Կրծքագեղձի հիվանդություններ. գինեկոմաստիա
Advertisement 1000 x 90

Կրծքագեղձի հիվանդություններ. գինեկոմաստիա

Գինեկոմաստիան  դա կրծքագեղձի (կամ կրծքագեղձերի) մեծացումն է տղամարդկանց մոտ: Կրծքաագեղձի մեծացման չափսերը տարբեր են` 1-10 սմ, միջինը` 4սմ: Գինեկոմաստիան հանդիպում է 50-70% առողջ դեռահասների, 40%` հասուն տարիքի տղամարդկանց, և մինչև 60-70%`տարեցների մոտ:

Էստրոգեններն (էստրադիոլ) ու անդրոգենները (տեստոստերոն) կրծքագեղձերի վրա ունեն տարբեր ազդեցություններ: Էստրոգենները ունեն կաթնագեղձերի  ծորանների պրոլիֆերացիան խթանող, իսկ անդրոգենները` ընկճող ազդեցություն: Գինեկոմաստիան շատ հաճախ կապված է էստրոգենների բարձր մակարդակի, տեստոստերոնի ցածր մակարդակի կամ ծայրամասային հյուսվածքներում անդրոգենից էստրոգեն արագ փոխանակման հետ: Սակայն գինեկոմաստիայի պատճառ կարող են լինել նաև ԳԿՍՀ-ի մակարդակի կամ կառուցվածքի փոփոխությումը և անդրոգենային ընկալիչների դեֆեկտը:

Դասակարգումը

Իսկական գինեկոմաստիա:

Կրծքի մեծացումը կատարվում է ի հաշիվ գեղձային հյուսվածքի: Պտուկի տակ շոշափվում է պինդ գոյացություն, իսկ գերձայնային հետազոտությամբ երևում է գեղձը:

Կեղծ գինեկոմաստիա կամ լիպոմաստիա

Կուրծքը մեծանում է ի հաշիվ ճարպային հյուսվածքի: Այս ձևը հիմնականում դիտվում է ճարպակալումով տառապող տղամարդկանց մոտ:

Խառը գինեկոմաստիա

Իսկական և կեղծ գինեկոմաստիայի համակցում` ճարպային կամ գեղձային հյուսվածքի գերակշռմամբ:

Միակողմանի գինեկոմաստիա

Մեկ կրծքագեղձի մեծացում

Երկկողմանի գինեկոմաստիա:

Երկու կրծքագեղձերի մեծացում

 Ֆիզիոլոգիական  գինեկոմաստիա

  • Նորածնային գինեկոմաստիա: Ծննդաբերությունից հետո, երբ նորածին տղայի օրգանիզմում դեռ առկա է մոր էստրոգենների որոշակի քանակ, որը և բերում է կրծքագեղձերի ուռչեցմանը: Դա անհետանում է առաջիկա կես տարվա ընթացքում:
  • Սեռահասուն շրջանի գինեկոմաստիա: Սեռական հասունացման շրջանում, կտրուկ աճում է տղմարդու սեռական հորմոնների (անդրոգեններ) մակարդակը, սակայն այն ամբողջությամբ չի յուրացվում: Անդրոգենների մի մասը ենթարկվում է արոմատիզացիայի, առաջացնելով մեծ քանակությամբ էստրոգեններ (կանացի հորմոններ), որոնք բերում են կրծքագեղձերի մեծացմանը:
  • Մեծահասակների գինեկոմաստիա: Տղամարդու տարիքի  առաջացման հետ,  անդրոգենների քանակը պակասի և էստրոգենների քանակի ավելացման հետևանքով:

Պատճառները

  • Կլայնֆելտերի համախտանիշ
  • Տեստիկուլյար ֆեմինիզացիա
  • Հիպոթիրեոզ
  • Կաստրացիա  (ամորձիների հեռացում)
  • Խորիոկարցինոմա
  • Հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքներ
  • Բրոնխների քաղցկեղ
  • Լյարդի և երիկամների հիվանդություններ
  • Ալկոհոլի չարաշահում
  • Շաքարային դիաբետ
  • Ճարպակալում
  • Գարեջուրի չարաշահումը (այն պարունակում է ֆիտոէստրոգեններ)
  • Նարկոտիկներ (հաշիշ, հերոին…)
  • Դեղորայքի կողմնակի ազդեցություն (միզամուղներ, անաբոլիկ ստերոիդներ, հակադեպրեսանտներ, հորմոններ…)

Կլինիկական պատկերը

  • Կրծքի (կաթնագեղձի) շրջանում ծանրություն և անհանգստացնող զգացում
  • Գինեկոմաստիայի տևական բնույթը մեծացնում է կրծքագեղձի ուռուցքի հավանականությունը
  • Եթե պտուկից առկա է արյունային արտադրություն, կաթնագեղձի պնդացում, երբեմն մաշկի գույնի փոփոխություն, ապա հարկավոր է այն դիֆերանցել կրծքագեղձի քաղցկեղի հետ

Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում

  • Օբկեյտիվ քննություն: Կրծքագեղձերի շոշափելիս նկատվում է խիտ, էլաստիկ և շարժուն գոյացություն, հստակ կոնտուրներով,անցավ: Ռեգիոնար ավշահանգույցները մեծացած չեն:
  • Ուլտրաձայնայինհ ետազոտություն:
  • Մամոգրաֆիա (երբեմն)
  • Գանգի և կրծքավանդակի ռենտգենաբանական հետազատություն
  • Հորմոնալ պրոֆիլի հետազոտություն (էստրոգեն, տեստոստերոն, պրոլակտին, մակերիկամի հորմոններ..)
  • Լյարդի ֆունկցիայի հետազոտություն
  • Կաթնագեղձի ուռուցքի բացառման համար կատարվում է տվյալ գոյացության պունկցիա և հետագա բջջաբանական հետազոտություն:

Բուժում

Գինեկոմաստիայի ֆիզիոլոգիական ձևերը հիմնականում անհետանում են ինքնաբերաբար և չեն պահանջում դեղորայքային շտկում: Երբեմն, դեռահասների մոտ, էստրոգենների բարձր կոնցենտրացիան ճնշելու համար, կարող են նշանակվել հորմոնային պրեպարատներ: Որոշ դեղորայքների կողմակի ազդեցությամբ պայմանավորված գինեկոմաստիաներն անհետանում են դրանք ընդհատելուց հետո:

Իսկ վիրահատական բուժման ցուցումներն են.

  • Կրծքագեղձի մեծ ծավալը
  • Գինեկոմաստիայի տևողությունը (մեկ տարուց ավել)
  • Կոնսերվատիվ բուժման անարդյունավետություն
  • Կոսմետիկ նպատակով

Հիշեցում:
Գինեկոմաստիայի ախտորոշման և վարման համար կարևոր է էնդոկրինոլոգի, ուրոլոգի, մամալոգի  և գեղձային վիրաբուժի խորհրդատվություններն ու համագործակցությունը:

Գրետա Մուրադյան, էնդոկրինոլոգ

urolog.am