ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Աննա Էլբակյանը երեկ նշում էր ծննդյան 54-ամյակը: Life.panorama.am-ը ծննդյան օրվա, կյանքի գլխավոր արժեքների, իր առավելությունների ու թերությունների մասին անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ:
-Տիկին Էլբակյան, ի՞նչ դեր ունեն տարեդարձները Ձեզ համար: Այդ օրերին շատերը տխրում են, մյուսներն էլ ուրախանում, հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ տրամադրություն եք ունենում Ձեր տարեդարձին:
-Այո, ծննդյան օրը կարող ենք և տխրել, և հիպերուրախանալ: Տղայիցս հետո ծննդյանս օրերին միշտ տխրում էի, բայց միևնույն է, հասկանում էի, որ դա էգոիզմի նշան է և մի օր իմ մտերիմներին խոստովանեցի, որ որոշում եմ կայացնում այլևս չտխրել և իմ այդ օրն էլ ծառայեցնել հարազատներիս: Ես չեմ անտեսում ծննդյանս օրը, բայց նաև չեմ ուզում, որ միայն տարվա այդ օրը շատ ուրախ լինենք, ուզում եմ ողջ տարին ուրախ լինենք, ամեն օրն ապրենք այդ օրը ծնվածի նման: Ծննդյանս օրը չեմ սիրում իմ ու մտերիմներիս ուշադրությունը կենտրոնացնել բացառապես ինձ վրա, դա ադեկվատ չեմ համարում, թեև ամբողջ աշխարհն այդ միտումն ունի: Իհարկե, ես ուրախանում եմ, որ տարեդարձս մարդիկ հիշում են, շնորհավորում, բարեմաղթանքներ ասում, բայց ես անգամ իմ հարազատներին տվել եմ ազատություն՝ պարտավորություն չունենալ պարտադիր այդ օրն ինձ շնորհավորել: Ես չեմ ընդունում թիթեռի կյանքին նմանվող մեկ օրյա ուշադրությունը, ինքս էլ ողջ տարին եմ ուշադիր հարազատներիս նկատմամբ. ինձ պետք է հարատևող, ներդաշնակ ու հավատարիմ զգացմունք, թող դա շատ խորը չլինի, բայց լինի հավատարիմ: Ծննդյանս օրը ես իրոք ներքուստ ուրախ եմ, խաղաղ և ազատ, այլ ոչ թե կախված նրանից, թե քանիսն այդ օրը ինձ հիշեցին:
-Կինը 50-ից հետո ինչպիսի՞նն է:
-Այս հարցին պատասխանելն ինձ դժվար է, քանի որ շատ շուտ որոշում կայացրի ամեն օր ապրել և հանուն ինչի ապրել. դա եղավ տղայիցս հետո, երբ ընդամենը 37 տարեկան էի: Ես շատ շուտ հասունացա, չապրեցի 40-ը, հետո 50-ը, ներքին հասունությունս շատ շուտ եկավ: Իհարկե, հիմա՝ այս տարիքում, շատ բաներ կան, որոնց հետ բոլորովին չեմ համակերպվում՝ սկսած արտաքինից: Հիմա հայելու մեջ նայելիս՝ ասես ինձ չեմ ճանաչում, ներքին անհամաձայնություն կա այդ առումով իմ մեջ, մյուս կողմից շատ գնահատում եմ թե ներքին, թե արտաքին հասուն գեղեցկությունը: Կնոջ համար տարիքի հետ շատ ուրիշ գույներ են ի հայտ գալիս, որոնք անասելի գեղեցիկ են, ինչպես աշունը: Տարիքն իր հետ շատ նեգատիվ բաներ է բերում, բայց միևնույն ժամանակ դրա ավելանալու հետ մեկտեղ արժեքների փոփոխություն ես զգում, սկսում ես շատ ավելին գնահատել:
-Տիկին Էլբակյան, ի՞նչն է Ձեզ համար բացարձակ արժեք համարվում այս տարիքում:
-Ամենաարժեքավորը հավատարիմ, հարատևող սերն է, որի մեջ մտնում են բոլոր իրական երևույթները: Այս շարքում կարող են լինել կոնֆլիկտի հետ միասին ապրելու, բայց սիրել շարունակելու գաղափարը, անընդհատ որոշում կայացնել ներելու գաղափարը, ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին, որ նա կա և ինքդ էլ քեզ ընդունել հենց այնպիսին, ինչպիսին կաս. այսինքն՝ այս ամենի գլխավոր գործիքը սերն է: Տարիքի հետ գնում ես դեպի հավիտենական արժեքները: Գիտեք, պետք չէ կնճիռները վերացնել ժամանակակից տեխնիկաների միջոցով կամ արհեստականորեն երիտասարդացնել ինքդ քեզ, շատ կարևոր է, որ դու ինքդ ընդունես քեզ ամեն տարիքում:
-Յուրաքանչյուր խելամիտ մարդ հստակ գիտի իր առավելություններն ու թերությունները, կխոսե՞ք Ձեր առավելություններից ու թերություններից:
-Որպես առավելություն՝ համարում եմ այն, որ փորձում եմ թերություններս շտկել: Իմ առավելություններից եմ համարում նաև այն, որ ընդունում եմ կյանքի բոլոր երևույթները ու միտքը, ըստ որի՝ ոչինչ պատահական չէ: Երբ գիտես, որ ամենավատ երևույթի ժամանակ էլ կարող ես մնալ մարդ և ընտրել այն բոլոր սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ ես երջանիկ պահերին. դա ինձ համար շատ արժեքավոր է: Ես կարողանում եմ իմ զգացմունքներն ու կամքը ենթարկեցնել այն սկզբունքներին ու որոշումներին, որ ունեմ ապրելու համար: Իսկ թերություններս հազարավոր են, որոնց վրա փորձում եմ անդադար աշխատել: Ես շատ շուտ բռնկվող եմ, միշտ ինձ թվում է, որ իմ ուղիղ խոսքից դիմացինս չի նեղանա, հետո հասկանում եմ, որ նրա փոխարեն, գուցե, ես նեղանայի: Թերություններիցս մեկն էլ այն է, որ շատ եմ փորձում հղկել, ուզում եմ ամեն ինչ լինի շատ գեղեցիկ, սա էլ երևի մշակութային մարդ լինելու պատճառով է: Մարդիկ միշտ կարծում են, թե զննող հայացք ունեմ, բայց ես բնավ նման միտում չունեմ:
-Հավատո՞ւմ եք ճակատագրին:
-Ես հավատում եմ Աստծուն և հավատում եմ, որ Աստված գիտի մեր այսօրվա ու վաղվա օրը: Հավատում եմ, որ մեր շուրջը շատ երևույթներ կան, որոնք մենք կարող ենք փոխել, եթե դա Աստծո կամքն է: Ես հավատում եմ, որ մենք դերակատարում ունենք մեր կյանքում ու կարող ենք փրկել կոտրված հարաբերությունները, ընտանիքը և անգամ վնասված առողջությունը, եթե միայն Աստված կամենա:
-Ինչի՞ մասին եք երազում այս տարիքում:
-Իմ կյանքը հիմնովին փոխվեց, երբ ապաշխարեցի ու հասկացա, որ Աստված իրավամբ կա և ուղղակի գաղափար չէ: Կարծում եմ՝ տարիքս թույլ է տալիս խոսել այս մասին, թեև կարող էի մեկ այլ գեղեցիկ պատասխան հորինել: Հիմա երազում եմ, որ իմ ընտանիքը, տոհմը, մտերիմները, ազգը իրոք հիմնվի քրիստոնեական արժեքների և հիմունքների վրա, նույնը երազում եմ արվեստի մեջ: Ես չեմ ուզում ուղղակի գեղեցիկ թիթեռի կյանք ապրել, ուզում եմ կյանքս խորը արմատներ թողնի իմ շրջապատում, թող իմ անունը չհիշատակվի, բայց մարդկանց մտածելակերպը փոխվի: Երազում եմ մարդիկ այդքան վիրավորված ու կոտրված չլինեն, որ նրանց մտածելակերպն ու հոգին փոխվի: Ես ձգտում եմ այս ամենին, և ի դեպ՝ ես նպատակասլաց մարդ եմ: Օրինակ՝ ես երազում էի ունենալ ամուր ընտանիք, որին շատ դժվարությամբ հասա, ես երազում էի ունենալ թատրոն, որտեղ լինի ընտանիք ու ես հասա նաև այդ երազանքիս: Իմ երազանքները նյութական չեն, ես երազում եմ խաղաղ կյանքի մասին: