Հայաստանի մարզերի մեծ մասում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, և մարդկանցից շատերն այսպիսի եղանակին բախվում են քնի հետ կապված խնդիրների։ NEWS.am Medicine-ը մի քանի օգտակար խորհուրդներ է ներկայացնում, թե ամառվա տապին ինչպես է կարելի ավելի հեշտ քնել։
Ննջասենյակը մթնեցրեք
Ամռանը ցերեկվա տևողությունը երկարում է, մթնել է սկսում միայն ուշ երեկոյան։ Մեր օրգանիզմի համար չափազանց կարևոր է, որ քնելիս շուրջը մութ լինի, քանի որ ցանկացած վառ լույս արգելակում է մելատոնինի, այսպես կոչված՝ քնի հորմոնի արտադրումը, առանց որի օրգանիզմը չի հասկանում, որ քնելու ժամանակն է։ Դրանից բացի, վառ լուսավորությունը մեծացնում է ուղեղի ակտիվությունը, վերացնում քնկոտությունը և էներգիա ու առույգություն հաղորդում։
Ամռանը հեշտ քնելու համար անհրաժեշտ է ննջասենյակը մթնեցնել, իսկ քնել պատրաստվելուց կես ժամ առաջ ցանկալի է չնայել վառ լույսին (նաև սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների էկրանների լույսին)։
Քնելուց առաջ խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
Մասնագետներից շատերը պնդում են, որ ցերեկը և երեկոյան սպորտով զբաղվելն ավելի լավ է և անվտանգ, քան առավոտյան։ Հիմա ցերեկվա ժամերին չափից ավելի շոգ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար, սակայն խորհուրդ չի տրվում նաև ուշ երեկոյին թողնել, քանի որ օրգանիզմը կառույգանա, և քնելն ավելի կբարդանա։
Աշխատեք քնելուց առաջ չուտել
Կուշտ ընթրիքից հետո ստամոքսի ինտենսիվ աշխատանքը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը։ Ե՛վ ստամոքսի աշխատանքը, ե՛ւ մարմնի բարձր ջերմաստիճանը ձեզ կխանգարեն շոգին քնել։ Այդ պատճառով աշխատեք ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, ըստ որում՝ ցանկալի է, որ ընթրիքը թեթև լինի՝ չընդգրկելով այնպիսի մթերքներ, որոնք երկար են մարսվում՝ միս, կոշտ բանջարեղեն, յուղոտ և տապակած սնունդ։
Հրաժարվեք ալկոհոլից
Չնայած տարածված կարծիքին, ալկոհոլը նյարդային համակարգը չի հանգստացնում, հակառակը՝ գրգռում է, ուստի եթե երեկոյան խմեք, դա կխանգարի քնել, գիշերն էլ ընդհանրապես շատ անհանգիստ կանցնի։
Քնելուց առաջ կոֆեին մի՛ օգտագործեք
Քնելուց առաջ խորհուրդ է տրվում նաև սահմանափակել կոֆեինի օգտագործումը։ Մի՛ մոռացեք, որ կոֆեին է պարունակվում ոչ միայն սուրճի և թեյի մեջ. այն փոքր պարունակություն չունի նաև շոկոլադում, սպորտային կոկտեյլներում և քաղցր գազավորված ըմպելիքների շատ տեսակներում։
Քնից առաջ ցնցուղ ընդունեք
Քնելուց առաջ սառը ցնցուղ ընդունելը լավ գաղափար է։ Այն կօգնի շոգ օրից հետո թուլանալ և հեշտ քնել։
Սենյակը նախապատրաստեք
Եթե տանը օդորակիչ կա, դրա օգնությամբ քնելուց առաջ սենյակը հովացրեք, սակայն ցանկալի չէ այն գիշերը միացված թողնել։ Անկողինը բացեք դեռևս մինչև օդորակիչը միացնելը, որ այն սառնությունը պահպանի։
Մահճակալի մոտ գտնվող պահարանի վրա կարելի է բամբակի կտոր դնել՝ մենթոլի լուծույթով թրջած, ինչպես նաև սառույցի խորանարդիկներով ափսե։ Սա կօգնի օդը խոնավեցնել և շնչառությունը թեթևացնել։
Ընտրեք համապատասխան սպիտակեղեն
Հաստ ներքնակները, ծածկոցները և վերմակները ջերմությունը պահպանում են, ամռանն ավելի լավ է դրանցից հրաժարվել՝ փոխարինելով բամբակե կամ մետաքսե սավաններով և բամբակե թեթև ծածկոցով։
Ծղոտից կամ բամբուկից ներքնակը ամռան համար նույնպես լավ ընտրություն է համարվում, քանի որ մարմնի ջերմությունը չի պահպանում և ձեզ չի տաքացնի։
Քնեք բամբակյա հագուստով
Ոմանց կարող է թվալ, որ մերկ քնելը լավ գաղափար է, բայց իրականում մերկ քնելու դեպքում ավելի կշոգեք։ Ավելի ճիշտ կլինի բամբակյա գիշերազգեստ հագնել, սակայն ոչ մի սինթետիկ գործվածք, քանի որ դրանք չեն «շնչում», և դրանց մեջ էլ ավելի շոգ կլինի։