Դիետա գեղեցիկ մաշկի համար. benice.am
Advertisement 1000 x 90

Դիետա գեղեցիկ մաշկի համար. benice.am

Սխալ սննդակարգը, ինչպես նաև ոչ այնքան օգտակար մթերքների չարաշահումը լավ չեն անդրադառնում մեր մաշկի վրա, դրանում համակարծիք են և կոսմետոլոգները, և դիետոլոգները: Եթե Ձեզ անհանգստացնում են կորյակները, մաշկի կարմրությունն ու թեփոտումը, ամենայն հավանականությամբ սննդակարգում ինչ-որ բան այն չէ, այսինքն որոշ սննդանյութեր չափից ավել կամ պակաս եք օգտագործում: Մաշկային խնդիրներից խուսափելու համար, հետևեք ճիշտ սնվելու մասին մեր պարզ, բայց գործուն խորհուրդներին: և այսպես, ինչ դիետա է անհրաժեշտ մեր մաշկին…

Եթե հայտնվում են կորյակներ

Կորյակային ցանը հայտնվում է նաև սխալ սննդակարգի հետևանքով: Եթե Ձեր ճաշացանկում մեծ մասամբ մտնում են օսլա պարունակող մթերքներ (օրինակ կարտոֆիլ), աղ, շաքար և ճարպ, ապա կարելի է ասել, որ ակնեն պատրաստ է: Բացի այդ, մաշկային ցանի առաջացմանը նպաստում է՝ թթու դրած և ապխտած մթերքների, ինչպես նաև թեյի, սուրճի չարաշահումը:

Ինչ անել կորյակների դեպքում

Սննդակարգից բացառեք ճարպագեղձերի ակտիվացմանը նպաստող , ինչպես նաև ինսուլինային փոխանակությունը խաթարող մթերքները, մասնավորապես՝ կոնսերվանտներ պարունակող ուտելիքները(կարդացեք տուփի վրա), գազավորված խմիչքները, ինչպիսիք են պեպսին և կոկա-կոլան, շոկոլադի փոխարինիչները, կծու, ապխտած և աղի մթերքները, ինչպես նաև քաղցրավենիքները(այդ թվում նաև մեծ քանակությամբ քաղցր յոգուրտները):

Բացի այդ, ցանկալի է մինիմումի հասցնել կենդանական ճարպերի օգտագործումը, բացառություն է կազմում յուղալի ծովաձուկը: Սննդի մեջ օգտագործեք չափավոր քանակությամբ ամբողջական ցորենի հաց և մակարոնեղեն՝ պատրաստված պինդ տեսակի ցորենի ալյուրից: Օգտագործեք հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն և շիլաներ՝ պատրաստված ամբողջական հացահատիկից: Խմեք շատ հեղուկներ՝ օրական մինչև երկու լիտր:

Եթե մաշկը թեփոտվում է

Նկատել եք, որ մաշկը սկսել է թեփոտվել: Գուցե դուք, ցանկանալով ազատվել ավելորդ կիլոգրամներից, ամբողջությամբ բացառել եք ձեր սննդակարգից ճարպ պարունակող մթերքները, և մաշկը վճարում է դրա համար: Օրական օգտագործելով քսան գրամից պակաս ճարպ, դուք օրգանիզմը չեք հագեցնում վիտամին A-ով, որը կանխում է վաղաժամ ծերացումը: Առանց նրա մաշկը չորանում է և սկսում թեփոտվել:

Ինչ անել մաշկի թեփոտման դեպքում

Եթե նույնիսկ դուք դիետա եք պահում, սննդակարգում պետք է լինեն ճարպեր, ինչպիսին օրինակ ձիթապտղի յուղն է, որով կարելի է ցողել բանջարեղենը: Բացի այդ, և բանջարեղենային, և մրգային աղցաններին ավելացրեք՝ ընկուզեղեն, ավոկադո և ձիթապտուղ, դա բարենպաստ ազդեցություն կունենա ձեր մաշկի վրա՝ առանց քաշն ավելացնելու:

Եթե Ձեր մաշկը կարմրում է

Այտերի թեթև կարկրությունը խոսում է լավ առողջության մասին և գրավչություն է տալիս դեմքին: Իսկ այտերի մաշկի արտահայտված կարմրությունը կարող է վկայել՝ կծու համեմունքների, յուղոտ և ապխտած մսի, ալկոհոլի չարաշահման մասին, որոնց ազդեցության տակ տեղի է ունենում արյունատար անոթների լայնացում և դեմքը խիստ կարկրում է:

Ինչ անել մաշկի կարմրության դեպքում

Եթե այտերը դառնում են բոսորագույն շատ արագ և շատ հաճախ, ապա վերլուծեք ձեր սննդի ռացիոնը և բացառեք անոթալայնիչ մթերքները, օրինակի համար մի օգտագործեք կծու համեմունքներ: Չի՞ հաջողվում ամբողջությամբ հրաժարվել, ուրեմն քչացրեք օգտագործվող քանակը: Դա վերաբերվում է նաև գինուն:

Եթե հայտնվում են վաղաժամ կնճիռներ

Օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները նպաստում են վաղաժամ կնճիռների առաջացմանը, մաշկի ծակոտիների խցանվում են, և որպես հետևանք առաջանում է բորբոքում՝ բշտերի տեսքով: Դրանից կարելի է խուսափել, ամենօրյա սննդակարգում ներառելով ձկնեղեն, որը հանդիսանում է ճարպաթթուների աղբյուր (օմեգա-3), ինչպես նաև ընկույզ, պնդուկ, նուշ, կտավատի յուղ (կամ կտավատի սերմ):

Մի փոքր փոփոխություն սննդակարգում. մաշկի համար վնասակար մթերքների սահմանափակումն ու խելամտության սահմաններում օգտակար սննդամթերքի օգտագործումը կօգնի հաղթահարել մաշկային խնդիրները՝ երկար ժամանակ պահպանելով նրա գեղեցկությունը, թարմությունն ու երիտասարդությունը:

benice.am