Ծնողներս վստահում են, բայց անհանգիստ են. Լիլի Սարգսյանն այսօր մեկնում է «Միսս Աշխարհ» մրցույթին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծնողներս վստահում են, բայց անհանգիստ են. Լիլի Սարգսյանն այսօր մեկնում է «Միսս Աշխարհ» մրցույթին

«Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանն այսօր մեկնելու է Չինաստան՝ մասնակցելու «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթին։

Մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին Սանյա քաղաքում, և բոլոր մասնակիցները շուրջ մեկ ամիս պատրաստվելու են եզրափակիչ ելույթին։

Wnews.amին տված հարցազրույցում Լիլին պատմել է, թե ինչով է զբաղված եղել «Միսս Արմենիա»-ի մրցույթից հետո և ինչպես է նախապատրաստվել «Միսս աշխարհ»-ին։

«Հաղթանակից հետո շատ քիչ ժամանակ ունեի «Միսս աշխարհ»-ին նախապատրաստվելու համար, ուստի այս օրերին շատ զբաղված էի. աշխատել եմ քայլվածքիս վրա, ընդամենը երկու օրում սովորել եմ հայկական պար, որն այնտեղ պետք է ներկայացնեմ։

«Յար քո բարակ բոյին մեռնեմ» երգի ներքո մարմնավորելու եմ գեղեցիկ հայուհու, ում սիրահարվել է երիտասարդ մի տղա»,- պատմեց Լիլին։

Մեր գեղեցկուհին իր հետ «Միսս աշխարհ» է տանելու հայկական հուշանվեր և Հայաստանի մասին պատմող գիրք։

«Որպես հուշանվեր ընտրեցինք հայկական դուդուկը»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է «Միսս աշխարհ»-ի մասնակիցների dress code-ին, ապա մրցույթից իրենց պահանջներն են ներկայացրել։

«Պետք է բոլոր մասնակիցներն իրենց հետ ունենան մի քանի երեկոյան, կոկտելային զգեստներ, սպորտային հագուստներ, ինչպես նաև տարազ։ Իմ երեկոյան զգեստի և տարազի հեղինակը Գևորգ Շադոյանն է»,- ասաց Լիլին։

Մեկ ամսվա ընթացքում մասնակիցները փորձեր են անելու, բեմադրելու են խորեոգրաֆիան, ինչպես նաև այցելելու են տեսարժան վայրեր։

Ի դեպ, Լիլին առաջին անգամ է երկրից դուրս գալու.

«Անհանգստությունս քիչ է, ծնողներս ինձ վստահում են, գիտեն, որ ամեն ինչ ճիշտ կանեմ, բայց անհանգիստ են, որ մենակ եմ լինելու»,- նշեց գեղեցկուհին։

Wnews.am-ը պարբերաբար կներկայացնի, թե ինչպես է անցնում Լիլի Սարգսյանի առօրյան «Միսս աշխարհ»-ում։

Լուսանկարները՝ Հրաչյա Ոսկանյանի

Վարսահարդարումը՝ Հրաչ Սարգսյանի

Զգեստը՝ Goar Dalian