Կինոյի և թատրոնի մեծանուն ռեժիսոր Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» ֆիլմը պատմում է հայտնի լեհ նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկու մասին: Կինոնկարը ցուցադրվեց հուլիսի 10-ին Լեհական կինոյի օրվա շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
«Ոսկե ծիրան» փառատոնն աշխարհում ամենասպասված և սիրված տոներից է, որի կողքին կանգնած է մեր դեսպանությունը: Լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդան կյանքից հեռացավ անցյալ տարի, և հենց այդ ժամանակ նա պետք է մասնակցեր փառատոնի մեկնարկին և իր համար նախատեսված մրցանակ ստանար: Այսօր ես եմ ընդունելու նրա համար նախատեսված մրցանակը, և ինձ համար դա մեծ պատիվ է»,- նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
Ներկա էր նաև ֆիլմի պրոդյուսերը, ով ասաց, որ ոչ միայն Լեհաստանը, այլև ամբողջ աշխարհն է ցավում մեծ ռեժիսորի մահվան համար: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ և վստահ եմ, որ նա էլ նույնը կասեր»,-ասաց պրոդյուսերը և հավելեց, որ կինոնկարը Վայդայի վերջին ֆիլմն էր ու «Հետպատկերներ» անվան իմաստը ներկաները կհասկանան միայն այն դիտելուց հետո: