չունեինք: Ի՞նչ, մի՞թե Ստալինն է հաղթել պատերազմում, թե՞ Ժուկովն ու Վորոշիլովը՝ այդ խղճուկ զորահրամանատարները: Պատերազմում հաղթել է ժողովուրդը, և հիմնականում՝ շնորհիվ այն բանի, որ փոքր հասակից մարդկանց գլուխը լցնում էին, որ պետք է սիրել հայրենիքը: Նրանք կարդում էին համապատասխան գրքեր, կինո էին նայում: Ես, օրինակ, մի տարով ավելացրել էի իմ տարիքը, որ ավելի շուտ մտնեմ Կոմերիտմիության շարքերը, քանի որ ուշքս գնում էր «Երիտասարդ գվարդիայի» համար: Ահա թե ինչ են գրականությունն ու կինոն: Նրանք պետք է ուժ տան:
Իմ որդին նույնպես կինոռեժիսոր է, բավականին հայտնի, բայց նա երբեք իր պլանների մասին ինձ չի պատմում: «Եվ ընդհանրապես,- ասում է նա,- գիտես թե իմ սիրած ռեժիսորը դո՞ւ ես: Իմ ամենասիրած ռեժիսորը Խուցիևն է»: Բայց Խուցիևի հետ նույնպես չի խորհրդակցում:
Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում նրանում, որ ես «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ եմ: Դա ինձ համար լծակ է: Եվ նրանց անընդհատ ասում եմ՝ չի կարելի ԽՄԿԿ դառնալ: Ես այնտեղ եմ, որպեսզի կուսակցության մեջ չհամաձայնողներ ևս լինեն:
Վիսոցկին իմ «Ուղղահայաց» ֆիլմում ալպինիստների հետ լեռները չի բարձրանում, նա երգում է նրանց մասին՝ վրանում նստած: Իսկ ես և՛ երգում եմ, և՛ լեռներն եմ մագլցում: Եվ միլիոնավոր ընտրողներ ունեմ:
Պուտինը ինձ համար սև արկղ է:
Վայներները, ստեղծելով հիանալի մի գործ՝ «Բարեսրտության դարաշրջանը», երբեք էլ այն իրենց լավագույն գիրքը չեն համարել: Ես նույնպես իմ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմն իմ լավագույն գործը չեմ համարել: Գրողներն ու ռեժիսորները միշտ էլ այդպիսին են:
Իմ լավագույն ֆիլմը «Վորոշիլովյան հրաձիգն» է: Ես ինքս իշխանության ներկայացուցիչ եմ, բայց արդարացնում եմ ծերուկին, որ որոշել է վրեժ լուծել: Դա նույնիսկ վրեժ չէ, այլ հատուցում, արդար պատիժ, որ պետք է իրագործեր պետությունը: Եթե հանցագործը չի պատժվում, մարդիկ սկսում են ապրել ջունգլիների օրենքներով:
Կինը տղամարդուց խելացի է: Տղամարդը մտածում է ապագա կարիերայի մասին, իսկ կինը՝ երեխաների, այսինքն՝ թե ինչ երկրում են նրանք ապրելու, ինչ է լինելու այդ երկրի հետ:
Երբ երկրում նման բաներ են կատարվում, ռեժիսորների ու գրողների համար առաջին պլանում պետք է հայտնվի քաղաքացիական հասարակությունը: Այսօր ապաքաղաքականության մասին խոսելը ստորություն է:
Ես եվրոպական մշակույթը կրող մարդ եմ: Ես գիտեմ եվրոպական լեզուներ, բայց սիրտս խառնում է, երբ ռուսները սկսում են հաճոյանալ օտարերկրացիներին: Պետք է ապրել սեփական խելքով:
Ժան-Ժակ Ռուսոն «Էմիլում» գրում է, որ Էմիլի գրադարանը կազմված է լինելու միայն մի գրքից: Կարծում եք՝ դա Աստվածաշո՞ւնչն է: Ոչ, «Ռոբինզոն Կրուզոն»: Եվ մինչև մարդկության ճաշակը չփչանա, այդ գիրքը պետք է համարել մեծագույնը: Ես ևս միշտ այդպես եմ կարծել, սակայն ամաչում էի բարձրաձայն ասել, մինչև չկարդացի այդ տողերը: Ռոբինզոն Կրուզոն մի մարդ է, որը ոչ մի դեպքում, անկախ հանգամանքներից, չէր կարող զոհվել, քանի որ հսկայական ոգու տեր էր:
«3 Միլիոն»
15 Հոկտեմբեր, 2007