Ցրված սկլերոզի 4 հնարավոր պատճառ
Advertisement 1000 x 90

Ցրված սկլերոզի 4 հնարավոր պատճառ

Ցրված սկլերոզը շարունակում է մնալ ամենահանելուկային հիվանդություններից մեկը. հիվանդության առաջացման ճշգրիտ պատճառները գիտությանը դեռևս անհայտ են: Բրիտանական NHS Choices-ի մասնագետները հայտնել են հիվանդության մի շարք հնարավոր պատճառների մասին:

Գեներ

Ցրված սկլերոզը (ՑՍ) ժառանգական հիվանդություն չի համարվում, սակայն կարծիք կա, որ այն մարդկանց շրջանում, որոնք այս հիվանդությամբ ազգականներ ունեն, առաջացման հավանականությունը մեծ է: ՑՍ-ի դեպքերի մոտ 2-3 տոկոսն առաջանում է այս հիվանդությամբ տառապողի երեխայի կամ եղբոր/քրոջ մոտ:

Արևի լույսի և D վիտամինի պակաս

Հյուսիսային երկրներում ցրված սկլերոզն ավելի տարածված է, քան հարավային երկրներում: Հնարավոր է՝ սա կապված է արևի լույսի և D վիտամինի պակասի հետ: Սակայն դեռևս հայտնի չէ՝ այս վիտամինի պարունակությամբ սննդային հավելումները կարո՞ղ են ՑՍ-ից պաշտպանություն ապահովել:

Ծխել

Ծխողները ցրված սկլերոզով 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան չծխող մարդիկ: Ի տարբերություն վտանգի այլ շատ գործոնների, մարդն այս գործոնի վրա կարող է ներգործել. ծխելուց հրաժարվելը ցանկացած դեպքում մարդու համար օգտակար կլինի:

Վիրուսային ինֆեկցիաներ

Տարածված կարծիքի համաձայն՝ որոշ վիրուսային ինֆեկցիաներ, օրինակ՝ Էփշթեյն Բարի վիրուսը, կարող են իմունային համակարգը գրգռել և որոշ հիվանդների մոտ նպաստել ցրված սկլերոզի առաջացմանը:

med.news.am