Ծնողների դերը երեխայի սեռական հասունացման գործընթացում
Advertisement 1000 x 90

Ծնողների դերը երեխայի սեռական հասունացման գործընթացում

Տղաս, որ 2,6 տարեկան է, խաղում էր հյուսիսային պողոտայում առատորեն նստած ձյան հետ: Ու հանկարծ տեսնում եմ, որ մի ձնագնդի ձեռքին արագ-արագ քայլում է դեպի մոտակա ավտոմեքենան: Գիտեմ, ուզածը ձնագնդով պորշի անվադողերին հարվածելն է, առավոտյան երբ իրար հետ զրուցում էինք ասեց ինձ, որ կուզենար ձնագնդիներով մեքենաներին հարվածել: Ինձանից բավական հեռու էր, այնպես, որ արտակարգ իրավիճակի դեպքում (աստված մի արասցե) կարող էի միայն շատ արագ վազելով հասնել իրեն ու կանխել պատահարը, լրիվ գիտակցում էի իրավիճակի ռիսկայնությունը, սիրտս անհանգստությունից հարվածում էր: Բայց երբ նա շրջվեց դեպի ինձ, որպեսզի ինձանից ստանա իր մտադրության գնահատականը, ինքս իմ վրա մեծ ուժ գործադրելով, որպեսզի հաղթահարեմ անհանգստության և տագնապի զգացումներս, ժպտալով հավանություն եմ տալիս, -Գնա, փոքրիկ, ես այստեղ եմ, գնա հասիր նպատակիդ, բացահայտիր աշխարհը: Փոքրիկս ոգեշնչված իմ վստահությունից և հավատից, համարձակ քայլերով շարունակում է իր ճամփան ու իր մեջ գտնելով համարձակության լրացուցիչ պաշար` ուժով հարվածում պորշին, այնպես որ ձնագնդին ամբողջովին տպվում է անվադողին, քանի որ փոքրիկի բոյը միայն դրան է հասնում:

Հպարտ քայլվածքով վերադառնում է ինձ, հետո վերցնում երկրորդ ձնագնդին ու ընթանում դեպի նպատակակետ: Բայց այս անգամ դեպքերն այլ ընթացք են ստանում: Մի երիտասարդ տղամարդ, որ այդ պահին հայտնվում է պորշի դիմաց, փոքրիկիս ասում է`-հեյ փոքրիկ, մայրիկդ այնտեղ է, շուտ վազիր դեպի նա, դե շուտ, շուտ արա, -ու մատնանշում ինձ,: Փոքրիկս մի ակնթարթ շփոթված շրջվում է դեպի ինձ, ես սաստում եմ նրան-Շարունակիր ճանապարհդ, տղաս, մի շեղվիր: Իսկ երիտասարդ տղամարդը զարմացած ու ապշահար նայում է ինձ, երևի մտածում է այս ինչ տեսակ մայր է, որ բաց է թողել իր երեխային այսպիսի մեծ հեռավորության վրա: Փոքրիկս ամրապնդված իմ հավանող կեցվածքով «արհամարհում է» մեծ տղամարդուն ու դարձյալ ձնագնդի մի հարված այս անգամ պորշի լույսերին: Ուռա՜, արգելքը հաղթահարված է, նպատակը նվաճված, երեխան ինքնավստահ է, ուրախ եմ, քանի որ մայրական իմ սերը չխոչընդոտեց տղայիս ինքնուրույնության զգացումին:

Մի քանի օր առաջ, դարձյալ զբոսնում եմ հյուսիսային պողոտայով ու ականատես լինում մի տեսարանի: Երեխան, որ կլիներ մոտ 3 տարեկան, մոր ձեռքը բաց է թողել ու վազել առաջ, ուզում է բարձրանալ մի քանի աստիճանները, որոնք տանում են դեպի «Խրոնոգրաֆի» ցուցանակները: Մայրը սարսափահար ճչում է.-ամա՜ն, երեխե՜ն, հետ արի, վայ աման, հեսա մի բան կլինի, -ու վազելով հասնում է, բռնում երեխայի ձեռքը ու սկսում տագնապահար բարկանալ ու խրատել նրան,-էս ի՞նչ ես անում, մամայի ձեռքը չի կարելի բաց թողնել, կընկնեիր ու կվնասեիր քեզ, ես կգժվեմ, եթե քեզ մի բան լիներ: Երեխան տխուր հայացքով հետևում է անհանգստացած մայրիկի խոսքերին ու ամեն ինչ հասկանում` մայրիկին չտխրեցնելու համար, նա պետք է հրաժարվի իր ցանկությունից:

Մեր կլինիկական պրակտիկայի ընթացքում հաճախ ենք գործ ունենում մոր հետ հիվանդագին կապվածություն ունեցող այցելուների հետ: Սրանք այն անձիք են, ովքեր մի անգամ տրվելով մոր էգոիստական մղումներին, հրաժարվում են սեփական անձից, այսինքն` որպեսզի մայրը չանհանգստանա զոհում են իրենց հաճուքները և ցանկությունները. ‹‹ամա՜ն, երեխե՜ն, հետ արի, վայ աման, հեսա մի բան կլինի, -ու վազելով հասնում է, բռնում երեխայի ձեռքը ու սկսում տագնապահար բարկանալ ու խրատել նրան,-էս ի՞նչ ես անում, մամայի ձեռքը չի կարելի բաց թողնել, կընկներիր ու կվնասեիր քեզ, ես կգժվեմ, եթե քեզ մի բան լիներ››:

Մեծանալով նրանք ամուսնանում են և կանգնում դժվարության առջև, քանի որ սիրելը նրանց համար նշանակում է հրաժարվել իրենց մի մասից: Եվ այսպես, ինտիմ կապվածության աճին զուգընթաց նրանք կորցնում են իրենց սեռական ցանկությունը այդ մտերիմ անձնավորության նկատմամբ: Առողջ սեռական հարաբերություն ստեղծելու համար պահանջվում է լինել ինքնուրույն, ինքնավստահ, ինքնաբուխ և փոքրինչ եսասեր, ինչն էլ բախվելով սիրեցյալի հանդեպ պատասխանատվության և հոգատարության զգացումների հետ, բերում է ներանձնային կոնֆլիկտի և սեռական խանգարման առաջացման: Անձի այս հատկանիշների ձևավորման և զարգացման համար նշանակալի դեր ունեն ծնողները, որոնք եթե չեն նպաստում ինքնուրույնության զարգացմանը, ապա գոնե պետք է չխոչնդոտեն դրան:

Այսպիսով սեքսուալ խանգարումների առաջացման գործում մեծ դեր են խաղում մայրերը, ինչու չէ նաև հայրերը և դայակները: Հատկապես վաղ մանկական հասակում նրանց կողմից երեխային ներշնչած ինքնուրույնության և անկախության զագացումները կարևոր են հետագայում առողջ միջանձնային և սեռական հարաբերությունների համար:

sexology.am