Ի՞նչ կարևորություն ունի հոգեբանի դերը դպրոցում
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կարևորություն ունի հոգեբանի դերը դպրոցում

Վերջին ժամանակներս մի շարք ծնողների գանգատներ՝ ուղղված դպրոցում երեխաների խնդիրներին, ինձ դրդեցին խոսել նման խնդիրները շտկող մասնագետի՝ դպրոցի հոգեբանի գործառույթների մասին: Հուսով եմ՝ կկարողանամ գոնե մասամբ տեղեկացնել, որ առհասարակ կա նման մասնագետ, որ կան նման մասնագետի աշխատանքային գործառույթներ, և կթվարկեմ հիմնական այն կետերը, երեխաների կողմից դրսևորվող վարքային արտահայտումները, որոնք ահազանգ կլինեն հոգեբանին դիմելու համար:

Արդեն բավական ժամանակ դպրոցներում ընդունված է հոգեբանի հաստիք ներառելը, որը պետք է լուծի մի շարք միջանձնային խնդիրներ՝ երեխա-երեխա, երեխա-ծնող, երեխա-ուսուցիչ և ծնող-ուսուցիչ փոխհարաբերությունների կառույցում:

Հոգեբանի գործառույթները դպրոցում

Առհասարակ, յուրաքանչյուր սոցիալ-հասարակական միջավայր, ոլորտ, ունի իր աշխատանքային, բովանդակային և աշխատակազմի փոխհարաբերությունների կառուցվածքային պահանջները, որոնք իրենց համապատասխան գործառույթներն են պահանջում: Եվ հոգեբանը յուրաքանչյուր ոլորտում աշխատելիս՝ ուղղորդվում է՝ ըստ իրավիճակի, պահանջների և հաստատության բովանդակային ուղղվածության: Դպրոցի հոգեբանը, ներգրավվելով միջնակարգ ուսումնական հաստատություն, իրականացնում է իր դերին և հաստիքին համապատասխան գործառույթներ: Դրանք հետևյալն են.

Հոգեբանական դիագնոստիկա

Շտկողական աշխատանք

Ծնողների և ուսուցիչների խորհրդատվություն

Հոգեբանության մասին տեղեկատվության տրամադրում

Պարտադիր ներկայություն ուսուցիչների հավաքներին

Պարտադիր ներկայություն ծնողական ժողովներին

Պարտադիր ներկայություն առաջին դասարանցիների ընդունելության գործընթացին

Հոգեբանական պրոֆիլակտիկա

Դպրոցում երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքը հիմնականում լինում է անհատական կամ խմբային: Սակայն աշխատանքի սկիզբը հոգեբանական դիագնոստիկան է: Այն իրականացնում են՝ հասկանալու համար, թե երեխայի մոտ ինչպիսի՞ հուզական վիճակ է, ո՞ր երևույթն է նորմայից բարձր, խառնվածքային պատկանելությամբ ինչպիսինն է, և ըստ դրա՝ հասկանում են, թե որ միջավայրը կարող է երեխայի համար բարենպաստ լինել, և որը՝ ոչ: Ըստ այդ տվյալների՝ սկսում են երեխայի խնդրի պատճառները հասկանալ: Սակայն, քանի որ դա մի ամբողջ փոխհարաբերությունների բուրգ է, պատճառները հասկանալու համար մասնագետները չեն բավարարվում միայն դիագնոստիկայով: Մեկ այլ գործընթաց է, երբ սկսում են առանձին խոսել ուսուցիչների և համադասարանցիների հետ: Անպայման կապ է հաստատվում ընտանիքի հետ, անամնեստիկ տեղեկատվություն է հավաքագրվում նրանց մասին՝ հասկանալու համար, թե ինչ միջավայրում, արժեքային ինչպիսի համակարգում, և փոխհարաբերությունների ինչպիսի մոդելների մեջ է մեծանում և դաստիարակվում տվյալ երեխան:

Հոգեբանի գործառույթներից մեկն էլ, ինչպես նշեցինք, թե աշխատակազմին, թե աշակերտներին հոգեբանության մասին տեղեկատվության տրամադրումն է:

Հոգեբանը նաև պետք է ներկա լինի ամեն տեսակի ժողովներին և հավաքներին: Մանավանդ՝ ծնողական ժողովներին, քանի որ հենց այդ շրջանակում է իրականում բախում՝ թե արժեքների, թե ինքնասիրության, թե մարդկային տեսակների: Եվ, որպեսզի նման անձնային տարաձայնությունների սրացումը հետագայում չազդի երեխայի սովորելու, ինքնաիրականացման գործընթացի վրա, հոգեբանը պետք է անընդհատ այդ բախումները հարթեցնի, ավելի ծավալվի, որպեսզի երկուստեք՝ ծնող-ուսուցիչ, կարողանան հասկանալ իրար հետ փոխխոսքային վիճաբանության պատճառը, և ընդունեն միմյանց՝ երեխային չվնասելու համաձայնությամբ:

Հոգեբանի գործառույթներից է նաև առաջին դասարանցիների ընդունելության ընթացքին ներկա գտնվելը: Քանի որ նախադպրոցական տարիքի երեխաներն ավելի խոցելի են, սովոր չեն հարցաքննության, որոշակի կանոնների, ապա դա կարող է նրանց համար վախի և սթրեսի աղբյուր լինել: Եվ, բնականաբար, այս դեպքում  հոգեբանի ներկայությունն ավելի կմեղմի խաղային ու տարիքային առանձնահատկությունների կոմպետենտությամբ ուղեկցվող շփումը, թույլ կտա երեխային դրական պատկերացում ստեղծել դպրոցի նկատմամբ:

Հոգեբանի վերջին գործառույթը՝ պրոֆիլակտիկան, հոգեբանին հնարավորություն է տալիս, նկատելով խնդիր առաջացնող աղբյուրները՝ նախօրոք փորձել շտկել դրանք, որպեսզի հետագայում չվերածվեն անձնային փոխհարաբերությունների չհասկացվածության:

Հոգեբանին դիմելու հիմնական «ահազանգերը»

Վարքային յուրաքանչյուր փոփոխություն, երեխայի առողջական գանգատ, որը կրկնվում է, առաջադիմության նվազում, դպրոց գնալու ցանկության կորուստ, բարձր լարվածություն, ագրեսիվություն, ներամփոփություն:

Այնուամենայնիվ, երեխային ծնունդ տալով՝ մենք ենք պատասխանատու նրա հետագա զարգացման և առաջացող յուրաքանչյուր խնդրի համար: Մինչ դպրոցի հոգեբանին դիմելը՝ մենք ինքներս պետք է սովորենք առողջ կերպով հաղթահարել խնդիրը, որպեսզի մեր երեխան մեզնից վերցնի խնդիրը հաղթահարելու ձևն ու առողջ հոգեբանական դատողությունը:

Կամիլա Խաչատրյան

Հոգեբան