Պատրաստվում եք ներկել մազերը ՝ օգտագործեք թեյ
Advertisement 1000 x 90

Պատրաստվում եք ներկել մազերը ՝ օգտագործեք թեյ

Հայտնի է, որ մազերի լավագույն բնական ներկող միջոցը խնան է: Խնայի բացման համար թեյի թուրմ օգտագործելով, կարելի է հարստացնել մազերի գույնը տաք շագանակագույն երանգներով: Բայց նույնիսկ առանց խնայի, թունդ թեյով կարելի է մազերին հիանալի գույն հաղորդել: Սա հատկապես արդիական է նրանց համար, ովքեր վախենում են ներկել իրենց մազերը քիմիական ներկերով: Մենք կներկայացնենք մազերը թեյով ներկելու մի քանի տարբերակ, արդյունքում մազերը ոչ միայն նոր երանգ, այլև թարմ և առողջ տեսք կստանան:

Ինչպես ստանալ տարբեր երանգներ՝ թեյի օգնությամբ

Երկու թեյի գդալ սև թեյի վրա լցրեք երկու բաժակ եռացրած ջուր և դանդաղ կրակի վրա՝ կափարիչի տակ թրմեք 20-25 րոպե, հետո քամեք: Տաք թուրմը քսեք թարմ լվացած և չորացրած մազերին, ծածկեք մազերը պոլիէթիլենային տոպրակով, իսկ հետո՝ խավավոր սրբիչով:

Շագանակագույն երանգի համար բավական է պահել 15-20 րոպե, ավելի մուգ գույն կարելի է ստանալ 30-40 րոպեում: Մազերը լվանալ պետք չէ:

Պղնձագույն երանգ կարելի է ստանալ՝ օգտագործելով ընկույզի տերևներ և թեյի թուրմ: Վերցնել ընկույզի չորացրած- մանրացրած տերևներ՝ 2-3 ճաշի գդալ, սև թեյ՝ 2 ճաշի գդալ, վրան լցնել 0,5 լ եռացրած ջուր և եռացնել դանդաղ կրակի վրա 20 րոպե, թողնել թրմվի ևս 10-15 րոպե, քամել և քսել խառնուրդը լվացած մազերին:

Վառ պղնձագույն երանգ կարելի է ստանալ՝ օգտագործելով թեյի և սոխի կճեպի թուրմ: 200 գրամ սոխի կճեպը 20ր եռացրեք o,5 լիտր խաղողի սպիտակ գինու մեջ՝ թույլ կրակի վրա (նախնական մուգ գույնի դեպքում կարելի է օգտագործել խաղողի կարմիր գինի կամ սև արոսենու եփուկ): Առանձին եփեք 2 ճաշի գդալ սև թեյ և գինու եռալուն պես՝ ավելացրեք այն սոխի եփուկին: Քամեք և տաք վիճակում քսեք թարմ լվացած և չորացրած մազերին: Մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, իսկ վերևից՝ խավոտ սրբիչով: Թողեք 40 ր, հետո թեթև ողողեք տաք ջրով և չորացրեք սրբիչով:

Մազերը սնուցող և ներկող դիմակ՝ թեյով

Միաժամանակ ծածկել սպիտակներն ու մազերին առողջ փայլ հաղորդել՝ կարելի է մազերը սնուցող դիմակի շնորհիվ: Երկու ճաշի գդալ սև թեյի վրա լցրեք երկու բաժակ եռացրած ջուր, թրմեք 8-10 րոպե, հետո քամեք: Ձվի դեղնուցը հարեք 1 ճաշի գդալ կեֆիրի և 1 թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ: Խառնեք ստացված զանգվածը թեյի թուրմի հետ, լավ հարեք և տաքացրեք ջրի գոլորշու վրա: Տաք խառնուրդը քսեք թարմ լվացած մազերին, ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, իսկ հետո խավավոր սրբիչով: 1-1,5 ժամից մազերը լվացեք տաք ջրով և ողողեք թեյով կամ երիցուկի եփուկով: Եթե կա հնարավորություն, դիմակը կարելի է պահել նույնիսկ 3-5 ժամ:

Թեյը որպես մազերը ֆիքսող միջոց

Թեյի թուրմը կարելի է օգտագործել նաև որպես ֆիքսող միջոց՝ բիգուդիներով մազերը փաթաթելիս: Փաթաթելուց առաջ մազերը պետք է թրջել՝ ոչ շատ քաղցր թեյի թունդ թուրմով. երկու թեյի գդալ թեյի խոտի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, թրմեք 5-7 րոպե, քամեք, ավելացրեք 0,5 թեյի գդալ շաքար: Ամեն փունջը պտտելիս՝ թրջեք բամբակի խծուծի օգնությամբ: Չորացրեք մազերն ինչպես միշտ, և ոչ մի քամի էլ ձեզ չի վախեցնի:

benice.am