168.am-ի զրուցակիցն է սննդաբան, բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը
– Ամռան սեզոնին շատ հաճախ են լինում սննդային թունավորումներ և աղիքային հիվանդություններ: Ինչպե՞ս պետք է կարգավորել սննդակարգը՝ նման խնդիրներից խուսափելու համար:
– Շոգ եղանակներին, երբ օդի ջերմաստիճանը բարձր է լինում 30-35 աստիճանից, խորհուրդ է տրվում կարմիր միս չուտել, դա տավարի, խոզի, ոչխարի միսն է: Ինչքան ճարպոտ է միսը, այնքան ավելի դժվարամարս է, իսկ շոգ եղանակներին մեր նյութափոխանակությունն ավելի դանդաղ է լինում, ու, բնականաբար, խորհուրդ ենք տալիս այդ մսամթերքները չուտել: Կարմիր միսը փոխարինում ենք հավի և ձկան մսով, որոնք ավելի թեթև են մարսվում, ու աշխատում ենք ուտել թարմ միրգ և բանջարեղեն: Մրգերը և բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ հեղուկ, որն անհրաժեշտ է լինում շոգ եղանակներին՝ մեր ջրի պակասն ավելացնելու համար: Քրտինքի հետ միասին՝ մեր օրգանիզմից դուրս են գալիս նաև կարևոր միկրոէլեմենտներ, դրանք մենք կարող ենք մրգերի և բանջարեղենի հետ լրացնել: Շատ հեղուկ պետք է օգտագործենք: Օրինակ, 70 կիլոգրամանոց մարդուն սովորաբար օրական անհրաժեշտ է 2000 միլիլիտր ջուր, եթե ամառվա շոգ եղանակ է, հատկապես, եթե մարդն ունի գերքրտնարտադրություն, ապա ամենաքիչը 500-700 միլիլիտր պետք է ավելանա այդ 2000-ին: Եթե մարդը մարզվում է, առավել ևս, չպետք է վախենալ, մինչև 4-5 լիտր ջուր կարող է խմել: Եթե ունենում ենք թուլություն, մաշկի չորություն, դրանք բոլորը ջրազրկման հետևանքներ են:
Ինչ վերաբերում է թունավորումներին, բնականաբար, շոգ եղանակներին, բացի նրանից, որ մեր նյութափոխանակությունն է դանդաղած լինում, նաև մթերքները շատ արագ են փչանում, ինչպես սառնարանից դուրս, այնպես էլ սառնարանի ներսում: Միայն սառցարանում կարելի է մթերքները պահել, եթե մեկ-երկու օրից ավելի ենք պահում, և, բնականաբար, կարող է մի խմորեղենը, որի մեջ կրեմ կա, 2 ժամվա ընթացքում փչանալ սեղանին դրված, այն պարագայում, որ ձմռանը շատ հանգիստ դուք կարող էիք հյուրասիրություն անել ու մի քանի ժամ պահել քաղցրեղենը սեղանի վրա:
– Մեզ մոտ ավանդույթ է ամռան սեզոնին ընտանիքով և բարեկամներով գնալ բացօթյա վայրեր, խորոված անել, ալկոհոլ օգտագործել: Ինչքանո՞վ է վտանգավոր այս սեզոնին նման մթերքներ օգտագործելը, և ինչպե՞ս կարելի է խուսափել վտանգներից:
– Բացօթյա վայրերում սննդի ընդունումը երևի ամառվա ամենահաճելի բանն է, դրա հետ կապված ոչինչ չեմ էլ ուզի ասել, բայց ավելի շատ խորհուրդ կտամ բանջարեղենային խորովածներ անել՝ սմբուկի, բիբարի խորովածը շատ լավ տեսակ կարող է լինել, որովհետև ո՛չ ճարպ ենք ավելացնում նրա վրա, ո՛չ ինչ-որ ավելորդ բաներ: Ինչ վերաբերում է մսին, ինչպես ասացի, շատ ավելի լավ կլինի փոխարինել, օրինակ, խոզի խորովածը ձկան խորովածով: Իսկ ալկոհոլը, բնականաբար, ավելացնում է ջրազրկման քանակը, քանի որ հա՛մ քրտնարտադրությունն է ավելացնում, հա՛մ նյութափոխանակությունը ավելացնելով՝ կարող է հեղուկների քանակը հանել օրգանիզմից: Եթե 1-2 բաժակը ոչ շոգ եղանակին կարող էր ոչնչի չբերել, ապա շոգ եղանակին կարող է ինքնազգացողության վատացումներ լինեն՝ գլխապտույտներ, ուշագնացություններ, սրտխառնոց և այլն: Այսինքն՝ այստեղ ևս պետք է ուշադիր լինել: Եթե քաղաքից դուրս գնալ՝ ինչ-որ ալկոհոլ օգտագործելու միտումով, կարելի է լավ ցուրտ տեղեր գնալ, որպեսզի չարևահարվեք, չջրազրկվեք, ինչպես նաև՝ ճնշման տատանումներ չունենաք, որովհետև շոգ եղանակներին անոթները տեղից լայնանում են, անոթների լայնացման հետևանքով ուշագնացությունները շատ հաճախ են տեղի ունենում, իսկ ալկոհոլը հենց այդ՝ անոթները լայնացնելու հատկությունն ունի:
– Հաճախ են լինում նաև ձմերուկից թունավորման դեպքեր: Հնարավո՞ր է խուսափել դրանից, և ինչպե՞ս:
– Այո, իհա՛րկե: Պետք է պարտադիր ձմերուկ գնել այն վայրերից, որտեղ, դուք համոզված եք, որ երկար արևի տակ չեն մնացել: Այսինքն՝ բաց արևի տակ գտնվող տեղերից չգնել ձմերուկներ: Երկրորդ՝ երևի թե վատ տեսք ունեցող ձմերուկներ չուտել, այսինքն՝ երբ գնում եք ձմերուկը, կտրում եք և տեսնելով, որ այն սովորականին նման տեսք չունի՝ պետք է չափսոսալ ու դեն նետել այդ ձմերուկը, որովհետև, իրոք, թունավորման պատճառ կարող է լինել:
– Կարո՞ղ եք ասել՝ ամռան սեզոնին օրական միջինն ինչքա՞ն կիլոկալորիա կարելի է ստանալ:
– Ես նշեցի, որ ամռան շոգ եղանակին օդի ջերմաստիճանը լինում է մեր ջերմաստիճանից բարձր՝ 36, 37, մինչև 40 աստիճան բարձրանում է: Այս եղանակային պայմաններում նյութափոխանակությունը նվազում է, ինչը նշանակում է, որ, եթե սովորաբար մեզ պետք էր 1500-1700 կիլոկալորիա՝ մեր օրգանիզմը պահպանելու համար, հիմա 1300-ը բավական է, որովհետև մեր նյութափոխանակությունը հասել է այդ մակարդակին: Այսինքն՝ համապատասխանաբար մենք պետք է ևս մեր ընդունած էներգիան քչացնենք, որպեսզի ամռան սեզոններին չունենանք գիրացում: Դա ինքնըստինքյան, կարծես թե, բոլոր մարդկանց մոտ տեղի է ունենում, շատերից լսած կլինեք, որ ախորժակի անկում կա: Եթե ենթագիտակցորեն ձեր օրգանիզմը չի նվազեցնում, դուք արդեն պետք է հենց մտածելով՝ մտադրված նվազեցնեք կիլոկալորիաների քանակը: Եթե սննդակարգից հանենք բոլոր յուղոտ մթերքները և ավելացնենք միրգ ու բանջարեղեն, ինքնըստինքյան դա տեղի կունենա:
Անի Քեշիշյան