Կրծքով կերակրելը կանանց պաշտպանում է ցրված սկլերոզից: Այս մասին նշված է Kaiser Permanente-ի (Հարավային Քալիֆորնիա) մասնագետների հետազոտության մեջ:
Հետազոտողների խոսքով` կրծքով կերակրելու ժամանակ կնոջ օրգանիզմում սեռական հորմոններն արգելափակվում են, որոնք կապված են այս անբուժելի հիվանդության զարգացման հետ: Այն կանայք, որոնք կրծքով կերակրելուց հետո համենայնդեպս բախվում են ցրված սկլերոզին, զգալիորեն ավելի պակաս ծանր ախտանիշներ են ունենում, քան նրանք, որոնք երբեք կրծքով չեն կերակրել:
Ցրված սկլերոզին հատուկ է նյարդերի միելինային թաղանթի մաշվածությունը, ինչը խախտում է ուղեղից մարմնին ազդանշանների անցանելիությունը և բացասաբար է ազդում մարդու շարժողականության, տեսողության, խոսքի և այլ ֆունկցիաների վրա: Այսօրվա դրությամբ ցրված սկլերոզն անբուժելի հիվանդություն է համարվում. բժիշկներն իրենց տրամադրության ներքո միայն աննշան քանակի դեղեր ունեն, որոնք օգնում են մեղմել հվանդության ախտանիշները և դանդաղեցնել պրոգրեսը, սակայն ոչ բոլոր հիվանդներին են օգնում և հիվանդության ոչ բոլոր տարատեսակների դեպքում:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իրենց երեխաներին 15 ամսից ոչ պակաս կրծքով կերակրած կանանց ամբողջ կյանքի ընթացքում ցրված սկլերոզի առաջացման հավանականությունը 50 տոկոսով փոքր է այն կանանց համեմատությամբ, որոնք կրծքով են կերակրել 4 ամսից պակաս կամ ընդհանրապես չեն կերակրել: Հետազոտության հեղինակների կարծքիով` կրծքով կերակրելն ազդում է կանանց սեռական հորմոնների վրա: Երբ կինը երեխային ծննդաբերում է, նրա մոտ երկար ժամանակ ձվազատում չի նկատվում` սովորաբար մինչև այն ժամանակ, երբ նա դադարում է կրծքով կերակրել: Եթե կինը հրաժարվում է կրծքով կերակրելուց և անցնում է արհեստական կերին, նրա մոտ արագ բարձրանում է էստրոգեն հորմոնի մակարդակը, ինչը թույլ է տալիս նորից բեղմնավորվելու: Չնայած էստրոգենն անհրաժեշտ է կնոջ օրգանիզմի նորմալ գործառնության համար, դրա բարձր մակարդակը կապված է որոշակի խանգարումների, այդ թվում` կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղի, նաև ցրված սկլերոզի առաջացման հետ:
Այսօր շատ երկրներում կանանց խորհուրդ են տալիս չդադարեցնել կրծքով կերակրելը` առնվազն 6 ամիս, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս այս ժամկետը երկարացնել մինչև 12 ամիս: Կրծքով կերակրելը որքան երկար է տևում, այնքան կնոջ, նաև երեխայի օրգանիզմը մեծ պաշտպանություն է ստանում: