Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կարծում է, որ առաջիկա 30 տարում մարդկությունը պետք է սկսի գաղթել Երկրից: Այս մասին ֆիզիկոսը պատմել է Starmus IV գիտության և արվեստների միջազգային փառատոնում, որը տեղի է ունենում Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքում, հաղորդում է The Telegraph հրատարակությունը: Գիտնականի կարծիքով՝ 30 տարի ժամկետը բավական է Լուսնի վրա, և 50 տարին՝ Մարսի վրա բազա ստեղծելու համար:
Հոքինգն առաջարկում է այդ երկնային մարմիններ ուղարկել բույսերի, կենդանիների և սնկերի նմուշներ: «Ես համոզված եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Երկիրը չափազանց փոքր է դառնում մեզ համար, մեր ֆիզիկական պաշարներն սպառվում են տագնապալի տեմպերով»,- հայտարարել է ֆիզիկոսը:
Գիտնականի կարծիքով՝ Երկրի վրա աղետը, որը կարող է տեղի ունենալ աստղակերպի անկման, գերբնակեցման կամ գլոբալ տաքացման պատճառով, երբևիցե անխուսափելիորեն վրա կհասնի: Հեռավոր տիեզերքի նվաճումը ֆիզիկոսը համեմատում է Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործման հետ: Նրա կարծիքով՝ դա զարգացման բնական ուղի է մարդկության համար: