Հաղորդավար Ժակն այսօր բոլորում է 38 տարին։ Այս առիթով նրա շնորհավորանքների տարափը սկսվել է կեսգիշերից։ Ժակը ոգևորությամբ լսում է բոլոր բարեմաղթանքներն ու ուշադրությամբ առանձնացնում բնորոշիչները, որ տալիս են իրեն։ Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը Ժակը համարում է հենց այդ բնորոշումները։ Հաղորդավարի խոսքով` իրեն հիմնականում բնորոշում են որպես դրական, բարի ու էներգետիկ մարդ։ Այս տարի նաև նոր բնորոշում է ստացել` ընթերցասեր։ Սա ոգևորիչ է Ժակի համար, նախ` նորություն է որպես բնորոշիչ, երկրորդ կյանքի հասուն փուլում, երբ փորձում է ժամանակը, հնարավորինս, օպտիմալ օգտագործել և լրացնել բացթողումները, հաճելի է ստանալ նման բնորոշիչ։
Tert.am Life–ի հետ զրույցում հաղորդավարը պատմեց, որ առաջինն իրեն շնորհավորել են ընտանիքի անդամները։ Կեսգիշերին Ժակը նաև հյուր է ունեցել. «Իմ և կնոջս ընդհանուր ընկերը գիշերը տորթով եկավ մեր տուն` ինձ շնորհավորելու։ Մի փոքր դժվարությամբ էր հասել, տորթն ընկնելուց էր փրկվել. ճմլված, բայց շատ ջերմ տորթ էր։ Շատ հաճելի էր»։
Կինն ու աղջիկներն իրենց տղամարդուն առանց անակնկալի չեն թողել։ Իր լուսանկարով մեծ պաստառ են պատվիրել, որի վրա գրված է` «Շնորհավոր, դու լավագույնն ես»։
«Այն կախել են մեր պատշգամբից։ Թույլ կտամ, որ տոնական այս օրը պաստառը զարդարի մեր պատշգամբը։ Շատ զգայուն եմ վերաբերում այդպիսի բաներին։ Հաճելի անակնկալ էր»,– ոգևորությամբ ասաց Ժակը։
Խոսելով նվերների մասին` հաղորդավարը նշեց, որ փոքրիկ աղջիկը` Ժակլինը, դեռ 10 ամսական է, ինքն իրենով նվեր է։ Մեծ աղջիկը` Սիլվին, ձեռագործ 2 աշխատանք է նվիրել հայրիկին` մեկը թղթի, մյուսը` ապակու վրա։ «Բարեմաղթանքներ է գրել, իր պատկերացումներով ներկայացրել է իմ կերպարը։ Շատ հետաքրքիր էր։ Կինս կեսգիշերին անակնկալ մատուցեց, իսկ նվերին այսօր եմ սպասում»,– ասաց Ժակն ու հավելեց, որ ուրախանում է նույնիսկ փոքրիկ ուշադրությունից։
«Փակուղու մեջ եմ ընկնում, երբ հարցնում են` ինչ նվիրեն ինձ։ Շատ երջանիկ մարդ եմ, ոչինչ չեմ ուզում։ Ամենափոքր ուշադրությունն անգամ ուրախացնում է ինձ։ Երևի թե, ամեն ինչ կա իմ կյանքում։ Գուցե, ամանաառատը, ամենաճոխն ու ամենամասշտաբայինը չէ, բայց ինձ գոհացնում է։ Ավելին դժվարանում եմ պատկերացնել»,– ասաց նա։
Այնուամենայնիվ, տորթի մոմերը փչելիս Ժակը միշտ պահում է նվիրական երազանք։ Այն կապված է իր ընտանիքի, հարազատ մարդկանց հետ։
Խոսելով երեկոյի մասին` Ժակը նշեց, որ կյանքում առաջին անգամ հստակ չգիտի, թե ինչպես է նշելու ծնունդը։ Հաղորդավարն այսօր իրեն ազատել է ամեն տեսակի աշխատանքից. օրն ազատ է և ինքնահոսի։ «Հստակ է միայն այն, որ օրս կնշեմ ինձ հարազատ մարդկանց հետ։ Սովորաբար, մի քանի տեղում եմ նշում ծնունդս, քանի որ միջավայրերս շատ տարբեր են։ Ամեն անգամ մտածում եմ այնպիսի երեկույթ կազմակերպել, որ բոլորին հրավիրեմ մի տեղ, սակայն չի ստացվում, քանի որ շատ մասսայական միջոցառում կստացվի»,– եզրափակեց Ժակը։