ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի ուսումնասիրության ազգային վարչությունը (NASA) հայտարարել է զոնդ արձակելու մտադրության մասին, որը կընկղմվի Արեգակի մթլոլորտում: Այդ մասին հայտնել է գործակալության կայքը:
Solar Probe Plus կոչվող առաքելության նպատակն արեգակնային ակտիվության վերաբերյալ տվյալների հավաքումն է: Դա, հավանաբար, մարդկանց կօգնի կանխատեսել բռնկումներն ու Երկրի վրա առաջացող մագնիսական փոթորիկները: Սարքը, որը «կշոշափի» Արեգակը, արձակվելու է 2018 թվականի օգոստոսին: Յոթ տարվա ընթացքում զոնդը շտկելու է իր հետագիծը՝ դրա համար օգտագործելով Վեներայի տիեզերական ձգողականության դաշտը, որի կողքով նա կանցնի յոթ անգամ: Դրանից հետո նա Արեգակին կմոտենա նվազագույն տարածությամբ՝ վեց միլիոն կիլոմետր:
Զոնդը պետք է դիմանա Ցելսիուսի 1400 աստիճանին: Դրա համար ինժեներները նախատեսել են 11,5 սանտիմետր հաստությամբ ջերմապաշտպանիչ էկրան, որը պատրաստված կլինի կոմպոզիտային նյութից՝ ածխածնային մանրաթելով: Բացի այդ, սարքը կհանդերձվի սառեցման ջրային համակարգով: