Մանկագիր Նաիրա Եդիգարյանի «Չիփչու Նիչուն և կամակորները» նկարազարդ վիպակը հասցեագրված է 6-12 տարեկան երեխաներին: Այն պատմում է ծիածանի վրա ապրող Չիփչու Նիչուի և կամակոր փոքրիկ աղջկա ընկերության մասին: Վիպակը նկարազարդել է սիրված անիմատոր և նկարիչ Նաիրա Մուրադյանը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 29-ին «Զանգակ» գրատանը:
«Այս գիրքը կամակոր երեխաների մասին է: Կա մի կերպար, որի անունը Անմիջապեսիսկույներորդ է, և նա ցանկանում է, որ ամեն բան արագ լինի և հենց նույն վայրկյանին: Գլխավոր հերոսը Չիփչու Նիչուն է, ով ապրում է ծիածանի վրա ու, հայտնվելով սովորական քաղաքում, կորցնում է իր տունն ու ծիածանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց մանկագիրը:
Նրա խոսքով`գրելիս երբեք հատուկ նպատակ չի հետապնդում: «Թեմաները ծնվում են ստեղծագործելու ընթացքում: Հորինում եմ հերոսներին, սկսում եմ խոսել նրանց փոխարեն ու երբ մոռանում եմ, որ ես եմ նրանց լեզուն, սկսվում է իրական հեքիաթը, որը փոքրիկներին շատ է գրավում»,-շեշտեց Եդիգարյանը:
Շնորհանդեսն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում: Նաիրա Եդիգարյանը փոքրիկներին պատմեց, թե ինչպես է Չիփչու Նիչուն խնդրել, որ ինքը հեքիաթ գրի նրա մասին, այնուհետև տարբեր խաղեր խաղաց երեխաների և նրանց ծնողների հետ` մեծ հրճվանք ու բավականություն պատճառելով ներկաներին: Փոքրիկները ոգևորված էին ու անհամբերությամբ էին սպասում գիրքն ընթերցելուն:
Ամենաակտիվ մասնակիցներից մեկը` տասնամյա Տիգրանն ասաց, որ կարդացել է Նաիրա Եդիգարյանի նախորդ հեքիաթն ու շատ է հավանել այն: «Այս խաղերից հատկապես ինձ դուր եկավ, երբ թագավորի զայրույթով ընթերցեցի նրա ենթականերին ուղղված նամակը: Հասցրեցի սիրել Չիփչու Նիչույին ու մեծ հաճույքով եմ ընթերցելու այն»,-եզրափակեց փոքրիկ գրքասերը:
«Չիփչու Նիչուն և կամակորները» գիրքը շուտով հնարավոր կլինի ձեռք բերել Երևանի տարբեր գրախանութներում:
Նաիրա Եդիգարյանը տասը տարի աշխատել է «Հայրենիք» մանկական հեռուստաընկերությունում: Նա նշում է, որ շատ է մանկական սցենարներ գրել ու հավանաբար դա է նպաստել իր գրական գործունեության մեկնարկին: Ներկայումս Նաիրան նոր ստեղծագործություն է գրում մեծահասակների համար: Նա նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի է: