Մանկական հոգեթերապիան և նրա գործընթացի առանձնահատկությունները
Հետևելով մանկական հոգեթերապիայի արդիական դերին, կարևոր համարեցի անրադարձն այդ երևույթի բովանդակությանը, անցկացման առանձնահատկությանը, փուլերի առանձնացմանը և, որ ամենակարևորն է, ծնողների սպասումների և իրականության համապատասխանությանը: Մեր իրականության մեջ ծնողները հիմնականում այն ժամանակ են դիմում մանկական հոգեբանի, երբ կա որոշակի անհասկանալի, անհարթ փոխհարաբերություններ սեփական երեխայի և նրա կողմից դրսևորվող վարքի միջև: Դիմելով մասնագետի՝ ծնողներն ակնկալում են երեխայի հետ տարվող աշխատանքից հետո ունենալ լուռ, հնազանդ և հանգիստ երեխա: Սակայն հարց է առաջանում. արդյո±ք դա է առողջ երեխայի կերպարը:
Միգուցե հոդվածը ծնողների համար անընդունելի բովանդակություն պարունակող հատվածներ ունենա, այնուհանդերձ, կցանկանայի, որ յուրաքանչյուր ծնող սա ընթերցեր ոչ թե՝ որպես իր կերպարի քննադատություն, այլ՝ որպես տեղեկատվություն, որն ավելի հասկանալի է դարձնում երեխայի անհասկանալի վարքը, օգնում է հանդուրժողականությամբ հասնել և՛ ներդաշնակ փոխհարաբերությունների, և° երեխայի ներդաշնակ հոգեկան զարգացմանը:
Նախ՝ հակիրճ անրադառնանք մանկական հոգեթերապիայի զարգացման և ձևավորման պատմությանը: Մանկական հոգեթերապիան նոր ճյուղ է, որը ժամանակի պահանջներին համընթաց զարգացում է ապրում և ակտիվ կիրառվում մեր օրերում: Որպես աշխատանք՝ առաջին անգամ երեխայի հետ հոգեթերապևտիկ գործընթաց կատարել է Զիգմունդ Ֆրոյդը, երբ աշխատում էր հինգամյա տղայի վախի հետ: Հետագայում դրան անրադարձել են Դոնալդ Վիննիկոտը, Ֆրանսոազ Դոլտոն, Մելանի Կլայնը, Աննա Ֆրոյդը և այլք: Զիգմունդ Ֆրոյդի աշխատանքում, արդյունավետ աշխատանք իրականացնելու համար անխուսափելիորեն կարևորվում էր ծնողի դերը: Առհասարակ, մանկական հոգեթերապիան համագործակցություն է ծնող-հոգեբան կոնտեքստում: Եվ քանի որ կա պատճառահետևանքային կապ, այն է՝ հոգեբանի յուրաքանչյուր աշխատանք երեխայի հետ, լինի դա կոգնիտիվ, վարքային, սոցիալ դերային, պետք է ամրապնդվի ծնողի կողմից առօրյայում: Աշխատանքը երբեք արդյունավետ չի լինի, եթե այդ աշխատանքը տարվի հոգեբանի սենյակում, իսկ տանը երեխային վերաբերվեն նույն խնդրի շեշտումով և ամրապնդմամբ՝ պատիժ, անվանարկում, զրկանք, և այլն:
Ծնողի դերը տվյալ փուլում կարևորելուց զատ, պետք է կարևորել այն հաջորդ փուլում՝ սպասելիքների և արդյունքի ընդունման: Ծնողներից շատերը դիմելով մասնագետի՝ արդյունքում՝ սպասում են երեխայի վարքի փոփոխություն՝ դեպի հանգիստը և հնազանդը, չկարևորելով ներքին հոգեբանական առաջընթացը, որը, այո, պետք է արտահայտվի երեխայի անհնազանդությամբ, պահանջկոտությամբ, իր կարծիքի արտահայտմամբ և աշխարհը բացահայտելու ֆիզիկական ակտիվության դրսևորմամբ: Յուրաքանչյուր մասնագետ աշխատելով երեխայի հետ՝ առաջինը բավարարում է երեխայի հոգեբանական պահանջմունքները, որից հետո, քննարկելով դրանք, ծնողի ցանկությունը հարմարեցնում է այդ պահանջմունքներին: Իսկ եթե ծնողի պահանջը չի ստացվում բավարարել, ապա առաջին թերապիան անցկացվում է ծնողի դիրքորոշումների, պատկերացումների և աշխարհայացքի հետ: Սիրելի ծնողներ, հիշեք, սեփական հոգեբանական առողջությունը դրդում է երեխայի յուրաքանչյուր վարքային դրսևորում ընդունել նորմալ՝ դրսևորման պատճառները հասկանալու միտմամբ:
Աշխատանքի նկարագրում
Մանկական հոգեթերապիայի անցկացման հիմնական փուլերն են.
- Զրույց ծնողի հետ:
- Զրույց երեխայի հետ ¥եթե փոքր է, ապա վարքի դիտում՝ խաղի միջոցով, կամ առանց, դիագնոստիկ թեստավորում և այլն¤:
- Փաստերի համադրում, վերլուծում:
- Աշխատանքային համաձայնագրի ստեղծում:
- Աշխատանքի ընթացքի պլանավորում:
- Բուն թերապիա ¥հիմնականում՝ խաղային մոդելով¤:
- Ընթացքում ծնողների հետ հանդիպումներ, ընթացքի քննարկում:
- Ծնողի հետ համագործակցող վարքի ձևավորում:
- Արդյունքների քննարկում:
- Երկուստեք բավարարվածության զգացում:
Աշխատանքային մոդելները կամ ուղղությունները
Հոգեթերապիան անցկացվում է համաձայն հոգեբանական ուղղությունների՝ հոգեվերլուծություն, վարքային, հումանիստական, կոգնիտիվ-իմացական, և այլն: Շատ մասնագետներ կիրառում են էկլեկտիկ մոտեցում. դա այն է, երբ յուրաքանչյուր ուղղությունից մի-մի մաս կիրառում են՝ ստեղծելով հավաքական ուղղություն: Մանկական հոգեթերապիայում նույնպես կիրառվում են նույն ուղղությունները՝ հարմարեցված երեխայի տարիքին: Սակայն հիմնական տարբերությունն այն է, որ, ի տարբերություն մեծահասակների, որտեղ գերակշռող գործիքը խոսքն է, երեխաների հետ աշխատանքում դա խաղն է: Երեխայի խաղը յուրօրինակ խոսք է, որը նա փորձում է հասցնել մեծին, և դա լսել կարողանալ է պետք:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան