«Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը նոր թագ ունի. շքեղ թագը նրան ուղարկել են Ֆրանսիայից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Միսս Արմենիա» հհ-ի նախագահ Գոհար Հարությունյանը:
Ինչպես հայտնի է, «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթից հետո Artyom’s ոսկերչական ընկերությունը, որը պատրաստել էր թագը, հետ էր վերցրել այն՝ պատճառաբանելով, որ մրցույթի կազմակերպիչները բավարար կերպով չեն ապահովել իրենց գովազդը։
Նկատենք, որ Artyoms-ի գովազդը տեղադրված էր մրցույթի գովազդային մեծ վահանակներում, հրավիրատոմսերի, բուկլետների վրա։ Բացի այդ, նախքան շոուն թագը տեղադրված էր օպերայի մուտքի մոտ. ոսկերչական ընկերության լոգոտիպով պաստառի կողքին՝ գրավելով բոլոր հրավիրվածների ուշադրությունը։
Գոհար Հարությունյանը նշեց, որ ըստ պայմանավորվածության, ոսկերչական ընկերության անունը պիտի հնչեցվեր նաեւ բեմից՝ շոուի ժամանակ, սակայն սցենարական վրիպման պատճառով, նրանց անունը չէր հնչել, ինչն էլ զայրացրել էր ընկերության տնօրինությանը, ովքեր շոուի ավարտից անմիջապես հետո հետ էին պահանջել թագը՝ հանելով այն 17-ամյա գեղեցկուհու գլխից։ Թեպետ, շոուից անմիջապես հետո «Միսս Արմենիա»-ի կազմակերպիչները առաջարկել են վճարել թագի դիմաց, սակայն ոսկերչական ընկերության տնօրենը մերժել է այդ առաջարկը։
Միջադեպը լայն արձագանք ստացավ լրատվամիջոցներում : Artyom’s-ը հարցազրույցներ տվեց և մամուլի հաղորդագրություն տաչածեց` ըստ որի «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամն է ետ տվել թագը:
Ոսկերչական ընկերությունն ի վերջո առաջարկեց «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կազմկոմիտեին հրավիրել մամուլի ասուլիս և թագը պաշտոնապես հանձնել մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը որոշում կայացրեց մերժել այդ առաջարկը և ընդհանրապես հրաժարվել ընկերության թագից:
Թեպետ կազմակերպիչներն ընդունում են գովազդային պայմանավորվածությունը ոչ ամբողջապես կատարելու փաստը և առաջարկել են ընկերությանը շտկել իրավիճակը մի շարք հաղորդումներում մամուլում ոսկերչական ընկերության անունը հնչեցնելով, բայց ոսկերչական ընկերության պահվածքը շոուից հետո, թագը ետ վերցնելն ու այդ թեման մամուլում այդքան շահարկելը համարում եմ գործընկերներին ոչ հարիր պահվածք:
Գոհար Հարությունյանը նշեց, որ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամն այս ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից՝ գեղեցկուհուն թագով ապահովելու նպատակով։ Մասնավորապես, հիմնադրամին դիմել էին Լիբանանից ոսկերիչները՝ առաջարկելով առանց գովազդվելու թագ պատրաստել գեղեցկուհու համար։
Մրցույթի կազմակերպիչներին իր աջակցությունն էր հայտնել նաեւ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գեւորգյանը։
Գեղեցկուհուն թանկարժեք թագ են ուղարկել ֆրանսիացի հայ բարերարները, ովքեր չեն ցանկանում բարձրաձայնել իրենց անունը։
Լիլի Սարգսյանը կկրի հենց այս թագը։
Ինչ վերաբերում է հաջորդ տարիների թագին, ապա հայ հայտնի ոսկերիչ Նուռն առաջարկել է պատրաստել հայկական զարդանախշերով թանկարժեք թագ, որը լինելու է փոխանցովի։
Ի դեպ, հենց Նուռն է 23 տարի առաջ պատրաստել «Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթի թանկարժեք թագը, որը եւս փոխանցովի է։
Այպիսով Լիլի Սարգսյանը կրելու է ֆրանսիացի բարերարների ուղարկած թագը, իսկ հաջորդ տարվանից Նուռի կողմից պատրաստված գեղեցկության մրցույթի թանկարժեք թագը լինելու է փոխանցովի։