Երեկ Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նարինե Ալեքսանյանը նշեց ծննդյան 50-ամյակը:
Life.panorama.am-ը փոքրիկ զրույց է ունեցել նրա հետ:
– Տիկին Ալեքսանյան, նոր տարիքային շեմ եք մուտք գործել, իսկ մեզանում ընդունված է հատկապես նոր տասնամյակում վերարժեվորել անցած ճանապարհն ու մտածել ապագայի մասին: Այս պահին ի՞նչ զգացողություն ունեք:
– Պետք է ասեմ, որ որևէ փոփոխություն չեմ զգում ոչ իմ աշխարհայացքում, ոչ իմ ներսում: Ամեն ինչ խաղաղ է ու սովորականի նման, պարզապես այսօր այդ ամենը մի փոքր գունեղ ու զգացմունքային է: Չգիտեմ լավ է, թե վատ, բայց իսկապես նոր տարիքային շեմ մտնելով՝ ոչ մի փոփոխություն չեմ զգում:
– Տարիները մեզ իմաստություն են տալիս: Համաձա՞յն եք սրա հետ և ի՞նչ կերպ եք դա զգում:
– Ենթադրում եմ, որ հիմա ավելի համբերատար եմ դարձել: Օրինակ մոտ տասը տարի առաջ ավելի պոռթկուն էի: Թեև հիմա էլ այլ վտանգ կա. համբերում եմ, հետո եմ պոռթկում, իսկ առաջ առանց համբերելու էի պոռթկում: Չգիտեմ, թե որն է ճիշտը, բայց այս պատկերն է: Կարծում եմ, տարիները միայն չեն իմաստացնում, դրանց թիվը նաև հիմարություններ են բերում: Այնպես չէ, որ 50-ում անսահման խելացի ու հմուտ ես: Մարդը միշտ սխալական է, բայց երբ սխալներիդ մեջ փորձում ես ինքդ քեզ հաղթահարել ու անցնել դրանց շեմը, ուրեմն իսկապես մեծացել ես: Կրկնում եմ՝ ներքին որևէ փոփոխություն չեմ զգում, անգամ մեկ-մեկ մտածում եմ ինքս ինձ զսպել, որովհետև 50 տարեկան եմ: Իսկ թե ո՞վ է ասել, որ 50-ում ավելի զուսպ պետք է լինես, դա էլ չգիտեմ, բայց որ այդպես ասում են, ստիպված լսում եմ:
– Ձեր պոռթկուն տեսակը որպես բացասական գիծ բնորոշեցիք, իսկ ո՞րն է Ձեր տեսակի այն դրական կողմը, որով հպարտանում եք:
– Որպես կանոն, ես ինքնախարազանման մեծ վարպետ եմ և ենթադրում եմ, որ չկա մի բան, որը հիմա կարող եմ նշել: ես պարզապես հպարտանում եմ, երբ հաղթում եմ բեմում, ես հպարտանում եմ, երբ իմ երեխան նոր հարթություն է բարձրանում, այդ հաջողությունները նաև ինձ եմ վերագրում: Իհարկե, կարող եմ նշել շատ ներսից եկող անկեղծությունը, ազնվությունը, սրտացավությունը, բայց դրանք ոչ թե հպարտանալու գծեր են, այլ պետք է յուրաքանչյուրի համար ապրելակերպ լինեն: Սրանցով պետք է ապրել, հպարտանալ՝ ձեռքբերումներով:
– Տարիները Ձեզ չեն վախեցնու՞մ:
– Բացարձակ: Ամեն ինչ առջևում է և լավագույնը դեռ պետք է կատարվի: Եթե այսպես չմտածեմ, վաղը ևեթ կմեռնեմ:
– Տիկին Ալեքսանյան, չեմ կարող չխոսել նաև Ձեր արտաքինի մասին: Վստահ եմ՝ շատերը չեն հավատա, որ արդեն 50 տարեկան եք: Ո՞րն է երիտասարդ մնալու գաղտնիքը:
– Շնորհակալ եմ հաճոյախոսության համար, բայց երբեմն, երբ ինձ տեսնում եմ խոշոր կադրում, սարսափ եմ ապրում: Անկեղծ լինեմ՝ չգիտեմ, թե ինչից է, որ տարիքիցս ավելի երիտասարդ եմ երևում, հավանբար գեներից է գալիս, մայրս 70 տարեկան է, բայց բացարձակ չի երևում նրա տարիքը: Գեղեցկության սրահներում հաճախ չեմ լինում, կոմունիստական բնավորություն ունեմ, եթե մի բան անում եմ, պետք է ողջ կյանքում անեմ դա: Իսկ ես չեմ կարող ողջ կյանքում սրահներին նվիրվել, ես նվիրվել եմ միայն թատրոնին:
– Դուք ունեք հրաշալի ընտանիք, երեխաներ, զբաղվում եք Ձեր սիրելի աշխատանքով, գնահատված եք հանդիսատեսի կողմից: Հետաքրքիր է՝ այս ամենին զուգահեռ կա՞ մի բան, որը պակասում է:
– Ես պարբերաբար անկշտություն եմ ցուցաբերում, հային բնորոշ ցանկություններ է առաջանում՝ սա էլ ունենայի, նա էլ լիներ և այսպես շարունակ, բայց ամեն անգամ վերջում ասում եմ Փառք Աստծո՝ ես ունեմ այն, ինչը շատերը չունեն: Այս հարցի շուրջ մտածելիս, զգում եմ, որ միայն մեկ ցավոտ կողմ ունեմ. մեր ճանապարհին մենք կորցրինք մեր սեփականությունը և հիմա մենք պետք է ձգտենք կրկին այն ունենալ: Խոսքը սեփական տան մասին է: Երբ կվայելեմ իմ սեփական տունը ոչ բանկային գրավով, ես երևի կամ կմեռնեմ, կամ կհանգստանամ: Սակայն երկար մտածելուց հետո, մեկ է, շնորհակալ եմ Աստծուն ունեցածիս համար, ես շատ կարևոր բաներ ունեմ, ինչը կարիքը շատերը ունեն: Սա պետք է յուրաքանչյուրս հասկանա ու գնահատի: Վերջերս մի հետաքրքիր խոսք լսեցի՝ «Իսկ ո՞վ է ասել, որ դու պետք է ամեն օր արթնանաս»: Դե ուրեմն պետք է շնորհակալ լինենք Աստծուն ամեն առավոտվա համար, նրա համար, որ բոլորս առողջ ենք ու միասին: