Աշխարհում ճարպակալումից տառապող երեխաների թիվը 1975 թվականի 11 միլիոնից 2016 թվականին աճել է մինչև 124 միլիոն, այսինքն ավելի քան տասն անգամ: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Լոնդոնի Կայսերական քոլեջի զեկուցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին:
Հետազոտության հեղինակները որպես «լավ նորություն» են նշում այն փաստը, որ «1975-ից մինչև 2016 թվականը հինգ և ավելի բարձր տարիքի երեխաների շրջանում թերսնումը նվազել է, իսկ առանձին տարածաշրջաններում դանդաղել է ճարպակալման աճը»: «Իսկ վատ նորությունն այն է, որ 20 և ավելի բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև 5-19 տարեկան երեխաների ու դեռահասների շրջանում ճարպակալման տարածվածությունն աճում է աշխարհի այլ տարածաշրջաններում»,-նշվում է զեկույցում:
Ընդգծվում է, որ «ճարպակալված աղջիկների թիվը 1975 թվականի 5 միլիոնից 2016 թվականին աճել է մինչև 50 միլիոն»: Ավելորդ քաշից տառապող տղաների թիվը նույնպես ավելացել է՝ 6 միլիոնից մինչև 74 միլիոն: Ինչ վերաբերում է մոլորակի չափահաս բնակչությանը, ապա, փորձագետների բերած տվյալների համաձայն, նրանց շրջանում նույնպես ավելացել է ճարպակալվածների թիվը:
Չորս տասնամյակում այն 100 միլիոնից հասել է 671 միլիոնի: 2016 թվականին ճարպակալման առավել բարձր մակարդակ է դիտվել Պոլինեզիայում և Միկրոնեզիայում (աղջիկների 25,4 տոկոսը և տղաների 22,4 տոկոսը):
Հաջորդ տեղերում անգլալեզու երկրներն են՝ բնակչության մեկ շնչին ընկնող բարձր եկամուտներով, ներառյալ ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան: Փորձագետներն ընդգծում են, որ, իրենց կանխատեսումների համաձայն, 2022 թվականին ճարպակալված երեխաների ու դեռահասների թիվն աշխարհում կգերազանցի թերսնումից տառապող իրենց հասակակիցների թվաքանակը: 2016 թվականին աշխարհում կային 75 մլն աղջիկներ և 117 մլն տղաներ իրենց տարիքի համար անբավարար քաշով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: