Սոլակ 1 ամրոց. Արգիշտի թագավորի ևս մեկ ժառանգություն. news.amTV (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սոլակ 1 ամրոց. Արգիշտի թագավորի ևս մեկ ժառանգություն. news.amTV

Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մերձակայքում Ուրարտական դարաշրջանի Սոլակ 1 հնագիտական հուշարձանի պեղումների ընթացքում գտնվել է այրված փայտե ծածկի մոխիր: Մոխրի անալիզով պարզվել է, որ հուշարձանը թվագրվում է մ.թ.ա. 8-5-րդ դարերով: Սակայն այստեղ կյանքը շարունակվել է նաև ավելի ուշ, ասում է արշավախմբի ղեկավար, հնագետ Արթուր Պետրոսյանը:

Այս հուշարձանը հետաքրքիր է այն բանով, որ իր հատակագծով այն դասական ուրարտական կառույց է, սակայն այստեղ օգտագործվել է քարի շարման տեղական տեխնիկան և տեղական շինանյութը:

Կառույցը, որն այժմ ուսումնասիրում է հայ-իտալական արշավախումբը, ամրոց է կամ դղյակ, ունի 27×27 մետր չափերով քառակուսու ձև: Արշավախմբի իտալական կողմի ղեկավար Ռոբերտո Դանը նշեց, որ այն միջանցքով 2 կեսի է բաժանված: Արևելյան հատվածում 4 սենյակ կա, որոնք միջանցք են դուրս գալիս: Այս սենյակները տնտեսական նշանակություն են ունեցել, այստեղ է պահվել սննդամթերքը:

Արևմտյան կեսում 3 սենյակ կա, սակայն միջանցք ելք ունի միայն առաջին ոչ մեծ սենյակը: Ենթադրվում է, որ այս հատվածը նախատեսված էր հասարակական գործունեության համար:

Ռոբերտո Դանի պարզաբանմամբ՝ երբ պարզվեց, որ այս հնավայրը ուրարտական դարաշրջանի հուշարձան է, հնագետները փորձեցին այն ներառել արդեն հայտնի ուրարտական հնավայրերի համակարգի մեջ: Փաստորեն, Սոլակ 1-ը գտնվում է մեզ արդեն հայտնի նույն ժամանակաշրջանի մի քանի ամրոցների միջև ընկած ճանապարհի միջնամասում: Դեպի հարավ 20 կմ հեռավորությամբ 2 ամրոց է գտնվում՝ Արամուսը և Դովրին: Այստեղից 20 կմ դեպի հյուսիս գտնվում է Լճաշենի ամրոցը: «Այսինքն՝ Սոլակ 1 ամրոցը կառուցվել է Արամուսի և Լճաշենի միջև ճիշտ կես ճանապարհին: Այն կառուցվել է Արարատյան դաշտավայրից Սևանա լիճ տանող ճանապարհին: Ուրարտական սեպագիր արձանագրություններից մեզ հայտնի է, որ Արաքս գետն անցած առաջին թագավորը Արգիշտին է, և, հնարավոր է, այս ամրոցը կառուցվել է հենց նրա թագավորության ժամանակ, երբ ամբողջ տարածաշրջանն արդեն ուրարտական ազդեցության ներքո էր»,- ասում է հնագետը:

news.am