«Ես ուրախությամբ սպասում եմ հեռանալուն և հույս ունեմ, որ երբեք չեմ վերադառնա»,- այս խոսքերի հեղինակը մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոն է (1910-1954 թթ.), որի գործերի մեծամասնությունը (հիմնականում սյուրռեալիստական ոճի) ինքնակենսագրական են: Սակայն նկարչուհու կարճատև կյանքն այնքան լի է եղել տանջանքներով, որ այդքանն էլ բավականացրել է համաշխարհային մշակույթի պատմության վրա մեծ ազդեցություն ունենալու համար:
Ցավը վառ պատկերներ է ծնում: Սոցիալական մեծ ցնցումների ժամանակաշրջանում ծնված Ֆրիդան այս մասին չի իմացել. նա սովորական` կենսուրախ ու առողջ, մեքսիկուհի է եղել: Սակայն 18 տարեկան հասակում նրա կյանքն ամբողջովին փոխվել է: Ֆրիդան ավտովթարի է ենթարկվել (ավտոբուսը բախվել է տրամվային), որից հետո սկսվել է նրա տանջալի կյանքը: Ամիսներ շարունակ նա գամված է եղել անկողնուն: Բժիշկները գրեթե հույս չեն տվել, որ նա ոտքի կկանգնի: Իր կյանքի ընթացքում Ֆրիդան տասնյակ վիրահատությունների է ենթարկվել և դրանց հետևել է զգոն վիճակում: Սակայն վճռական աղջիկը, որ անկողնուն գամված, նկարել է նույնիսկ սեփական մարմնի գիպսի վրա, մի օր սկսել է քայլել: Նա իր դիմանկարները ցույց է տվել համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ Դիեգո Ռիվերային, որին դեռ դպրոցական տարիքից է ճանաչել (Ռիվերան հաղթանդամ ու տգեղ տղամարդ է եղել` նման հեքիաթային մարդակերի): Ու հենց այդ ժամանակ էլ Ֆրիդան որոշել է, որ պետք է ամուսնանա Դիեգոյի հետ: Նրանք շատ տարօրինակ ամուսնական կյանք են ունեցել: Մի կողմից` երկուսն էլ հաճախակի սեքսուալ հարաբերություններ են ունեցել ուրիշների հետ, մյուս կողմից` շատ են խանդել ու ամբողջ կյանքում հոգեպես հավատարիմ են մնացել մեկմեկու: «Իմ կյանքում երկու վթար է տեղի ունեցել: Մեկը, երբ ավտոբուսը բախվեց տրամվային, իսկ մյուսը Դիեգոն է»,- ասել է Ֆրիդան: Երկուսն էլ սիրել են ընկերական հավաքույթները, խմիչքը, զվարճանքները: Երկուսն էլ եղել մեծ հեղափոխականներ` տարված Մարքսի ու Լենինի աշխատություններով:
Չնայած իր կյանքի վառ իրադարձություններին ու անհաջողություններին` Ֆրիդային ամբողջ կյանքում ուղեկցել են անտանելի ֆիզիկական ցավերը: Բայց նա երբեք չի փորձել ինքնասպան լինել, փոխարենը` պայքարել է մինչև վերջ: Եվ հենց այս տանջանքներն ու ցավը, շվայտ կյանքն ու սերը իրենց զուգահեռ արտահայտությունն են գտել Ֆրիդա Կալոյի բոլոր գործերում:
Ռեժիսոր Ջուլի Թեյմորի` 2002թ. նկարահանված «Ֆրիդա» ժապավենում նկարչուհու դերին հավակնել են նաև Մադոննան ու Ջենիֆեր Լոպեսը, սակայն ֆիլմի հեղինակները նախապատվություն են տվել Ֆրիդայի հայրենակցուհուն` Սալմա Հայեկին: Ֆրիդան ամենևին էլ սուրբ չի եղել, շատ բարդ անձնավորություն է եղել: Շատ է խմել, ամուսնուն դավաճանել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ, հայտնի է եղել իր սև հումորով: Սակայն ֆիլմի հզորությունը կայանում է հենց նրանում, որ նույնիսկ շատ հարգելով ու գնահատելով նկարչուհուն` Սալմա Հայեկը նրան չի ֆետիշացրել, այլ պատկերել է այնպես, ինչպես Կալոն եղել է իրականում` իր բոլոր թերություններով և առավելություններով: Կինոքննադատների կարծիքով, Սալման դա արել է հիանալի ձևով (պատահական չէ, որ այս դերի համար նա ներկայացվել էր «Օսկարի»): Ֆիլմում ուշադրության է արժանի նաև նկարիչների և դիմահարդարների աշխատանքը: Նրանց շնորհիվ Ֆրիդա Կալոյի կյանքի ու գործունեության մասին համաշխարհային հանրությունը ավելի հավաստի ու վառ պատկերացում կազմեց:
Պատրաստեց Զավեն Սարգսյանը
«3 Միլիոն»