«Սեմուշկա ծախողների երկիր ա դարձել»
Advertisement 1000 x 90

«Սեմուշկա ծախողների երկիր ա դարձել»

Նրան հաճախ կարելի է տեսնել Հանրապետության հրապարակի մետրոպոլիտենի գետնանցման աստիճանների վրա՝ իր փոքրիկ աթոռին նստած՝ ակորդեոն նվագելիս։ 58-ամյա Քաջիկ Հայրապետյանը թեև երաժշտական կրթություն չունի, բայց արդեն 3-րդ տարին է, ինչ ամեն օր բացօթյա «համերգ» է տալիս՝ անցորդներին մատուցելով ժողովրդական երգեր։

«Սա ինձ համ աշխատանք ա, համ հաճույք: Պատկերացրո՛ւ, եթե ուրիշ աշխատանք ունենամ, որ ընտանիքս գոնե մինիմալ ձևով պահեմ, ես էլի կգամ, կնստեմ-կերգեմ, որ էսօրվա երիտա-սարդությանը ինչ-որ մի բան տամ»,- ասում է ինքնուս գուսան Քաջիկը։ Մանկությունից մի դեպք է հիշում. «Ես մանկուց սիրել եմ երաժշտությունը, բայց երաժշտական կրթություն չեմ ստացել: Ինքս վերցրել եմ ակորդեոնը, նվագելով-նվագելով ինձ զարգացրել եմ: Ընդամենը մի 2 շաբաթ էի նվագում, մեր հարևանները, որ իրանց էրեխեքին էլ էին գործիք առել, գալիս էին մեր լուսամուտի տակը լսում էին, նախանձից իրենց երեխաներին ծեծում էին, թե՝ Քաջիկը նվագում ա, դուք ինչի՞ չեք կարողանում նվագել»։

Ինչպես նշեցինք, Քաջիկը պրոֆեսիոնալ երաժիշտ չէ, բայց բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանում։ «Որպես երաժիշտ եմ աշխատել, բայց հիմնական իմ մասնագիտությունը լեռնային ինժեներիան ա: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի «չՏՐվօռ» բաժինն եմ ավարտել,- ասում է Քաջիկն ու ավելացնում,- Բայց դա ի՞նչ կապ ունի, էսօր էնքան կրթված մարդիկ կան դրսում: Սեմուշկա ծախողների երկիր ա դարձել»:

Հազվադեպ են կրթված ու շնորհալի մարդկանց գնահատում. երաժիշտը հիշում է այդ հատուկենտ դեպքերից մեկը. «Րաֆֆի Հովհաննիսյանն անցնելուց մոտեցավ, իմ ճակատը համբուրեց և ասեց՝ միայն պատերազմի դաշտում չէ, որ հերոսներ են լինում: Որ դու էսօրվա էս վիճակում նստած Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ ես երգում, դա նույնպես հերոսություն է»:

Իրոք, հերոսություն է ձմեռվա ցրտին, սառած մատներով նվագել ու երգել.«Եղանակն էնքան ցուրտ ա, որ մարդիկ չեն էլ հավատում, չեն պատկերացնում, որ մարդ ա նստած նվագում, մտածում են, թե ռոբոտ ա,- ժպտում է Քաջիկն ու իր քաջագործությանը չհավատացող մի անցորդի է հիշում,- Մեկը մոտեցավ հարցրեց՝ ճի՛շտն ասա, մատերիդ բան ա՞ քսած, ո՞նց ես նվագում»։

Քաջիկը Կապանում է ծնվել, կյանքի մեծ մասն այնտեղ է անցկացրել։ Նվագել է Կապանի Շրջանային մշակույթի տանը, աշխատել Քաղաքային կուլտուրայի բաժնում։ Բայց այժմ իր կնոջ ու Մշակույթի համալսարանի երրորդ կուրսում սովորող աղջկա հետ Երևանում է ապրում: Կապանի երաժշտական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած մյուս աղջիկն ամուսնացել է, միակ որդին ևս ամուսնացած է ու Կապանում է ապրում:

AkkK

Քաջիկն այժմ Սարի թաղում բնակարան է վարձակալում: Ընտանիքի մասին խոսելիս՝ երաժիշտը հիշեց իր մահացած որդուն. «Նա 7 տարեկանում նվագեց, Անժելա Աթարբեկյանն ասեց՝ դու Կոնսերվատորիայի ուսանողի մակարդակ ունես: 13 տարեկանում տղայիս տվել են համամիութենական լենինյան մրցանակակրի, դափնեկրի կոչում: Բայց տղայիս հանդեպ թշնամություն արեցին, ինչ-որ բան լցրեցին բաժակի մեջ, երեխան մտավորից շեղվեց, 28 տարեկանում մահացավ: Ա՛յ, դրա համար էսօր դրսում նստած նվագում եմ: Ճիշտ է` նրանից բացի, 3 երեխա էլ ունեմ, բայց էդ տղիս վրա շատ ամագ եմ թափել, որ լավ մարդ դառնար, մեծ մարդ դառնար, մեր ազգին մի բան տար, բայց… չստացվեց»:

Չի ստացվում նաև լավ վաստակել ու ընտանիքը նորմալ պահել. «Նվագելով օրական մոտավորապես 2500-3000 դրամ եմ կարողանում վաստակել, բայց, դե, աղջիկս ուսանող ա, վարձ եմ մուծում: Կինս էլ հաշվապահ ա, բայց իր մասնագիտությամբ չի աշխատում։ Զանգում են, գնում ա, տնային գործերում մարդկանց օգնում ա, փող են տալիս»:

Բացի այս «հաճույք-աշխատանքից», ինչպես իր զբաղմունքն անվանում է Քաջիկը, նա նաև Ավանի Մշակույթի տան ժողգործիքների անսամբլի ղեկավարն է: Չի վարձատրվում. անսամբլը բարեգործական համերգներով է հանդես գալիս: «Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանը գնահատում ա մեր աշխատանքը: Օգնում ա, որ մասնակիցները գոնե տրանսպորտի հարցը լուծեն: Մարդիկ Կոնսերվատորիա ավարտած, տաղանդավոր երաժիշտներ են, բայց ֆինանս չունեն: Բայց էսօրվա էժանագին շոուներով զբաղվողը միլիոնատեր ա»,- ասում է նա:

Այս ամենին գումարած՝ ոստիկաններն էլ են խանգարում Քաջիկին։ «Միլիցիան գալիս ասում ա` ստեղ չի կարելի նվագել: Ասում եմ` ինչո՞ւ, ես հո կարտոշկա ծախո՞ղ չեմ, որ քեզ փող տամ, արվեստագետ մարդ եմ, նստած երգում եմ։ Էսօրվա միլիցիաների 95%-ը անմակարդակ ա: Միլիցիային ասում եմ` ստամոքսից բացի՝ դու ի՞նչ հաճույք ունես: Ծիծաղում ա, ասում ա՝ պա՛հ, ստամոքսից բացի՝ ի՞նչ հաճույք պըտի ըլնի։ Փոխանակ վիրավորվի, ծիծաղում ա»,- վրդովված պատմում է մեր երաժիշտը:

Վերջում նա մեկ այլ մտահոգություն է արտահայտում. «Կուզեմ` էսօրվա իշխանավորները ուշադրություն դարձնեն մեխը ճիշտ տեղը խփելուն: Առաջ պիտի ինքդ քեզ սիրես, հետո ուրիշին: Մեր ազգային մշակույթն ավելի առաջնային պիտի պահեն»:

Անի Մաթևոսյան

Արման Ղարիբյան

«3 Միլիոն»