Հետազոտողները մշակել են հղիությունը որոշող «խելացի» ապարանջան
Advertisement 1000 x 90

Հետազոտողները մշակել են հղիությունը որոշող «խելացի» ապարանջան

Շվեյցարացի գիտնականները մշակել են խելացի ապարանջան, որը ոչ միայն կարողանում է որոշել ձվազատման ժամանակաշրջանը, այլև վայրկենապես ազդարարում է հղիության մասին։ Այն բացահայտում է ամենափոքր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում կանանց օրգանիզմում բեղմնավորումից ընդամենը մեկ շաբաթ հետո ու այդ մասին տեղեկացնում ապարանջանի տիրուհուն, գրում է Gadgets Now ամսագիրը։

Ava Bracelet ապարանջանի փորձարկումների առաջին փուլին մասնակցել է 300 կին։ Նոր սարքի օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 1000 դաշտանային ցիկլ ու 100 հղիություն։ Տվյալների հավաքման համար ապարանջանը գործածել է ալգորիթմ, որը բարձր ճշգրտությամբ մտապահում է տվյալ կնոջ անհատական բոլոր ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Պարզվել է, որ պրոգեստերոնի ու էստրոգենի արտադրման հետ կապակցված հորմոնալ փոփոխությունների պատճառով, մաշկի ջերմաստիճանը բարձրանում է 0,2 °C-ով, իսկ սրտի բաբախյունը հաճախանում է րոպեում 2․1 հարվածով։

«Ճշգրտությունը, որով սարքը որոշում է հղիությունը, համեմատելի է ամենազգայուն թեստերի արդյունքի հետ, որոնք հղիությունը պարզում են մեզի մեջ քրորիոնիկ գոնադոտրոպինի պարունակությամբ»,- պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Մոհանեդ Շիլայխը։

Իսկ արդեն հղիության ժամանակ Ava Bracelet-ը շարունակում է հետևել ապագա մայրիկի առողջությանը, նախազգուշացնելով լուրջ բարդացումների՝ օրինակ պրեէկլամպսիայի մասին, որի դեպքում բժիշկները կարող են վճռել վաղաժամ ծննդաբերություն խթանել։ Եթե այդ տեխնոլոգիան հասանելի ու մատչելի լինի՝ այն կարող է ամբողջովին դուրս մղել հղիության սովորական թեստերը։

med.news.am