Շատերին թվում է, թե հրավառությունների հետ կապված միակ վտանգը վնասվածքներն են ու դժբախտ պատահարները: Իրականում հրավառությունից հարկ է զգուշանալ նաև այլ, ավելի էական պատճառներով. ինչպես պնդում են ամերիկացի գիտնականները, հրավառության նյութերը վտանգավոր տոքսիններ և մետաղներ են պարունակում` պղինձ և նույնիսկ կապար, որոնք օդի աղտոտման են հանգեցնում և առողջության համար վտանգավոր են:
«Հրավառություններն ինձ համար իսկական դիլեմա են,- խոստովանել է Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկ Հարի Ֆուլոերը: – Մի կողմից դրանք մարդկանց շատ հաճելի զգացումներ են պատճառում, իսկ մյուս կողմից` օդն աղտոտում են այն նույն նյութերով, որոնք այնտեղ են ընկնում ֆաբրիկաների և գործարանների աշխատանքի հետևանքով: Այս նյութերի թվում են պղինձը, բարիումը, ստրոնցիումը և պերքլորատները: Արդյունքում` տոնական օրերին քաղաքներում աղտոտվածության մակարդակը զգալիորեն մեծանում է»:
Պերքլորատները բացասական լիցքով ատոմների խումբ է, որը կազմված է քլորի կենտրոնական ատոմից` թթվածնի 4 ատոմների հետ կապված: Պերքլորատները կարող են մթնոլորտում ձևավորվել, դրանք անգույն են և անհոտ: Այս նյութերը ջրում լուծվում են, դրանք հայտնաբերել են նաև ջրատարի և սնունդի մեջ: Պերքլորատներն առողջության համար վտանգավոր են, քանի որ խախտում են վահանաձև գեղձի նորմալ ֆունկցիան, որը կարևոր դերակատարում ունի նյութափոխանակության և հորմոնների արտադրման մեջ, որոնք օգնում են կարգավորել սրտի զարկերը, զարկերակային ճնշումը, մարմնի ջերմաստիճանը և էներգիայի սննդի վերափոխման արագությանը:
Գիտնականների խոսքով` հրավառություններում պարունակվում են մարդու առողջության համար վտանգավոր այլ քիմիական տոքսիկ նյութեր ևս, որոնք բացասաբար են ազդում թոքային և սիրտ-անոթային համակարգերի վրա: Հենց այս պատճառով նրանք խորհուրդ են տալիս 2 անգամ մտածել ցանկացած տոնի համար հրավառություն գնելուց առաջ: