Ուրախների ու հնարամիտների ակումբի միջազգային օրը 2001 թվականից սկսած ամեն տարի նշում են նոյեմբերի 8-ին: Տոնի գաղափարը ՈՒՀԱ-ի միջազգային ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլիկովինն է:
Օրն ընտրվել է այն պատճառով, որ 1961 թվականի նոյեմբերի 8-ին եթեր է հեռարձակվել ՈՒՀԱ-ի առաջին հաղորդումը: ՈւՀԱ-ի նախատիպը լրագրող Սերգեյ Մուրադովի կազմակերպած «Ուրախ հարցերի երեկո» հաղորդումն էր, որն էլ ստեղծվել էր չեխական «Գուշակի՛ր, գուշակի՛ր, գուշակ» հաղորդման նմանությամբ:
ՈՒՀԱ-ի գործընթացներում ժամանակին իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի հավաքականները, ովքեր հաջողությամբ հանդես են եկել՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ:
2013 թվականին լրացել է Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20-ամյակը, որի շրջանակում կազմակերպված համերգին հանդես եկան 1993-2002 թվականների Ուրախների և հնարամիտների ակումբի հայկական լավագույն թիմերը, այդ թվում՝ ԵրՄԻ-ն, «Նոր հայեր»-ը և «Հայկական նախագիծ»-ը:
Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիան հիմնադրվել է 1993 թ. Երևանի բժշկական ինստիտուտի թիմի անդամների նախաձեռնությամբ:
Ասոցիացիայի նախագահը համահիմնադիր Կարեն Ղազարյանն է: