Ուլտրամանուշակագույն ճառագայթները մելանոմա հիվանդության` մաշկի չարորակ նորագոյացություն առաջացման հիմնական պատճառներից են: Ինչպես «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի մելանոմայով հիվանդության 200 հազար նոր դեպք է գրանցվում, որի 32 տոկոսն ավարտվում է մահվամբ:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով 2016 թվականին Հայաստանում հաշվառվել է մելանոմայով 502 հիվանդ: Ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ֆոնի դեպքում, մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
«Դա չի նշանակում, որ ընդհանրապես պետք է խուսափել արևի ճառագայթներից, այդ դեպքում D վիտամինի պակասություն կառաջանա: Անհրաժեշտ է օրվա մեջ արևի տակ լինել 30 րոպե` որոշակի ընդհատումներով: Ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածը խորհուրդ չի տրվում գտնվել դրսում: Ի դեպ, սոլյարիները չեն խրախուսվում»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: 2014 թվականին Հայաստանում գրանցվել է մելանոմայի հիվանդացության 40 նոր դեպք, 2015 թվականին` 47, 2016-ին 50 նոր դեպք: Ռուբեն Գրիգորյանը նկատեց, որ սա կարելի է կապել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետ, սակայն չպետք է մոռանալ ժառանգական նախատրամադրվածությունը:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման բաժնի պետ Աննա Ծառուկյանի խոսքով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օզոնի շերտի քայքայմամբ, երբ բարձրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, ակտիվություն է նկատվում օնկոլոգիական հիվանդությունների շրջանում:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղիղ կապ կա օզոնային շերտի պակասեցման և օնկոլոգիական հիվանդությունների ակտիվացման միջև: Օզոնային շերտի ուսումնասիրությունը կատարվում է ամեն օր: Տալիս ենք կանխատեսումներ, և երբ ինդեքսը գրանցվում է 6-ից ավելի, ապա տրվում է զգուշացում, որ որոշակի ժամերի քաղաքացիները խուսափեն արևի ուղիղ ճառագայթներից»,-ասաց Աննա Ծառուկյանը: Նրա խոսքով, ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում օզոնային շերտի նվազման բարձր ցուցանիշ է գրանցվել 2014 թվականին: 2016 թվականին արդեն բարելավում է նկատվում: