Ավազաթերապիա
Advertisement 1000 x 90

Ավազաթերապիա

Մանկական հոգեթերապիայի աշխատամիջոց

Ի տարբերություն մեծահասակների հոգեթերապիայի, երեխաների հոգեթերապիան ունի առանձնահատուկ աշխատանքային  առանցք: Նրանում խնդիրների շտկողականությանն ուղղված գործընթացներն ավելի ճկուն են, քանի որ ճկուն է նաև երեխայի հոգեկանը: Եթե մեծահասակի հետ աշխատանքում մենք աշխատում ենք նրա մտածողության կառուցվածքային փոփոխության, հստակեցված դիրքորոշումների և կարծրատիպերի վերաիմաստավորման հետ, ապա երեխաների մոտ դրանք դեռ սաղմնային վիճակում են, և նրանց փոփոխությունը կարելի է իրականացնել ոչ թե վերաիմաստավորելով, այլ վերակառուցելով կամ նոր սերմեր տնկելով: Նման ճկուն հոգեկանը պայմանավորված է երեխայի զարգացման ընթացքում  արտահայտվող ճգնաժամերով: Մեծահասակների մոտ նույնպես, հոգեբանական տեսանկյունից ելնելով, գոյություն ունեն ճգնաժամային փուլեր, սակայն դրանք ավելի շատ ուղղված են նոր միջավայրի պայմաններին հարմարվելու գործընթացով, իսկ երեխաների ճգնաժամերը՝ ուղղված են անձի զարգացմանը, ԵՍ-ի ձևավորմանը, հմտությունների ձեռքբերմանը: Հետևաբար, դրանց հետ աշխատանքն առավել հիմնային արդյունքների է հանգեցնում:

Երեխաների հետ աշխատելիս, երբ խոսքը վարքային խնդիրների, տարիքին բնորոշ վախերի, ծնողների հետ փոխհարաբերություններին հարող խնդիրների մասին է, մենք՝ մասնագետներս, հոգեթերապևտիկ աշխատանքում  ընտրում ենք առավել ճկուն աշխատամիջոց: Ի±նչ է նշանակում՝ ճկուն աշխատամիջոց: Դա այն մեթոդիկան է, որը կարելի է խաղարկել, այսինքն՝ քանդել-կառուցել. աշխատանք ավազի հետ, նկարչություն մատիտով՝ ռետինով ջնջելու և նորը նկարելու միտմամբ, հեքիաթ՝ հիմնական սյուժեն փոփոխելով և հարմարեցնելով խնդրի հաղթահարման ուղղությանը, հոգեդրաման՝ տարբեր սոցիալական դերեր խաղարկելով, և այլն: Տվյալ հոդվածում ես ցանկանում եմ ընթերցողին ծանոթացնել այդ խաղարկվող մեթոդիկաներից մեկի՝ ավազաթերապիայի հետ: Նախ, ծանոթանանք ավազաթերապիայի էությանն ու բովանդակությանը.

Ի՞նչ է ավազաթերապիան

Ավազաթերապիայի աշխատանքային հիմքն են համարվում հոգեբան Կարլ Յունգի անալիտիկ հոգեբանության տեսության բաղադրիչները, ըստ որի, այն հիմնականում աշխատում է անգիտակցականի սիմվոլիկ բովանդակության հետ, որը հանգեցնում է անձնային աճին և զարգացմանը: Ավազաթերապիան հնարավորություն է տալիս լիցքաթափվել հուզական բոլոր դրսևորումներից, կապ հաստատել սեփական անձի և արտաքին աշխարհի միջև, շոշափել ներքին, խորքային ԵՍ-ը, վերականգնել հոգեկան ամբողջությունը, հասկանալ, գիտակցել սեփական ներաշխարհի յուրօրինակ կերպարները: Ավազաթերապիայի ճկունությունը արտահայտվում և համապատասխանում է հոգեբանական աշխատանքին՝ իր նյութի տարածության շնորհիվ: Ավազը կարող է լինել մանր, խոշոր, չոր, խոնավ, ծանր, թեթև, նա կարող է մարմնավորել բազմաթիվ  կերպարներ, արտահայտել հույզեր: Եթե ուշադիր լինենք, մարդու հույզերն նույնպես լինում են վառ արտահայտված կամ փոքր, արցունքոտ կամ ապատիկ, ծանր կամ թեթև: Եվ այն ունիկալ կերպով աշխատում է մարդու ենթագիտակցականում թաքնված հոգեբանական արտամղումների հետ, հանգեցնում դրանց լիցքաթափմանն ու գիտակցմանը:

Ավազաթերապիան՝ երեխաների հետ աշխատանքում

Ավազաթերապիան երեխաների հետ աշխատանքում կիրառվում է՝ որպես խաղ, որը լի է թե° երևակայական, թե° իրական կերպարներով: Այն կարելի է իրականացնել ինչպես անհատական, այնպես էլ խմբային՝ կախված խնդրի էությունից: Ավազի հետ աշխատելիս նախ՝ կատարվում է ծանոթացում այդ նյութի հետ: Քանի որ, շատ երեխաների համար ավազի փափկությունը, հոսունությունը, խոնավությունը կարող է հաճելի չլինել, ինչը ևս իր հոգեբանական պատճառները կարող է ունենալ: Այնուհետև, երբ երեխան սկսում է առաջին փուլի հաղթահարումը և գտնվում է լիցքաթափված վիճակում, մասնագետը հրահանգ է տալիս ընտրել խաղալիքներ, որոնք լինում են հատուկ նախատեսված ավազաթերապիայի համար: Այդ պահից սկսած՝ մասնագետը պետք է ուշադրություն դարձնի ընտրված խաղալիքին, նրա բովանդակությանը, կարգավիճակին, գործառույթին, էությանը, քանի որ ընտրած խաղալիքը կարող է արտահայտել երեխայի տվյալ պահին առկա հոգեկան վիճակը: Ինչպես նաև՝ կարող է արտահայտել երեխայի վախի օբյեկտին, այն հատկությունները, որոնցից նա վախենում է: Այս ամենը հասկանալու համար, մասնագետը, դիտումից բացի, նաև խոսեցնում է երեխային, խնդրում, որպեսզի երեխան պատմի իր ընտրած կերպարի մասին: Միասին կարող են կառուցել երեխայի աշխարհը, որտեղ նա կարող է խաղի միջոցով հաղթել այդ վախի մարմնավորմանը և նրան ավելի թույլ կերպար դարձնել: Նման խաղային մոդելները միշտ ուղեկցվում են թերապևտիկ գործընթացով և տալիս երեխայի հոգեկանում կառուցողական արդյունավետություն:

Իրականում մեր պատկերացումները նման են ավազաթերապիային, և այն իրականությունը, որ կառուցել ենք մեզ համար, կարող ենք վերակառուցման միջոցով դարձնել կամ ավելի լավը, կամ ավելի վատը՝ կախված մեր ընտրությունից: Պետք է հիշել, որ սեփական կյանքի տնօրինողը մենք ենք, փոփոխություններ կատարողը՝ նույնպես:

Կամիլա Խաչատրյան