Հայաստանում ամենատարածված սեռավարակները. med.tert.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում ամենատարածված սեռավարակները. med.tert.am

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները բազմաթիվ  են: Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել:

Այս հիվանդությունները կարող են լուրջ խնդիր դառնալ սեռական կյանքով ապրող ցանկացած մարդու համար: Բժշկության ու տեխնոլոգիաների զարգացումը, ցավոք, շատ չի օգնել մարդկությանը ապահով սեքսի հարցում, ինչի հետևանքով սեռավարակները շարունակում են տարածվել: Med.tert.am-ը զրուցել է «Ուրոլոգիայի կենտրոն», Նյու Մեդ կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Հ. Ջանեցյանի հետ և փորձեց պարզել, թե որ սեռավարակներն են ամենից շատ տարածված ՀՀ-ում, ինչպես կարելի է կանխել դրանց տարածումը և ինչ բարդություններ կարող են առաջանալ ոչ պատշաճ բուժման դեպքում:

– Պարոն Ջանեցյան, որո՞նք են Հայաստանում ամենատարածված սեռավարակները և ինչպե՞ս կարելի է կանխել դրանց տարածումը:

– Սեռավարակների կանխման համար հարկավոր է հետևել սեռական կյանքի հիգիենային, օգտագործել պահպանակներ և առհասարակ ունենալ սեռական հարաբերություններ միայն մեկ զուգընկերջ հետ: Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, հիմնականում տարածված են բակտերիալ վարակները, այսինքն խլամիդիան, գոնորեան, ինչու չէ նաև սիֆիլիսը, որն ավելի քիչ է տարածված և այլն: Սրանք բոլորն էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Տարածված են նաև սնկային և վիրուսային վարակները, որոնք նույնպես կարող են փոխանցվել սեռական ճանապարհով: Դրանցից են հեպատիտ A-ն, որը նաև փոխանցվում է օրալ ճանապարհով և սեռական արտազատուկի միջոցով, հեպատիտ C-ն, որը նույնպես տարածվում է օրալ ճանապարհով, հեպատիտ B-ն, հերպեսները, մարդկային պապիլոմա վիրուսը և իհարկե Մարդու իմունային անբավարարության վիրուսը(ՄԻԱՎ):

Այսինքն՝ սեռավարակների տարածումը հիմնականում սեռական ճանապարհով է տեղի ունենում, բայց դրանք կարող են տարածվել նաև բերանի և վնասվածքների միջոցով:

Հիվանդությունների տարածումը կանխելու համար, ինչպես արդեն նշվել է, հարկավոր է հետևել սեռական կյանքի հիգիենային և ունենալ միայն մեկ զուգընկեր: Բացի այդ, պետք է նաև շատ ուշադիր լինել, քանի որ առկա են նաև անախտանիշ վարակներ, որոնք, «համր» լինելով, առաջացնում են մի շարք բարդություններ կապված սեռական և վերարտադրողական ֆունկցիաների հետ:

– Դուք նշեցիք, որ լինում են առանց ախտանշանների սեռավարակներ: Իսկ կարո՞ղ եք ավելի մանրամասնել, թե ինչ բարդությունների մասին է խոսքը։

– Տղամարդկանց մոտ դրանք կարող են առաջացնել շագանակագեղձի քրոնիկ բորբոքում: Սա նշանակում է, որ այդ վարակները, օրգանիզմում հայտնվելով, կարող են ախտահարել շագանակագեղձը: Բացի այդ, դրանք կարող են ախտահարել նաև մակամորձին կամ ամորձին՝ առաջացնելով քրոնիկ, որոշ դեպքերում նաև սուր, օրխիտ՝ մակամորձու կամ ամորձու բորբոքում, ինչի հետևանքով կարող են առաջանալ սերմնատար ուղիների խցանումներ և անպտղություն: Հատկապես վտանգավոր է խլամիդիոզը, որը երկարատև չբուժելու դեպքում նույնպես հանգեցնում է անպտղության:

– Այս ամենից կարելի է ենթադրել, որ պարբերաբար բուժզննում անցնելը պարտադիր է, քանի որ նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում վտանգի գործոնը, միևնույն է, բավական բարձր է:

– Այո՛, հատկապես խոսքը վերաբերում է այն տղամարդկանց (կամ կանանց), որոնք վարում են ակտիվ սեռական կյանք տարբեր զուգընկերների հետ: Այս դեպքում անկախ նրանից, թե կան ախտանշաններ թե ոչ, նա պարտավոր է պարբերաբար կատարել մի շարք հետազոտություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունեն ամուսնության շեմին կանգնած երիտասարդ զույգերը։ Մեր կենտրոնում կատարվում են բոլոր այդ հետազոտությունները, իսկ զույգերին տրամադրվում է «առողջության սերտիֆիկատ»։ Բայց, ամեն պարագայում, առողջության ամենակարևոր գրավականը ինֆեկցիաների կանխարգելումն ու առողջ ապրելակերպի վարումն է։

Անահիտ Գյոլեցյանը

med.tert.am