Յանա Դանիելյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Հաղորդավարուհին խոսել է տարիքային առանձնահատկության ու ընտանիքի մասին:
Մեծանալը ոչ վախեցնում է, ոչ՝ տխրեցնում
Ամեն տարի էլ ավելի եմ սիրում այն տարիքը, որը ստանում եմ: Տարեց տարի փոխվում է մեր ապրելակերպը, մտածելակերպը, աշխարհայացքն, ու ինձ այդ ամենը դուր է գալիս: Ես չեմ ափսոսում, որ այլևս 20 տարեկան չեմ, ինձ հաճելի է, թե ինչպես եմ նկատում կյանքի շարժն ու նոր հետաքրքրությունները: Ի դեպ՝ ինձ նաև շատ հետաքրքիր է, թե օրինակ 30-ում կամ 35-ում ինչպիսինն եմ լինելու: Առհասարակ, կյանքն ինձ համար գնալով հետաքրքրանում է, քանի որ այն, ինչ ապրում եմ հիմա և ապրելու եմ հետագայում, ավելի երիտասարդ տարիքում չէի կարող ապրել:
Տարիներն իմաստացնում են ինձ
Ես հպարտանում եմ, երբ նկատում եմ իմ հասունացումը: Չգիտեմ՝ ինչքանով է դա լավ, կամ վատ, բայց տարիների ընթացքում բնավորությամբ ավելի ծանրացել եմ: Օրինակ, ինչ-ինչ հարցերի շուրջ կարող էի առաջ այլ պատասխաններ ունենալ, հիմա՝ բոլորովին այլ: Մարդու մեջ տարիների ընթացքում շատ-շատ բան է փոխվում, միայն թե պետք է կարողանում ես գտնել ճիշտ ուղին և ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ: Տարիները փոխում են նաև դիմագծերդ, ինչու ոչ՝ մարմինդ, բայց այդ հարցերի շուրջ ես փորձում եմ ընդհանրապես չմտածել, քանի որ վստահ եմ՝ արտաքին տեսքն ու առողջությունը կախված է հոգեվիճակից ու ապրելակերպից:
Թույլ տվածս սխալներով հպարտանում եմ
Մարդն իդեալական չէ, ամեն մեկն իր չափով թերություններ ունի, որոնք նորմալ են: Առհասարակ ես փորձում եմ կյանքս պլանավորել, ցանկացած քայլ անելիս՝ երկար մտածում ու ծանրութեթև եմ անում, ինչը թույլ է տալիս ավելի քիչ սխալներ գործել: Այնուամենայնիվ, կյանքի տարբեր փուլերում հնարավոր են որոշ սխալներ, որոնք մեծ հպարտությամբ եմ ընդունում: Յուրաքանչյուր սխալ ևս մեկ դաս կարող է լինել: Վստահ կարող եմ ասել, որ իմ կատարած սխալներից շատ բան եմ սովորում ու ավելի իմաստանում, այնպես որ, դրանք ցավագին ընդունելը լուծում չէ:
Նպատակները շատ են, ես գնում եմ դրանց ընդառաջ
Շատ նպատակներ ունեմ, դրանք միշտ եղել են, ժամանակի ընթացքում էլ՝ որոշները կատարվել: Նպատակները ևս տարիների ընթացքում որակական փոփոխություններ են կրում, դրանք ավելանում են, նոր բնույթ ստանում, բայց կարևորն այն է, որ կարողանաս դրանց ընդառաջ գնալու արվեստին տիրապետել:
22-ում մայրացա, երբ դեռ պատրաստ չէի մամա դառնալու
Կինը պետք է որոշ չափով պատրաստ լինի մայրանալու, որպեսզի կարողանա այդ պարտավորությունը ճիշտ ընկալել, որը նաև օգնում է ճիշտ դաստիարակություն ու սեր տալ երեխային: Ես ընդամենը 22 տարեկան էի, երբ ծնվեց աղջիկս, հիմա անկեղծորեն խոստովանում եմ, որ այն ժամանակ ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես դրան պատրաստ չէի: Միաժամանակ, այսօր մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, երբ տեսնում եմ, թե իմ 6-ամյա աղջիկը ինչպես է ինձ հետ քայլում: Այսօր ես հպարտ եմ տարիներ առաջ կայացրածս որոշման ու ռիսկի համար: Հիմա շնորհակալ եմ Աստծուն, որ մայրացել եմ հենց այդ տարիքում: Ես խիստ մամա եմ, երբեք երես չեմ տալիս նրան, բայց նաև իմ աղջիկն ունի այն, ինչ պետք է: Աղջկաս ապահովում եմ ամեն ինչով, բայց նաև նրանից փոխարենը սպասում և պահանջում եմ պատասխան՝ իր ուսման և վերաբերմունքի տեսքով: Դեռ փոքրուց նրան վերաբերվել եմ մեծի նման, թույլ եմ տվել կարծիք հայտնել, որոշումներ կայացնել, և արդյունքում նա այսօր ունի ծնողական մեծ հոգատարություն, բայց նաև ինքնուրույնություն:
Ընտանիքը մի աշխարհ է, բայց դրա ներսում ամեն մեկն իր աշխարհը պետք է ունենա
Ընդունված գաղափար է՝ ընտանիքը մի աշխարհ է, բայց ինձ համար ամենակարևորն այնն է, որ ընտանիքի ներսում յուրաքանչյուր ոք ունենա իր սեփական աշխարհը: Ընտանիքի անդամները չպետք է իրենք իրենց կամ դիմացինին սահամանափակեն, ամուսինների մեջ պետք է ազատություն լինի, նրանք պետք է չխանգարեն մեկը մյուսին ունենալ ներքին ու սեփական փոքրիկ մոլորակ, որովհետև վստահ եմ, որ եթե անգամ դարեր անցնեն, միևնույն է, կինը տղամարդուն և հակառակը կատարյալ հասկանալ չի կարող: