«Խոսող խաղալիք» 4-րդ մանկական փառատոնը հնարավորություն է խթանելու տիկնիկագործության զարգացումը
Advertisement 1000 x 90

«Խոսող խաղալիք» 4-րդ մանկական փառատոնը հնարավորություն է խթանելու տիկնիկագործության զարգացումը

Կայացավ արդեն չորրորդ տարին իրականացվող «Խոսող խաղալիք» մանկական փառատոնի բացումը: Փառատոնը լավագույն հնարավորությունն է ոչ միայն երևանցիների ու զբոսաշրջիկների ժամանցն ապահովելու, այլ նաև տիկնիկագործության զարգացումը խթանելու համար: Տիկնիկագործների համար ստեղծվում է փորձի փոխանակման հարթակ: Հունիսի 30-ին կայացած բացման արարողությանը մասնակցեցին 20-ից ավելի տիկնիկագործներ:

«Սա յուրօրինակ միջոց է՝ հաղորդակցվելու ինչպես նախկինում ստեղծված արվեստի աշխատանքներին՝ տիկնիկներին, այնպես էլ ներկայիս տիկնիկագործների ստեղծած տիկնիկներին: «Երևանյան ամառ» ծրագրի միջոցառումները միտված են նրանց, ովքեր ամռանը  դեռ շարունակում են մնալ Երևանում ու աշխատել, ինչպես նաև զբոսաշրջիկներին: Սա նաև լավագույն հնարավորությունն է ստեղծելու միասնական հարթակ, որպեսզի, աշխատանքները ներկայացնելուց բացի, տիկնիկագործները ճանաչեն միմյանց և փորձի փոխանակում կատարեն»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանն ու հավելեց, որ քաղաքապետարանը տիկնիկագործների համար ստեղծել է արտոնյալ պայմաններ՝ տաղավարները տրվել են անվճար, թույլատրել են նաև իրականացնելու վաճառք ինքնարժեքից շատ քիչ բարձր գնով:

Տիկնիկագործ Անահիտ Ազատյանը փառատոնին մասնակցում է առաջին անգամ: Վաճառվող տիկնիկների արժեքը դեռ չի որոշել, պիտի հարմարեցնի գնորդի գրպանին: «Սա ոչ թե առևտուր է, այլ հաճելի զբաղմունք: Կարևորը, որ հավանեն իմ տիկնիկները: Բոլորն իմ հեղինակային գործերն են, ունեմ նաև հայկական հեքիաթների հերոսների կերպարներ»,-ասաց նա:

Առաջին տարին է, որ փառատոնին է միացել նաև Տիկնիկների պատկերասրահ-թանգարանը՝ ներկայացնելով վերականգնված հին տիկնիկներ: Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանի խոսքով՝ փառատոնը կարող է հանդիսանալ յուրօրինակ ստուգատես և խթանել տիկնիկագործության զարգացումը:

Փառատոնին իրականացվելու են գեղարվեստական ծրագրեր, լինելու են հայկական հեքիաթների հիման վրա ստեղծված ներկայացումներ, երգեր, պարեր և տիկնիկներ պատրաստելու վարպետության դասեր:

armenpress.am