
Անհայտ ցանցահենները պնդում են, թե կարողացել են տիրանալ Walt Disney ընկերության դեռևս էկրան չբարձրացած ֆիլմերից մեկին և փրկագին են պահանջում, ինչի մասին պատմել է ստուդիայի ղեկավար Բոբ Այգերը, տեղեկացնում է BBC-ին:
Այգերի խոսքով՝ չարագործները պահանջել են վիթխարի գումար բիթքոիններով՝ այլապես սպառնալով, որ նախ հանրության ցուցադրությանը կներկայացնեն ֆիլմի հինգրոպեանոց հատվածը, իսկ այնուհետև կհրապարակեն 20-րոպեանոց մասեր, քանի դեռ փողը չի վճարվի:
Նա չի հայտնել, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ ընկերությունը մտադիր չէ փրկագին վճարել:
Ամերիկյան Deadline հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է, որ խոսքը վերաբերում է «Կարիբյան ծովի ավազակները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմին, որն ԱՄՆ-ի վարձույթ է դուրս գալիս մայիսի 26-ին: Դա կինոսագայի հինգերորդ մասն է, կինոսագա, որը համաշխարհային վարձույթում ընդհանուր առմամբ 3,7 միլիարդ դոլար է հավաքել: