Մի օր ես տղա կունենամ և ամեն ինչ հակառակը կանեմ
3 տարեկանից նրան անընդհատ կասեմ. «Թանկագինս, դու պարտավոր չես ինժեներ կամ իրավաբան դառնալ: Եվ ընդհանրապես, բացարձակ կարևոր չէ, թե դու ինչ կդառնաս, երբ կմեծանաս: Ուզում ես դիահերձո՞ղ դառնալ, դարձիր, թե՞ ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքն է քեզ դուր գալիս: Խնդրեմ: Իսկ գուցե առևտրի կենտրոնում մանուկներին զվարճացնող ծաղրածո՞ւ: Գերազանց ընտրություն է»:
Եվ իր 30-ամյակի օրը նա կգա ինձ մոտ, այդ քրտնած, ճաղատացող, դեմքին գրիմի հետքերով ծաղրածուն, ու կասի.
– Մայրիկ, ես արդեն 30 տարեկան եմ: Ես ծաղրածու եմ առևտրի կենտրոնում: Դու այսպիսի՞ կյանք էիր ինձ համար ցանկանում: Ի՞նչ էիր մտածում դու, երբ ինձ ասում էիր, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ: Ի՞նչ էիր ուզում, երբ, ասենք, մաթեմատիկայով զբաղվելու փոխարեն՝ դու ինձ թույլ էիր տալիս տղաների հետ անվերջ խաղալ:
– Սիրելիս, բայց չէ՞ որ ես միշտ քո կողքին եմ եղել և չեմ ցանկացել ճնշել քեզ, երբ դու ցանկանում էիր խաղալ քեզնից փոքրերի հետ:
– Ես երեխա էի և չեմ հասկացել, թե ինչ եմ ուզում ու անում, ես ոչինչ չեմ կարողացել որոշել, իսկ դու, դու փչացրել ես իմ կյանքը:
– Ուրեմն այսպես: Աշխարհում 2 տիպի մարդիկ կան. առաջին տիպի մարդիկ ապրում են, իսկ երկրորդները` մեղավորներ են փնտրում: Եվ եթե դու դա չես հասկանում, ուրեմն դու հիմար ես:
Այդ խոսքերից հետո նա կուշաթափվի. հետագա 5 տարիները կայցելի հոգեթերապևտին:
Այլ տարբերակ
Մի օր ես տղա կունենամ և ամեն ինչ հակառակը կանեմ
3 տարեկանից ամեն օր նրան կասեմ.
– Հիմար չլինես, տղաս, մտածիր ապագայիդ մասին: Սովորիր մաթեմատիկան, եթե չես ուզում ողջ կյանքդ օպերատոր լինել զանգերի կենտրոնում:
Եվ իր 30-ամյակի օրը նա կգա ինձ մոտ, այդ քրտնած, ճաղատացող ծրագրավորողը, և կասի.
– Մայրիկ, ես 30 տարեկան եմ: Աշխատում եմ «Գուգլ»-ում՝ էշի պես, օրը 20 ժամ: Ես ընտանիք չունեմ: Ի՞նչ էիր դու մտածում, մայրիկ, երբ ասում էիր, որ լավ աշխատանքը ինձ կերջանկացնի: Ինչի՞ էիր ուզում դու հասնել` ստիպելով ինձ մաթեմատիկա սովորել:
– Թանկագինս, բայց չէ՞ որ ես ուզում էի, որ դու լավ կրթություն ստանաս, ունենաս շատ մեծ հնարավորություններ առաջ գնալու համար:
– Ինչի՞ս են պետք այդ հնարավորությունները, մայրիկ, երբ ես երջանիկ չեմ: Ես անցնում եմ առևտրի կենտրոնի ծաղրածուների մոտով ու նախանձում նրանց: Նրանք երջանիկ են: Ես կարող էի նրանց փոխարեն լինել, բայց դու փչացրիր իմ կյանքը:
Ես ուշադիր կնայեմ նրան և կպատասխանեմ.
– Ուրեմն այսպես: Աշխարհում 2 տիպի մարդիկ կան: Մի տիպն ապրում է, իսկ մյուսը` անընդհատ բողոքում: Եվ եթե դու դա չես հասկանում, ուրեմն դու հիմար ես:
Այս խոսքերից նրա ուշքը կգնա, և վերականգնվելու համար ստիպված կլինի 5 տարի այցելել հոգեթերապևտին:
3-րդ տարբերակ
Մի օր ես տղա կունենամ և ամեն ինչ հակառակը կանեմ
3 տարեկանից ամեն օր նրան կասեմ.
– Ես այստեղ նրա համար չեմ, որ ինչ-որ բան պնդեմ, այլ նրա համար եմ, որ քեզ սիրեմ: Գնա հորդ մոտ, տղաս, նրանից խորհուրդ հարցրու, ես չեմ ուզում կրկին կրել այդ խորհրդի մեծ պատասխանատվության բեռը:
Եվ իր 30-ամյակի օրը նա կգա ինձ մոտ, այդ քրտնած, ճաղատացող, ռեժիսորը, աչքերում` անափ թախիծ, և կասի.
– Մայրիկ, ես 30 տարեկան եմ և արդեն 30 տարի փորձում եմ գրավել քո ուշադրությունը: Ես քեզ 10 ֆիլմ և 5 ներկայացում եմ նվիրել, գիրք եմ գրել քո մասին, բայց քեզ համար կարծես միևնույն է: Ինչո՞ւ դու երբեք քո կարծիքը չես հայտնել: Ինչո՞ւ էիր դու միշտ ինձ ուղարկում հորս մոտ:
– Տղաս, բայց ես չէի ուզում քո փոխարեն ինչ-որ բան որոշել: Ես պարզապես սիրում էի քեզ, իսկ խորհուրդների համար մենք հայրիկ ունենք:
– Իսկ ես քեզ էի հարցնում, ինձ քո խորհուրդն էր պետք: Ես պատրաստ էի ամեն ինչ տալ, միայն թե գոնե մեկ անգամ հասկանայի, որ դու մտածում ես իմ մասին: Քո լռությամբ, քեզ ինձնից հեռու պահելով՝ դու փչացրիր իմ կյանքը:
Ես կկանգնեմ, ուշադիր կնայեմ նրան և կպատասխանեմ.
– Ուրեմն այսպես: Աշխարհում 2 տիպի մարդիկ կան: Մի տիպն ապրում է, իսկ մյուսը` շարունակ ինչ-որ բանի է սպասում: Եվ եթե դու դա չես հասկանում, ուրեմն դու հիմար ես:
Բնականաբար, այս խոսքերից հետո նա կուշաթափվի, և հոգեթերապիայի համար կծախսվի մոտավորապես 5 տարի:
Առակս զի՞նչ կցուցանե: Սա մեր մայրական պերֆեկցիոնիզմի շատ լավ, ուսուցողական կանխարգելման օրինակ է: Պետք չէ ձգտել կատարյալ մայր դառնալ: Թուլացեք: Որքան էլ մենք ձգտենք ամեն ինչ անել մեր երեխաների համար, նրանք միշտ էլ իրենց հոգեթերապևտին պատմելու բան կունենան:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը