I love you. Ռոկկի անունով շունը ոչ միայն հաչում է, այլ նաև խոսում է. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

I love you. Ռոկկի անունով շունը ոչ միայն հաչում է, այլ նաև խոսում է. armtimes.com

Գյումրիում բնակվող բոքսյոր ցեղատեսակի Ռոկկի անունով շունը ոչ միայն հաչում է, այլ նաև խոսում է: Ռոկկին Գյումրի եկել է Վլադիկովկասից, երբ եղել է 3-4 ամսական, այժմ 4 տարեկան է: Շան տերը՝ Կարեն Մկրտչյանը, armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ Ռոկկին այն ցեղատեսակի շներից է, որի դնչի կառուցվածքը թույլ է տալիս արտաբերել որոշ բառեր:

«Իր դնչի կառուցվածքն է թույլ տալիս, որ նա բառերն արտասանում է: Հետը, եթե երկար ժամանակ աշխատես՝ կխոսի: Շատ աշխատանք է պետք, որ խոսի, այնպես չէ, որ բառն ասացիր՝ միանգամից կրկնելու է: Սկզբում ջղայնանում է, հաչում է, մինչև վարժվում է բառին: Պետք է նաև խելացի լինի, որ ընկալի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասել է Կարեն Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով՝ Ռոկկին յուրաքանչյուր պահի չի խոսում: Քմահաճ է, խոսում է այն ժամանակ, երբ կերակրման ժամն է լինում՝ հիմնականում առավոտյան: Կարենին հաջողվել է շանը մեկ բառ՝ «մամա» և մեկ նախադասություն՝ «I love you», սովորեցնել: Այս բառերը շանը սովորեցնելու համար Կարենից պահանջվել է մեկ տարի:

Խոսելուց զատ գյումրեցի շունը նաև միջազգային մրցումների է մասնակցում: Առաջիկա մրցույթը կայանալու է հունիսի 11-ին: Ռոկկին նախորդ երեք մրցումների միջազգային չեմպիոն է դարձել:

«Մրցույթի ժամանակ միջազգային մասնագետները զննում են շների ատամները, ողնաշարի կառուցվածքը, նստելու ձևը, թաթը դնելու ձևը: Իմ շունը երեք անգամ հաղթել է: Վերջին մրցման ժամանակ Վրաստանից եկած նույն տեսակի շունը պարտվեց Ռոկկիին` մազերի վատ որակի պատճառով»,- ասում է Կարենը:

Ռոկկին այս պահին 35 կգ է կշռում: Սնվում է հատուկ սննդակարգով՝ օրը մեկ անգամ: Քաշի պահպանումը ևս կարևոր է մրցման համար: Շունը սնվելու հարցում քմահաճ չէ, բայց պահանջում է օրը 3-4 անգամ դուրս բերել զբոսանքի:

Մանրամասները՝ տեսանյութում: