Մարդու գլխի փոխպատվաստման վիրահատությունը հնարավոր կդառնա արդեն հաջորդ տարի: Այս մասին գրում է Independent թերթը՝ վկայակոչելով Թուրինի համալսարանից նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոյի հայտարարությունը:
Սեպտեմբերի 20-ին Կանավերոն նյարդավիրաբուժության հարցերին նվիրված Surgical Neurology International միջազգային հանդեսում հրապարակել է կենդանիների վրա կատարած վերջին երեք փորձերի արդյունքները: Ուսումնասիրությունները հաստատել են այս վիրահատության գլխավոր դժվարության հաղթահարման՝ ողնուղեղի ֆունկցիայի վերականգնման հնարավորությունը:
Գիտնականը հարավկորեական համալսարանի աշխատանքային խմբի հետ համատեղ վիրահատություն է կատարել պարանոցի վնասվելուց հետո ամբողջովին պարալիզացված շան վրա: Երկու շաբաթ անց կենդանին կարողացել է քայլել: Նաեւ փորձեր են կատարվել մկների եւ առնետների վրա:
Կանավերոն հույս ունի մարդու վրա վիրահատությունը կատարել մինչեւ 2017 թվականի վերջը: Վիետնամի հիվանդանոցներից մեկն արդեն հայտարարել է դրա համար տեղ տրամադրելու իր պատրաստակամության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: