Սիրտն ինչպե՞ս առողջ պահել շոգ եղանակին. med.news.am
Advertisement 1000 x 90

Սիրտն ինչպե՞ս առողջ պահել շոգ եղանակին. med.news.am

Ամառային տապը և ջրազրկումը, որը կարող է առաջանալ շոգի հետևանքով, չափազանց վտանգավոր են սիրտ-անոթային համակարգի առողջության համար:

Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մի քանի խորհուրդներ ներկայացրեց, թե ինչ է պետք անել, որ սիրտն ու անոթները ամառվա շոգին առողջ մնան:

Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր բավարար քանակով ջուր խմել (2-2,5 լիտր), ինչը կօգնի լրացնել հեղուկի ու հանքանյութերի կորուստը և կանխել արյան խտացումը: Սակայն սրտային անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ և հիպերտոնիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում բուժող բժշկի հետ խորհրդակցել, թե իրենց որքան ջուր է կարելի խմել:

Ամռանը ցանկալի է որքան հնարավոր է շատ ուտել վիտամիններ և հանքանյութեր պարունակող մթերքներ, մասնավորապես` բանջարեղեն և մրգեր:

Ամռանը ցանկալի է որքան հնարավոր է քիչ ուտել «ծանր» տապակած սնունդ:

Ցերեկային ժամերին աշխատեք արևի տակ չլինել` ջերմային և արեգակնային հարվածներից խուսափելու համար:

Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փողոց դուրս գալ, ցանկալի է գլխարկ դնել:

Ցանկալի է, որ շոգին հագուստը բնական գործվածքից լինի` բաց գույներով:

Եթե սրտի որևէ հիվանդություն ունեք, պարտադիր խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ` կապված դեղերի չափաքանակի հետ, որոնք ընդունում եք: Քանի որ ամռանը զարկերակային ճնշումը սովորաբար իջնում է, բավականին հաճախ հիպերտոնիայի դեմ դեղերի չափաքանակը կրճատում են` ճնշման չափից ավելի իջնելուց խուսափելու համար:

Ամռանը ցանկալի է աղի օգտագործումը պակասեցնել, քանի որ այն օրգանիզմում հեղուկը զսպում է, իսկ դրա ավելցուկը կարող է անցանկալի այտուցներ առաջացնել:

Ցերեկային ժամերին ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածության քանակը նվազագույնի հասցնել. կարելի է սպորտով զբաղվել երեկոյան, երբ ավելի զով կլինի: Ֆիզիկական ծանրաբեռնվածություններն անցանկալի են նաև առավոտյան, քանի որ սիրտը դրանց դեռևս պատրաստ չէ, դրանից բացի, ըստ վիճակագրության, հատկապես առավոտյան է տեղի ունենում սրտի և գլխուղեղի կաթվածների մեծ մասը:

med.news.am