Ոտքերի կոշտացած մաշկի խնդիրն անտեսել չի կարելի. դա կարող է հանգեցնել խորը ճաքերի, որոնք բուժելն արդեն շատ ավելի դժվար կլինի: Որպեսզի ոտնաթաթերի մաշկը հարթ լինի, կարելի է օգտագործել պեմզա և մաշկի համար նախատեսված հատուկ խարտոց: Բայց դրանք օգտագործելուց առաջ հարկավոր է փափկացնել մաշկը: Կա մի քանի բաղադրատոմս, որոնք ոչ միայն կփափկացնեն մաշկը, այլև կխոնավեցնեն և կսնուցեն:
Հարկավոր է գործողությունը կատարել տաք ջրով (որքանով կարողանաք դիմանալ և եթե անոթների հետ կապված խնդիրներ չունեք), կարելի է ավելացնել եթերայուղեր, որոնք մաշկը սնուցում են օգտակար միկրոտարրերով: Հարկավոր է ոտքերը տաք ջրի մեջ պահել մինչև 20 րոպե:
Կարելի է նաև ջրին ծովի աղ ավելացնել: Դրա համար հարկավոր է տաք ջուր, 40 գրամ ծովի աղ և մի քանի կաթիլ եթերայուղ:
Օգտակար է նաև սոդան: Մեկ լիտր ջրին ավելացրեք 30 գրամ (մեկ ճաշի գդալ) սննդային սոդա:
Կարելի է նաև ջրին ավելացնել կիտրոնի հյութ (անհրաժեշտ է երկու կիտրոն) կամ խոտաբույսեր: Դրանք նաև ախտահանող հատկություն ունեն:
med.news.am