«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ը գործում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը:
Ցուցահանդեսի մասնակից «Նաիրյան» բնական կոսմետիկա արտադրող ընկերությունը ևս ներկայացնում էր իր արտադրանքը՝ մաշկի, մազերի խնամքի միջոցներ, օճառներ։ «Նաիրյան» լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արփի Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նաիրյանն» առաջին բնական կոսմետիկա արտադրող հայկական ընկերությունն է. «Հումքի մոտ 70%-ից ավելին ստանում ենք Հայաստանում, բույսերն աճեցնում ենք ինքներս ու ստանում եթերայուղեր, որոնք կիրառվում են քսուքներում և օճառներում։ Առաջարկում ենք տարբեր քսուքներ յուղոտ մաշկի համար, կորյակներին հակված մաշկի համար, ունենք հակատարիքային շարք և զգայուն մաշկի համար նախատեսված միջոցներ։ Ունենք նաև օճառներ, որոնք տարբեր խնդիրների համար են»։
Մեր զրուցակիցը նշեց, որ պիգմենտների առաջացումը կանխելու համար ունեն գունակարգավորող քսուք, որը նաև արևապաշտպան քսուք է։
«Նաիրյանն» առաջարկում է նաև մազարմատներն ամրացնող յուղեր և 12 բույսերի էքստրակտներից պատրաստված մազերի համար նախատեսված քսուք, որն ունի խնամող, փափկեցնող հատկություն։
«Յուրաքանչյուր քսուքից տրամադրում ենք նմուշներ, որպեսզի մարդիկ փորձարկեն, գտնեն իրենց հարմար քսուքը, ու քանի որ ունենում են մաշկի տարբեր ռեակցիաներ, վստահ լինեն, որ գտել են իրենց քսուքը։ Առաջարկում ենք նաև լիցքավորման տարբերակ. խոնավեցնող քսուքի փոքրիկ տարաները, որոնք վակուումային սեղմամբ չեն փակվել, վերալիցքավորվում են, այսինքն՝ հաճախորդն ունենում է իր տարան ու վճարում է միայն քսուքի համար»,- պարզաբանեց Ա. Ավետիսյանը։
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: