Կայացավ Պերճ Դարբինյանի «Արևը վառեց կակաչները» ժողովածուի շնորհանդեսը
«Լոֆթում» հունիսի 6–ին, կայացավ տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրենի խորհրդատու, երաժիշտ Պերճ Դարբինյանի «Արևը վառեց կակաչները» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ 3 մասից բաղկացած գրքում տեղ են գտել հեղինակի` նախորդ 8 տարվա ընթացքում գրած բանաստեղծությունները՝ հիմնականում սիրային և քնարական: Սա հեղինակի առաջին ժողովածուն է։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նշեց, որ միշտ երազել է գիրք հրատարակելու մասին։
«Միշտ ցանկացել եմ իմ գրած ստեղծագործությունների ժողովածուն թողարկել, բայց երբեք չեմ համարձակվել բարձրաձայնել այդ միտքս։ Մոտ կես տարի առաջ ընկերներիս խորհուրդներով և աջակցությամբ իրականացրեցի վաղեմի նպատակներիցս մեկը։ «Արևը վառեց կակաչները» գրքում տեղ են գտել սիրո և բնության մասին բանաստեղծություններս։ 3 մասից բաղկացած բաժինները տարանջատվում են ժամանակագրությամբ։ Առաջին մասում տեղ են գտել 19–20 տարեկանում գրածս ստեղծագործությունները, որոնք իմ սիրո պատմությունների մասին են։ Երկրորդ մասի ստեղծագործությունները բնության մասին են։ Դրանք գրել եմ վերջին 4 տարիներին։ Երրորդը հատվածում ընդգրկված են ավելի վաղ տարիքում գրածս ստեղծագործությունները։ Մոտ 17–18 տարեկանում գրած ստեղծագործություններն են»,– պատմեց Պերճը։
Նա նշեց, որ բանաստեղծություններ գրելու առաջին փորձերն արել է 15 տարեկանում, ավելի լուրջ սկսել է զբաղվել 16–ում։ «Առաջին բանաստեղծությունս հայրենիքի մասին է եղել։ Իմ միակ ստեղծագործությունն է, որը հայրենիքին է նվիրված։ Դրանից հետո սկսել եմ գրել սիրային գործեր։ Ինձ ավելի շատ դուր են գալիս սիրո թեմայով ստեղծագործությունները»,– հավելեց նա։
Պերճի խոսքով` երբ 16 տարեկան էր, գրեթե ամեն օր ստեղծագործում էր։ «Սիրո թեմայով գործերս հիմնականում իմ սիրած աղջիկներին են նվիրված եղել։ Ընկերներիս համար էլ եմ գրել բանաստեղծություններ, որպեսզի նվիրեն իրենց սիրած աղջկան։ Այդ շրջանում ընկերներս ինձ ասում էին, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում ստեղծագործել, անպայման, շարունակեմ։ Ինձ համար նրանց կարծիքը կարևոր էր, քանի որ արվեստում դժվար է։ Ինչ–որ բան ստեղծելիս միշտ մտավախություն կա, որ չի ընդունվի մարդկանց կողմից, իսկ դա կարող է խոցել։ Ընկերներիս խոսքերն ու աջակցությունն ինձ մեծ ուժ տվեցին, որ շարունակեմ գրել»,– ասաց Պերճը։
Նրանից հետաքրքվեցինք` իր սիրած աղջիկները կարդացե՞լ են այդ գործերը. «Ժամանակին կարդացել են, բայց չեն իմացել, որ իրենց մասին է։ Կարծում եմ` հիմա էլ կցանկանան ձեռք բերել գիրքը և կարդալ, քանի որ այս ամենում նրանք էլ կան»։