Եկեք պատկերացնենք` ինչ է կատարվում ակտիվ սեռական կյանքով ապրող կնոջ օրգանիզմում, երբ նրա ամուսինը ինչ-որ ժամանակով դառնում է անհասանելի կամ դժբախտաբար մահանում է: Խոսքը գնում է առողջ և կանոնավոր սեռական կյանքով ապրող կնոջ մասին, ով չունի սեռական խնդիրներ:
Որոշակի շրջանից հետո չբավարարված սեռական պահանջը, աստիճանաբար հասունանալով, օրգանիզմում ստեղծում է ներքին լարվածության կամ դիսկոմֆորտի վիճակ: Այս վիճակը պայմանավորված է նյարդա-հորմոնալ մեխանիզմներով, չէ՞ որ սեռական ֆունկցիային մասնակցող համակարգերը աշխատում են նախկին ռեժիմով և դեռ չեն հասցրել հարմարվել նոր ռեժիմին: Ի հայտ է գալիս բարձր սեռազգայունություն,…. ամենաչնչին սեքսուալ գրգիռները կարող են սեռական ցանկություն հարուցել, երազների բովանդակությունը ստանում է էրոտիկ երանգավորում, մարմնի մեջ կա ինչ-որ անհասկանալի լարվածություն, դյուրագրգռություն, նյարդայնություն: Հիշենք, որ առողջ սեքսի և օրգազմի ժամանակ գլխուղեղում ձերբազատվում են մորֆինանման նյութեր, որոնք նյարդային համակարգի վրա ունեն ընդհանուր հանգստացնող և հուզական ոլորտը կայունացնող ազդեցություն:
Կան կանայք, ովքեր սեքսուալ աբստինենցիայի վիճակը միանգամայն հանգիստ են տանում, բայց կան նաև այնպիսինները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում վերագտնել իրենց ներքին հանդարտությունը և ֆիզիոլոգիական կոմֆորտ վիճակը: Այս վերջին խումբ կանանց մոտ ի հայտ են գալիս կլինիկական նշաններ, որոնք խոսում են նյարդային համակարգի ներընդգրկման մասին: Դրանք են գլխացավերը, դյուրագրգռությունը, հուզական անկայությունը, արյան ճնշման տատանումները, շնչառության հետ կապված խնդիրներ, ցավերը սեռական օրգանների շրջանում և մարմնի տարբեր մասերում: Սովորաբար, եթե այս խմբի կանայք դեմ չեն ձեռնաշարժությանը, այս շրջանում հաճախ ակտիվորեն փորձարկվում է սեռական ակտիվության այս տարբերակը` փոքր-ինչ թեթևացնելու համար բորբոքված սեռական կիրքը: Իսկ եթե ձեռնաշարժության հանդեպ կա ներքին բացասական համոզում, ապա այս կանայք ուժգնորեն տառապում են սեռական անբավարարվածության վերապրումից:
Ինչքանո՞վ է վտանգավոր այս վիճակը օրգանիզմի առողջության համար: Բիոլոգիական տեսանկյունից սեռական պահանջը բնության կողմից ստեղծված սերնդաշարունակման հուսալի գրավականն է: Կինը, որի կողքին չկա տղամարդ, իրեն լիարժեք չի զգում, քանի որ առանց տղամարդու չի կարող մայրանալ: Սերնդաշարունակումից բացի սեռական ֆունկցիան ունի այլ բազում մոտիվացիաներ, որոնք հիմնականում ծառայում են կնոջ հոգեբանական և սոցիալական պահանջների բավարարմանը: Այսպես օրինակ, մարդկային ջերմություն զգալու, մենակության ծանր զգացումից ազատվելու, սիրված և ցանկալի լինելու, ազատության վայելքը զգալու պահանջները սեռական ցանկության հիմքում ընկած կարևոր մոտիվացիաներից են: Եվ եթե սերնդաշարունակումը անհնարին է առանց սեռական կապի, ապա այս վերջին պահանջների բավարարումը միանգամայն իրականանալի է այլ ձևաչափի շփումների ժամանակ:
Այստեղից հարց է ծագում, արդյոք սեքսուալ աբստինենցիայի հիվանդագին նշանները հենց այս տարատեսակ պահանջների բավարարման պակասից չե՞ն բխում: Եթե այո, ուրեմն սեռական անբավարարվածությունը ուղղակի դիմակ է, որի տակ թաքնված են պարզ մարդկային պահանջմունքեր: Սեռական կյանքի բացակայությունից տառապող կինը գտնելով վերոնշյալ պահանջմունքների բավարարման այլ ձևեր` կարող է հանգիստ ապրել առանց սեռական կյանքի: Նույնիսկ հարկ չի լինի դիմելու ձեռնաշարժության, եթե խոսքը վերաբերում է այդ ձևով ներքին հոգեբանական դիսկոմֆորտը փարատող կանանց:
Այսպիսով ստացվում է, որ սեռական կյանքի բացակայությունն ինքնին, այդքան էլ դրամատիկ ազդեցություն չունի կնոջ կյանքի որակի վրա, եթե նա գոնե մեկ անգամ լուծել է սերնդաշարունակման խնդիրը: Իսկ նյարդա-հորմոնալ մեխանիզմները այնքան ճկուն են, որ սեռական կյանքի բացակայության դեպքում աշխատում են այնպիսի աշխատանքային ռեժիմով, որը ստեղծում է առավելագույն ֆիզիոլոգիական կոմֆորտ:
Ասվածը ամենեևին չի հերքում կնոջ կյանքում սեռական կյանքի և սեռական հաճույքի ունեցած կարևոր դերը: Խոսքը պարզապես գնում է սեռական կյանքին և հաճույքին դոմինանտ և ֆետիշային նշանակություն չվերագրելու մասին, քանի որ սեռական առողջությունը և ընդհանրապես` առողջությունը ենթադրում է չափի զգացողություն և գերարժեքային կպչուն մտքերի բացակայություն:
sexology.am