Սարգիսի և Մանոյի դստեր 6–ամյակի խնջույքն ու իրականացած երազանքը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սարգիսի և Մանոյի դստեր 6–ամյակի խնջույքն ու իրականացած երազանքը. life.tert.am

Սարգիս և Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը` Յանան, հոկտեմբերի 7-ին դարձել է 6 տարեկան։ Ծնողները Յանայի համար գեղեցիկ խնջույք են կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման լուսանկարներն ու մանրամասները։

Յանայի 6-ամյակի խնջույքը 2 օր ուշացավ, քանի որ մայրիկն ու հայրիկն այդ օրը հարսանիքի էին։ «Այնպիսի հարսանիք էր, որին չէինք  կարող չգնալ։ Ամեն բան ավելի լավ ստացվեց` 3 օր նշեցինք։ Այդ օրը հյուրեր ունեցանք, հաջորդ օրն իրենք դասարանով էքսկուրսիայի էին գնում, կրկին նշեցինք։ Այսօր էլ արդեն հավաքույթն ենք կազմակերպել։ Ստացվեց` 7 օր, 7 գիշեր ծնունդ ենք անում»,- ասաց Մանոն։

Հավաքույթի կազմակերպչական հարցերով զբաղվել է Մանոն։ Նա լսել է աղջիկների խորհուրդներն ու հաշվի առել նրանց նախասիրությունները։ Նրան միասին են ընտրել թեմատիկ լուսանկարները, պատրաստել Յանայի գլխազարդը։

Միջոցառման թեման «Մուանա» մուլտֆիլմն էր։ «Այն այս տարվա ամենահայտնի նոր մուլտֆիլմերից մեկն է։ Յանան շատ է սիրում «Մուանան»։ Ուզում էինք Յանան Մուանայի պես հագնվեր, բայց քանի որ ցուրտ էր, չէինք կարող ստանալ իրական կերպարը։ Գունային երանգներ պահելով` փորձել ենք այլ զգեստ կարել։ Միասին ենք ընտրել կտորը։ Յանան շատ գոհ է»,- պատմեց Մանոն։

Յանայի համար պատրաստված հատուկ սեղանին գրված էր` «Յանա, Էվա»։ Դիվանագետ մայրիկը հատուկ է այսպես արել։ «Չենք տարանջատել, նույնիսկ տորթի վրա գրել ենք «Էվա, Յանա», քանի որ իրենց միջև կա մրցակցություն, որն ամեն կերպ փորձում ենք հաղթահարել։ Նվերները տալու ժամանակ Էվան լաց եղավ, փորձեցինք բացատրել, որ տարվա ընթացքում մի անգամ ամեն մեկն իր օրն է ունենում։ Բացատրեցի, որ բոլոր նվերները երկուսինն են։ Թեև իրենք դեռ փոքր են, այնպես եմ անում, որպեսզի մրցակցություն, լարվածություն չլինի։ Փորձում եմ բացատրել, որ իրենք առանձին անհատականություններ են»,- նշեց մայրիկը։

Հավատարիմ մնալով իր տեսակին` Մանոն դստերը նվիրելու համար թիթիզ, աղջկական պարագաներ է ընտրել։ «Ես Յանային հարցրեցի` ի՞նչ երազանք ունես, ի՞նչ ես ուզում քեզ նվիրենք, ասաց` ինչ ուզում ես, դա էլ կգնես։ Ես էլ գնեցի այն, ինչ  ուզում էի` շորիկներ, կոշիկ։ Այն, ինչ պետք է աղջկան։ Տիկնիկներով իրենք 5 րոպե են խաղում։ Երբ Յանան բացեց նվերները,  ասաց` չնայած ես ասել էի կգնես այն, ինչ ուզում ես, դու գնել ես այն, ինչ ինձ պետք է։)»,- ասաց Մանոն, ում հաջողվել է ուրախացնել դստերը։

Վերջերս որպես դերասանուհի ներկայացած Յանան նաև երազանք էր մտապահել, որի մասին ասել էր մայրիկին։ Աղջնակը նախապես հայտնել էր, որ շատ է ուզում տարեդարձի օրն առավոտյան արթնանալ ու ընտանիքի բոլոր անդամներին տեսնել իր կողքին. «Երբ արթնացավ, մենք տորթիկով, մոմերով իր մոտ կանգնած էինք։ Ասաց` մամա՜, իմ երազանքն իրականացավ»:

Պարուհի մայրիկը հավաքույթի համար հատուկ պար էր բեմադրել, որին մասնակցել են Էվան, Յանան և նրանց ընկերները։ Յանայի հյուրերի ցանկում են եղել Էվայի դասընկերները, քանի որ նա շատ է շփվում քույրիկի համադասարանցիների հետ։

Փոքրիկի տարեդարձի խնջույքին հայտնի հյուրերը քիչ էին, քանի որ Սարգիսն ու Մանոն որոշել էին ընտանեկան խնջույք անել։ «Նման տոները փորձում ենք ընտանեկան միջավայրում նշել, բարեկամների հետ  լինել, իսկ հայտնի մարդկանց հետ ամեն օր շփվում ենք»,- եզրափակեց նա։

life.tert.am