Սերգեյ Մանվելյանի հրապարակումը:
Այսօր՝ հուլիսի յոթին, գուժեցին իմ սիրելի արձանագործ Արտաշես Հովսեփյանի մահվան լուրը: Մտերիմ բարեկամիս, ով իրեն վաղուց մեռած էր համարում, որովհետև տարիներով անգործ էր, գործ չուներ, գործ չէին տալիս, իր համար գործ չկար: Քանդակագործին պատվեր պետք է տան, քար տան, գործ անի, «անգործ մեռնում եմ». իր ամենօրյա տրտունջն էր: Ծխում էր և սպասում, թե նախարարությունը կամ որևէ մեկը հրաշքով գործ կառաջարկի: Անզուգական Խորենացին մնաց չիրագործված, Խաչը ուսին Հիսուսը, Պեգասը, Վարդգես Սուրենյանցը չիրագործվեցին, «Սասունցի Դավիթ» կայարանը անավարտ մնաց: Քանդակեր, մեռնելը կմոռանար, այնինչ կերտածներով իսկ՝ Ալեքսանդր Թամանյան, Արմեն Տիգրանյան, Ջիվանի, Նիկողայոս Ադոնց, Մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարան, Կոնյակի գործարանի քանդակները, համտեսի սրահի հարթաքանդակները, Օրբելի եղբայրներ, Կարլ Մարքս, Եղիշե Չարենց, Հրանտ Մաթևոսյան, Կասկադի հարթաքանդակները, Երևանի Ս. Սարգիս, Նյու Յորքի Ս. Վարդան, Բերձորի Ս. Համբարձման եկեղեցիների քանդակները, խաչքարեր. արդեն անմահությունը վաստակած էր:
Սիրում էր մեջբերել Շտայներին. «Արվեստների մեջ առաջնայինը քանդակագործությունն է»: Հետո հավելում. «Դուք նկարիչներդ ի՞նչ կտավ առնում եք, մի հատ դեղին ծիրան, մանուշակագույն բադրջան եք ներկում, կոմպոզիցիա, միտք, խորությունն ո՞ւր է»: Իսկ այ եգիպտական արձանագործությունը նրա միակ բացարձակ ընդունելին էր:
– Այստեղ շարժումը քարացել է, ժամանակը կանգ է առել, մոնումենտալ հավերժության մեջ ընդմիշտ կանգ է առել,- սիրում էր կրկնել:
– Իսկ հաջորդը, անշուշտ, քո գործերն են,- կատակում էի ես:
– Զավզակ, չաչանակ, էնքան ես խոսում,- վրա էր բերում՝ անկախ նրանից, որ ես լավ լսող էի, իսկ ինքը զարմանալի դեպքերի գեղեցիկ շարադրող: Ինքը գնաց, իր հետ գնացին ժամանակի անկրկնելի դեպքերի, պատմությունների շարանները, որոնք իր կյանքի անբաժանելի մասն էին կազմում:
Ձայնագրիչ ձեռքբերեցի, որ պահպանեմ խոսքը, չհասցրի:
Լուսանկարը՝ Անդրանիկ Քոչարի, 1967 թ.
1974 թվականի ամռանն էր: Հերթական գինարբուքից թևեր առած՝ ճախրում էի երկնքի տակ՝ համոզված, որ աստղազարդ այս գիշերը վայելում եմ միայնակ, անաղմուկ, առանց վկաների, ազատված արվեստի հողի վրա գզվռտոցի ժխորից, առաջանում էի ուղեծրով դեպի տուն, ինքնագոհ մենության մեջ գիտակցությամբ, որ լռության այս վայելքը սթափությանս բնավ վնասակար չէ: Ճանապարհիս ոչ մի շուն իսկ չհանդիպեց. հավանաբար շատ ուշ էր անգամ նրանց համար: Եվ օ՜, հրա՜շք, լույս փարոսի ուղղություն ցույց տվող գիշերային միայնակ ճամփորդին, որը կարող է և մոլորվել մթին, շեղվել ճանապարհից: Մթության լռությունը ճեղքող լույսն այդ իր մոգական պայծառությամբ ինձ ձգում էր: Որքան առաջանում էի, այն ինձ թե՛ ծանոթ, թե՛ հարազատ էր դառնում, որովհետև այն սոսկ հասարակ լույս չէր, այլ սրտի և հոգու ջերմությամբ պայծառ ճառագող էներգիա, որը հորդում էր ինձ լավ ծանոթ մաեստրո Արտաշեսի արվեստանոցի պատուհանից: Այն ժամանակ արվեստանոցի դուռը շքամուտքի միջից էր և դռնից ձախ՝ կավով լցված հորի կողքով, և երկրորդ հարկ տանող աստիճանների տակից անցնելով՝ հայտնվում էիր ընդարձակ արվեստանոցում, ուր ես արդեն կանգնած էի: Ինչպես գիշերային երկինքը աստղերով լեցուն, այնպես էլ արվեստանոցի փայտյա հատակը սպիտակ գինու բազմաթիվ դատարկված շշերով էին շաղ տված, իսկ կենտրոնում՝ բազկաթոռի մեջ, ննջում էր մաեստրոն, գուցե անրջում:
Լուսանկարը՝ Վահան Քոչարի, 1998 թ.
Զգալով անծանոթ շնչառություն արվեստանոցում՝ բարձրացրեց գինով ծանրացրած գլուխը, տեսավ ինձ, ժպտաց.
– Ինչ լավ է, որ եկար, մենակ ոնց խմեմ,- ձեռքի շարժումով ցույց տվեց լեցուն շշերը:
Մեկը հարցնող լիներ, թե ինչ խմելու մասին է խոսքը, երբ ես լավ էի, իսկ ինքը՝ լափ լավ:
Եվ սակայն գինին բաց անելու և բաժակները լցնելու կարգադրությունը կատարված էր:
– Վաղը պետական հանձնաժողովը ընդունելու է Թամանյանս,- ասելով դատարկեց գավը: Շշերի քանակից ակնհայտ էր, որ բազմություն էր հյուրնկալվել մաեստրոյին, և որ նա խմելու գործում էլ իր բարձրության վրա է մնացել: Եվ, սակայն, պաուզան մեզ երկուսիս էլ չէր խանգարի այդ պահին:
Քիչ անց բաց անելով մետր-մետր ու կես իր կերտած Թամանյանի հուշարձանի երկու տարբերակները՝ կրկնեց. «Վաղը գալու են ընդունեն»: Ձայնը կարծես թե երերաց, միգուցե ինձ թվաց:
Բավական երկար լռություն տիրեց: Չեմ կարող ասել, որ այն բավարար էր, որ սթափվեինք առավել ևս մեր ունեցած զգալի բեռից, և այնուհանդերձ դա այն անհրաժեշտ պաուզան էր, որը վճռական է, ինչպես մի կտոր անհրաժեշտ, կենարար օդը, որը շնչառությունն է վերանորոգում: Պաուզա, որը մեռյալ կետից հանում ու հախուռն շարժման մեջ է դնում ակնապիշ ընթացքը:
– Գալու են,- ասելով մոտեցավ դազգահների վրա դրված գործերին: Ես նույն պես առաջացա դեպի մակետները, որոնցից մեկում Թամանյանը նստած էր, իսկ մյուսում ՝հասակով մեկ կանգնած և աջ ձեռքում մի խոյակ պահած:
Գինովցած էինք ու լուռ էինք և լուռ էինք, քանի որ գինով էինք: Օդը լարված էր անպատասխան հարցերից, որոնք չէին հնչել:
Միայն Աստված գիտե՝ որքան կշարունակվեր այս մունջ խոսակցությունը: Հանկարծ մաեստրոն դազգահի վրայից ցած գլորեց արձանի կանգնած տարբերակը, որը ընկնելով ծեփվեց հատակին՝ անասելի աղմուկով խաթարելով գիշերային լռությունը: Չգիտեմ՝ ինքը ինչպես, բայց ես այդ ակնթարթին ավելի սթափ էի, քան երբևէ կայի և կարծում եմ, որ ինքն էլ այդպիսին:
Սթափ ու լուռ էինք, քանի որ լուռ էինք ու սթափ:
Լռությունը հանկարծ փոխարինվեց ամբոխի բազմաձայն ժխորով: Պիժամայով մի կերպ հագնված, ձեռքերն ինչ անցել էր, գիշերվա կեսին հարևանները՝ կանայք ու տղամարդիկ, ներխուժեցին արվեստանոց՝ բարձրաձայն հարցնելով՝ ի՞նչ պատահեց, ի՞նչ պայթեց, ի՞նչ կատարվեց այստեղ, ի՞նչ ձայն էր, որտեղի՞ց: Եվ քար կտրած պապանձվեցին:
Արձան, որպես այդպիսին, գոյություն չուներ, իսկ մենք կանգնած էինք գետնի վրա տարածված կավի կույտի կողքերին: Քնհարամ մարդկանց ենթադրությունը միանգամից պարզ դարձավ: Ընբռնեցինք նրանց մտադրությունը: Նրանք պատրաստ էին ինձ բզիկ-բզիկ անել, քանի որ կարծում էին, որ ես եմ իրենց գիշերային անհանգստության պատճառը, իսկ քանդակի ճակատագիրը նրանց բնավ էլ չէր հուզում: Լավ է, որ Արտաշը իր համոզիչ խոսքով հանգստացրեց նրանց, փարատեց նրանց կասկածները, համոզեց, որ էլ չի կրկնվի այսպիսի խայտառակություն ու բարի քուն ու անուշ երազներ մաղթելով՝ ճանապարհեց բոլորին, ովքեր մռթմռթալով, բռթբռթալով հեռացան իրենց տները:
Մնացինք մենակ: Խմեցինք: Լուռ էինք, որովհետև սարխոշ էինք, սարխոշ էինք ու լուռ խմում էինք:
Մտածում էի՝ ինչ պետք է ցույց տա ընդունողներին, քանզի կանգնածը ընդմիշտ պառկած էր, որը կարելի էր գուցե և ցույց տալ, իսկ նստածն էլ…
Տապալված արձանի պայթյունի ձայնը ականջներիս մեջ էր:
Արտաշը շատ հանդարտ, բազկաթոռի մեջ նստած կարծես ոչինչ տեղի չէր ունեցել: Քիչ առաջ ածուխի մի կտորով հատակի վրա ինչ-որ բան էր նկարում ու ըմպում գինին:
Զարմանքիս չափ ու սահման չկար, որովհետև հատակի տախտակին մի քանի վայրկյանի ընթացքում պատկերված էր ուրվանկար, որը մեծ ճարտարապետ Թամանյանի հոյակապ հուշարձանն էր դառնալու:
Առաջարկեցի գետնի վրայի կավը հորը լցնեմ:
– Դու դրա հետ գործ չունես, ես բարձրանում եմ կես ժամ քնեմ, սա քեզ տախտակ, մուրճ, մեխ, լար: Որ իջնեմ, կարկասը կապած լինես:
Ես առարկեցի՝ ասելով, որ կավը կարող եմ լցնել հորը, բայց կարկաս կապել չեմ կարող, չունեմ այդ հմտությունը:
– Կարող ես, կարող ես,- ասաց ու գնաց քնելու:
Չգիտեմ՝ այդ պահին ինչ ուժեր էին ինձ առաջնորդում, սակայն ականատես եմ եղել մաեստրոյի կողմից իր ստեղծածի ավերման և նորի արարման մոգությանը: Ալեկոծված ներքնաշխարհովս դիմավորում էի լուսաբացը ծննդյան հրաշքի սպասելիքով: Պատրաստածս կարկասը մաեստրոյի կողմից գերազանց ընդունվեց: Գետնից կավը վերցնելով՝ արագորեն սկսեց լցնել կմախքը, հետո արվեստանոցի անկյունում տախտակի կտոր հարմարացնելով, որպես սեղան՝ կարգադրեց հանվեմ և կանգնեմ գծանկարում պատկերվածի դիրքով՝ ձեռքերս հենած սեղանին:
Աշխատում էր արագ, ինքնամփոփ ու ինքնավստահ: Կարճ տևեց բնորդի գործունեությունս:
– Կազմվածքդ Թամանյանին համապատասխան չէ,- ասելով ավարտեց գործն ու ձեռքն առավ գավը:
Խոստացա հաջորդ օրը ընկերոջս որպես բնորդ ներկայացնել, ով բարձրահասակ էր, նիհար և շատ ավելի համապատասխան էր Թամանյանի կառուցվածքին: Ուրախացավ, ասաց՝ ես էլ տենամ՝ ինչ եմ անում էդ հանձնաժողովի հետ:
Տանը ոդիսականս ընդունվեց ըմբռնումով, համենայն դեպս, այդպես ներկայացվեց: Հեռախոսով պայմանավորվեցի դպրոցական ընկերոջս՝ Մելիքյան Ռուբենի հետ, որպեսզի նա Թամանյանի արձանի համար լինի բնորդ: Ուրախությամբ համաձայնեց: Պայմանավորվեցինք հաջորդ օրվա համար:
Արտաշը քննախույզ հայացքով նայեց Ռուբենին՝ ասելով.
– Այ սա ուրիշ բան, հանվիր:
Ռուբենը գրավեց իմ երեկվա տեղն ու դիրքը, մաեստրոն իր տարերքի մեջ էր, իսկ ես ըմբոշխնում էի անցյալ գիշերվա վառ տպավորություններով առլեցուն հիշողությունս:
Հիշողություններ՝ ամենայն մանրամասներով, խոսքի, բառի առումով, դիվադադար հարևանների կերպարներով, իրենց մտքերով, մաեստրոի ասպետական կեցվածքով, արարքի վստահ համոզումով, իմ այդ կեսգիշերային հայտնությունով: Չիմացա էլ՝ ովքեր էին ինձանից առաջ եղած այցելուները, կարծես թե շատվոր էին՝ շշերի քանակից ելնելով, միգուցե հենց նրանցից հետո ուղարկվեցի, ինչո՞ւ ոչ: Ո՞վքեր էին, ի՞նչ էին խոսել, ո՞վ գիտե, գիտեի միայն՝ ինչ են խմել և ինչքան: Ինչպե՞ս ավարտվեց հանձնաժողովի կայանալիք այցելությունը, ինչո՞ւ չթողեց հավաքեմ կավը, ո՞ւր անհետացան դատարկ շշերը: Այս մտքերի խառնաշփոթ հարահոսի տարափը ջնջեց ժամանակի սահմանները: Չզգացի, թե ոնց թռավ ժամանակը:
Խմեցինք երեկվա գինուց, ժամադրվեցինք հաջորդ օրը աշխատանքը շարունակելու համար, Ռուբենի հետ դուրս եկանք:
Երեկոյան Ռուբենը զանգահարեց և ասաց, որ ինչ-որ անհետաձգելի գործ ունի ու չի կարողանալու ներկայանալ, բայց պայմանավորվել է իր միջնակ եղբոր՝ Լևոնի հետ, որը իր պես բարձրահասակ և նիհարակազմ էր և միանգամայն կարող էր փոխարինել իրեն:
– Բա Ռուբենն ո՞ւր է,- հարցրեց մաեստրոն:
Ասացի, որ Լևոնը Ռուբենի եղբայրն է և փոխարինելու է նրան, քանի որ վերջինս զբաղված է: Երբ Լևոնը հանվեց և դիրք ընդունեց, մաեստրոն ասաց.
– Այ սա իսկն է:
Որովհետև Լևոնը եղբոր հասակին էր, բայց զգալի նիհար, ինչը միանգամայն համահունչ էր Թամանյանի կերպարին:
Այդ աշխատանքային օրն էլ աննկատ թռավ, սակայն ծնունդ տվեց անկրկնելի մի հուշարձանի, որը անմահացնելու էր մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հիշատակը:
Այսպիսին է այս քանդակի պատմության սկիզբը, իսկ ավարտը՝ այն բազալտե հոյակապ կոթողն է, որը մեր մայրաքաղաքի պարծանքն է հանդիսանում:
Թամանյանի արձանի մասին Գրիգոր Խանջյանը, ում հանդեպ մեծ հարգանք էր տածում մաեստրոն, ասել է.
– Աշխարհի շատ երկրներում եմ եղել, բազմաթիվ արժանավոր անձանց արձաններ եմ տեսել, բայց այսպիսի կոմպոզիցիա, այսպիսի մեկնաբանություն, այսպիսի եզակի լուծումով հուշարձանը միակն է, որը ես գիտեմ:
ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐ
Օշական 10. 07. 2017